ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Անի Աբրահամյանը 20 տարեկան է: Սիրում է ստեղծագործել: Նրա ստեղծագործությունների թեմաները բազմաբնույթ են: Անին կարդալ և գրել սովորել է ինքնուրույն, քանի որ երբևէ դպրոց չի հաճախել: Իսկ դպրոց չի հաճախել, որովհետև… մանկական ուղեղային կաթվածի հետևանքով քայլել չի կարողանում: Նա տիրապետում է նաև ռուսերեն լեզվին, սիրում է դիտել հայերեն և ռուսերեն լեզվով հեռարձակվող տարբեր հեռուստահաղորդումներ: Անին հոգու խորքում մի երազանք ունի.«Երազում եմ դառնալ բժշկուհի, որպեսզի բուժեմ հաշմանդամություն ունեցող երեխաներին»: «Ես  անչափ սիրում եմ շփվել մարդկանց, հատկապես` երեխաների հետ»,-ավելացնում է նա: Եվ իսկապես. ծանոթանալով Անիի հետ` ես նրա մեջ բացահայտեցի բարությամբ, անմիջականությամբ, հետաքրքրասիրությամբ լեցուն մի հարուստ և ուրույն հոգևոր աշխարհ: Հոդվածս պատրաստելիս անընդհատ աչքիս առաջ նրա ժպիտն էր` բարեհամբույր և համեստ: Անին ունի իրենից փոքր 3 քույր և 2 եղբայր: Նրա սիրած կենդանին շունն է, սիրած ծաղիկը` վարդը, սիրած եղանակը` ամառը, սիրած գույնը` կարմիրը (Անին, պայծառ հոգու տեր լինելով, ընդհանրապես շատ է սիրում վառ գույներ): Անին մասնակցել է հոկտեմբերի 12-ին և նոյեմբերի 2-ին Սիսիանում կայացած ՏԻՄ ընտրությունների 2 փուլերին, քանի որ դա համարում է իր իրավունքն ու պարտականությունը:

Այսօր աշխարհում կա մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մոտ կես միլիարդ մարդ: Նրանք հաճախ սահմանափակված են ինչպես ֆիզիակապես, այնպես էլ` սոցիալական արգելքներով, որոնք դուրս են մղում նրանց հասարակությունից և հնարավորություն չեն տալիս ակտիվորեն մասնակցել իրենց երկրի զարգացմանը: Հաշմանդամների մոտ  80 տոկոսն  ապրում է զարգացող երկրներում: Այս ներուժի բանալին մարդկանց մտածելակերպում է. վիճակը փոխելու համար անհրաժեշտ է կրթել հասարակությանը և սերմանել հարգանք բոլոր մարդկանց իրավունքների հանդեպ:
Հայաստանում ևս ապրում են հաշմանդամներ, որոնք դարձել են նշանավոր պետական և հասարակական գործիչներ, երգիչներ և կոմպոզիտորներ, գրողներ և գյուտարարներ… Գործում են տարբեր ստեղծագործական կոլեկտիվներ, ինչպես հաշմանդամների, այնպես էլ` ինտեգրացված: Մասնավորապես ցանկանում եմ նշել խուլերի մնջախաղի «Օվասիս» թատրոն-ստուդիան, ողնուղեղային վնասվածք ունեցող մարդկանց «Փարոս» կամերային երգչախումբը (աշխարհում միակ երգչախումբը` անվասայլակների վրա), ժողովրդական գործիքների համույթները:
Հաշմանդամն  ապրում է խորը հոգեբանական ցնցում: Շատերին թվում է, որ ամեն ինչ սրանով վերջանում է, և այլևս հնարավոր չէ ապրել ակտիվ, լիարժեք կյանքով:
Կյանքում իր տեղը գտնելու համար հաշմանդամին հարկավոր է միայն ցուցաբերել կամքի ուժ:
Իսկ հասարակությունը պարտավոր է աջակցել նման մարդկանց` ստեղծելով նրանց գործունեության և ակտիվ կյանքով ապրելու համար անհրաժեշտ նպաստավոր պայմաններ: Թերևս այդպիսի պայմաններից կարևորագույնը շրջակա միջավայրի մատչելիության ապահովումն է: Անհրաժեշտ է նաև փոխել հաշմանդամների նկատմամբ գոյություն ունեցող թյուր ըմբռնումները և կարծրատիպերը, նրանց վերաբերվել հարգանքով` որդեգրելով իրավահավասարության և արժանապատվության սկզբունքը:
Բժշկուհի Արմենուհի Դովլաթյանն ասում է. «Հաշմանդամ մարդն ունի վերականգնողական ներուժ` բժշկական, մասնագիտական և սոցիալ-հոգեբանական: Ձեռքբերովի հաշմանդամություն ունեցող մարդը նույնպես կարող է վերադառնալ նախկին վիճակին,- և ավելացնում է,- երբեք չպետք է օգտագործել հաշմանդամ մարդուն վիրավորող բառեր»: Ա. Դովլաթյանի կարծիքով հաշմանդամերի ինտեգրացիայի համար պետք է համախմբել այդ հարցում իրավասու և  պատասխանատու ու շահագրգիռ  բոլոր մարդկանց:
Ըստ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը համաձայն ընդունված պարտավորությունների, պետությունները պետք է ընդունեն հասարակության կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ստեղծման ընթացքում մատչելիության ապահովման կարևորությունը: Ինչ վերաբերում է հաշմանդամության տարբեր ձևեր ունեցող անձանց, ապա պետությունները  պետք է իրականացնեն գործողությունների այնպիսի ծրագրեր, որ նյութական շրջապատը մատչելի դառնա հաշմանդամների համար, և միջոցներ ձեռնարկեն, որ տեղեկատվությունը և հաղորդակցության միջոցները մատչելի լինեն հաշմանդամներին:
Պրակտիկ հոգեբան Աննա Բադալյանն ասում է. «Ինտեգրմանը կարող են վնասել որոշակի միջադեպերը: Օրինակ` մարդը երկար տարիներ լիարժեք ապրելուց հետո դառնում է հաշմանդամ, կտրվում է հասարակությունից: Պետք է նպաստել, որ նա ինտեգրվի հասարակությանը»: Ա. Բադալյանն իր պրակտիկ աշխատանքում հանդիպել է դեպքերի, երբ ինքը նպաստել է մարդկանց ինտեգրմանը. «Նրանք տարբեր տարիքի, սոցիալական տարբեր կարգավիճակի անձինք էին, որոնց պետք էր որոշակի հոգեբանական աջակցություն, որպեսզի ինտեգրվեին հասարակությանը: Իհարկե, այդ աշխատանքներում եղել են որոշակի դժվարություններ, որոնց հաղթահարման համար կարևոր դեր են խաղացել հենց այդ անձինք: Սկզբից իրենք իրենց մեջ պետք է լուծեն այդ դժվարությունները` մտածելով. «Իմ նպատակին հասնելու ամենամեծ խոչընդոտը ես կրում եմ իմ մեջ»: Ա. Բադալյանը նաև հիմնավորում է, որ կան տերմիններ և բառեր, որոնք վանում են մարդկանց հասարակությունից` խոչընդոտելով նրանց ինտեգրմանը. «Յուրաքանչյուր անհիմն ասված խոսք, հավակնոտ դիրքորոշում  կարող է պատճառ դառնալ վանելու անձին հասարակությունից, եթե տվյալ անձը հոգեբանորեն կայուն չէ: Տարիքն այս պարագայում էական չէ: Անձի մեկուսացումը հասարակությունից կախված է նրա հոգեվիճակից, ստացած հոգեբանական խեղումից կամ տագնապներից»: Երբ Ա. Բադալյանին հարցրեցի, թե արդյոք հնարավո՞ր է իրականացնել ինտեգրացիա Հայաստանում, նա պատասխանեց. «Եթե ապահովեն սոցիալ – հոգեբանական պայմանները, իրականացնեն սոցիալ-հոգեբանական միջոցառումներ, ապա ինտեգրացիան հնարավոր է ոչ միայն Հայաստանում, այլև` ցանկացած հասարակության մեջ»:
Հաշմանդամության վերաբերյալ գոյություն ունեցող սոցիալական մոտեցման շրջանակներում հաշմանդամությունը դիտարկվում է նախևառաջ որպես միջավայրի անմատչելիության, հաշմանդամ մարդկանց կարիքներին հարմարեցված չլինելու հիմնախնդիր: Մեծ թվով հաշմանդամ մարդիկ չեն կարող օգտվել հասարակական տրանսպորտից միայն այն պատճառով, որ այն հարմարեցված չէ նրանց համար: Քչերի մտքով է անցնում, որ, ասենք, ավտոբուսը, խանութի մուտքը, կամ շենքերը անհրաժեշտ է հարմարեցնել նրանց համար, ովքեր տեղաշարժվում են այլ կերպ, քան` մարդկանց մեծ մասը: Հատուկ սարքերը (օրինակ` լսողական) նույնպես նպաստում են միջավայրի մատչելիությանը:
Սոցիալական մոտեցման կիրառումը կհանգեցնի հաշմանդամ մարդկանց հնարավորությունների հավասարեցմանը մյուս բոլոր մարդկանց հետ և նրանց համար ճանապարհ կբացի դեպի լիարժեք կյանք: Նման մոտեցումը շահեկան է ոչ միայն հաշմանդամ մարդկանց, այլև` հասարակության այլ խմբերի համար, օրինակ` թեքահարթակները հարմար են նաև տարեց մարդկանց կամ մանկասայլակով մայրերի համար:
Հաշմանդամ մարդիկ նույնպես շատ զգայուն են իրենց բնութագրող բառերի նկատմամբ: Այն երկրներում, որտեղ հավասար հնարավորությունների համար շարժումը դարձել է առավել ակտիվ, գործածության մեջ են մտնում բնորոշումներ ու հասկացություններ, որոնք չեն հարուցում խղճահարություն կամ այլ բացասական զուգորդություններ:
Ցանկանում եմ նաև նշել հաշմանդամների «Փարոս» ՀԿ-ի նախագահ Սուրեն Օհանյանի խոսքը. «Չպետք է սկզբից մարդուն վանել հասարակությունից, իսկ հետո  ուշացումով փորձեր անել նրան վերադարձնելու…»:
Վերջում ավելացնեմ, որ Եվրոմիության կազմի մեջ գտնվող, քաղաքացիական հասարակության կայացմանը ձգտող  տարածաշրջանում և 21-րդ դարում ապրող յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է քաջատեղյակ լինել հաշմանդամների հիմնախնդիրներին ու նրանց հետ շփման կանոններին և հաշմանդամ մարդուն ընկալել որպես հասարակության լիիրավ անդամ:

Դիանա ԲԱԽՇՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *