ԻՆՉՊԵՍ Է ԱՂԱՎՆԻՆ ԴԱՐՁԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Վերջերս հաճախ են հանդիպում բացիկներ, արձանիկներ, հուշանվերներ` աղավնու պատկերներով, ինչը մեր գիտակցության մեջ ընկալվում է որպես խաղաղության, անմեղության, մաքրության խորհրդանիշ:
Որտեղից է ծագել եւ ինչպես է աղավնին դարձել խաղաղության սիմվոլ:
Այդ պատմությունը կապված է հին ու գեղեցիկ մի ավանդազրույցի հետ, եւ շատ կցանկանայի, որ այդ մասին բոլորն իմանային:
Ավանդապատումը պատմում է, որ հունական դիցարանի ռազմի եւ քաջության աստված Մարսը պատրաստվում էր հերթական պատերազմին:
Երբ ամեն ինչ պատրաստ էր, ու զորքն էլ սպասում էր Մարսի հրամանին, մարտից առաջ կատարվում է անսպասելին. Մարսը հրաժարվում է արձակել պատերազմն սկսելու հրամանը: Ինչ-որ անսովոր բան էր տեղի ունեցել, որը ռազմի աստծուն ետ էր պահել իր որոշումից:
Երբ Մարսը պատրաստվել էր հագնել իր երկաթյա զրահազգեստը, նրա մեջ նկատել էր աղավնու բույն եւ նորածին ձագուկներ: Մարսի կինն աղերսել է, որ նա չքանդի աղավնու բույնը եւ չվնասի նրա ձագերին, որովհետեւ բույն քանդելը մեղք է: «Դադարեցրու պատերազմները,-ասել է կինը,-թող ոչ մի բույն չքանդվի եւ ոչ մի օջախի ծուխ չմարի»:
Մարսը լսել է կնոջ անկեղծ թախանձանքը, դա համարել բարի ու ճիշտ խորհուրդ եւ հաշտության ու զինադադարի  դաշնագիր ուղարկել հակառակորդին:
Երբ թշնամին պարզել է, թե ինչի համար է Մարսը հրաժարվել պատերազմից, աղավնիներ է բաց թողել երկինք` ի նշան համաձայնության:
Այդ օրվանից, որպես խաղաղության խորհրդանիշ եւ հաշտության նշան, աղավնիներ են ճախրում երկնքում:
Իսկ որպես բարեկամության եւ միության խորհրդանիշ,  զույգ աղավնի են  պահում  նորահարսն ու նորափեսան:
Թող հավերժորեն Նոյյան տապանից ձիթենու ճյուղով կյանքի ավետիս պարգեւող ու խաղաղություն բերող թռչունը ճախրի երկնքում:

Խոնարհ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

7,119 դիտում

Մեկ Արձագանքման ԻՆՉՊԵՍ Է ԱՂԱՎՆԻՆ ԴԱՐՁԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ համար

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *