ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒՂԻ՝ ՍԻՍԻԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ՎԱՅԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երբ դպրոցն ավարտելուց հետո քո առջեւ ծառանում է որեւէ մասնագիտություն ընտրելու հարցը, բնականաբար մտածում ես այնպիսի մասնագիտությունների մասին, որոնք պիտի հոգեհարազատ լինեն, աղջիկների պարագայում՝ նաեւ՝ հարմար, վայելուչ:

Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցն ավարտելուց հետո կրթությունս շարունակելու համար երկար մտորելու կարիք չեմ ունեցել, քանի որ ապագա մասնագիտությունս ընտրելու հնարավորություն արդեն կար, ինչն ընձեռում էր Սիսիանի պետական քոլեջը: Մասնագիտություն ստանալու որոշումս կայացրել էի դեռեւս դպրոցում սովորելիս՝ ընտրելով «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում եւ զբոսաշրջության համակարգում» մասնագիտությունը:

Արդեն երրորդ կուրսի ուսանող եմ, եւ ավելի ու ավելի եմ համոզվում իմ ընտրած մասնագիտության հոգեհարազատության, արդիական եւ հեռանկարային լինելու մեջ: Իսկ երբ հանրակրթական առարկաներին զուգահեռ սկսեցինք սովորել նաեւ մասնագիտական առարկաները, ավելի մեծացավ մասնագիտության նկատմամբ իմ հետաքրքրությունը: Մասնագիտական պրակտիկաներ ենք անցել «Բասեն» հյուրանոցային համալիրում, տպավորվել եմ հյուրեր ընդունելու, հաշվառելու, ամրագրելու, տեղավորելու գործընթացից: Մարդկանց հետ շփումը շատ կարեւոր հանգամանք է: Իսկ օտարերկրացիների պարագայում՝ նաեւ կրկինակի պատասխանատու, քանի որ, ինչպես ասում են, առաջին տպավորությամբ կարելի է ամեն ինչ կամ՝ փչացնել, կամ՝ հիացնել: Նախընտրելի է, իհարկե, երկրոդ տարբերակը, քանի որ դրանով նաեւ քաղաք, ժողովուրդ եւ մշակույթ ես ներկայացնում:

Մասնագիտությունը, որ սովորում եմ Սիսիանի պետական քոլեջում, շատ ժամանակակից է: Իսկ քանի որ Հայաստանն էլ մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջության առումով, եւ տարեց տարի ավելանում է զբոսաշրջիկների թիվը, ավելանում են սպասարկման կազմակերպությունները, հյուրանոցները, ուստի այս ոլորտում աշխատանք գտնելու հավանականությունն է մեծանում: Միաժամանակ, կարծում եմ, աղջիկների համար շատ լավ, գեղեցիկ, հրապուրիչ, հարմար մասնագիտություն է…
Լուսինե ՄԿՐՏՉՅԱՆ, 3-րդ կուրսի ուսանողուհի

ԱՐՀԵՍՏՆ Է ՄԱՐԴՈՒՆ ՈՍԿԵ ԲԻԼԱԶՈՒԿ

DSC01234Մեծերից հաճախ եմ լսել՝ արհեստավորը մինչեւ կեսօր է սոված մնում, բայց, անկեղծ ասած, իմաստն այնքան էլ խորությամբ չեմ ընկալել: Իսկ երբ տեսել եմ իմ հորեղբայր Էդիկի կատարած աշխատանքը, երբ որեւէ տեղ հավանել եմ որեւէ շինարար-վարպետի ձեռքի բարձրորակ գործը, մտածել եմ՝ տեսնես՝ ե՞ս էլ կարող եմ այդպես աշխատել, ե՞ս էլ կարող եմ այդպես հարդարել, երեսպատել, գեղեցկացնել շինությունը: Հետո, երբ դարձա Սիսիանի պետական քոլեջի նորաբաց՝ «Հարդարման-շինարարական աշխատանքների իրականացում» բաժնի ուսանող, կասկածներս ու տարակուսանքներս լիովին փարատվեցին, դարձա ինքնավստահ, ակտիվ սովորող, հետաքրքրասեր: Ամբողջությամբ խորամուխ եղա ընտրածս մասնագիտության գաղտնիքների բացահայտման մեջ եւ հիմա այն համոզմանն եմ, որ ոչ թե արհեստավորն է գործ փնտրում, այլ՝ լավ գործն է լավ արհեստավորին գտնում…

Սիսիանի պետական քոլեջի «Հարդարման-շինարարական աշխատանքների իրականացում» բաժնի առաջին ուսանողներից եմ: Ընտրել եմ երեսպատողի, սալիկապատողի մասնագիտացումը ոչ միայն նրա համար, որ այն շատ արդիական ու պահանջված է, այլեւ մեծ հեռանկար ունի: Բայց լավ մասնագետ դառնալը քիչ է, լավ արհեստավոր դառնալը դեռ բավարար չէ: Ես պիտի այնպիսի արհեստավոր դառնամ, որ արածս գործը հիշեն:

Հայերը սիրում են կառուցել, կառուցել՝ գեղեցիկ, ճաշակով ու մնայուն: Ժամանակից առաջ չընկնեմ, բայց պիտի հասնեմ նրան, որ «ձեռս մնա հիշատակող…»:

Ուսումնական տարին ավարտվում է: Այն ավարտվում է նաեւ հանրակրթական դպրոցներում: Այն տղաները, ովքեր դեռեւս չեն կողմնորոշվել որեւէ մասնագիտություն ընտրելու մեջ, իմ փորձից ելնելով, հորդորում եմ դիմել Սիսիանի պետական քոլեջ, սովորել երեսպատողի, սալիկապատողի մասնագիտություն: Այստեղ բոլոր հնարավորությունները կան լավ մասնագետ, բարձրորակ արհեստավոր դառնալու համար: Իսկ տղամարդը պիտի այնպիսի մասնագիտություն ընտրի, որ նաեւ տուն ու ընտանիք պահի…
Նարեկ ԵԼՈՒՂՅԱՆ
Պետական քոլեջի 1-ին կուրսի ուսանող
22.05.2015

 

 

Մեկ Արձագանքման ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒՂԻ՝ ՍԻՍԻԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ համար

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *