ԻՆՔՆԱՏԻՊ ՆՎԵՐ` ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻՆ

Բռնակոթի դպրոցի տարիքը 130-նն անց է: Ու դարանցիկ այդ կենսագրությունը հարուստ է ոչ միայն տարիքի բեռով, այլեւ, առավելապես, այն հնչեղ անուններով, որոնք պատիվն ու հպարտությունն են ոչ միայն դպրոցի, Բռնակոթ գյուղի, այլեւ` հայ մտքի, հայ իրականության: Հենց միայն Նիկողայոս Ադոնցի անունն արդեն, ինչպես պատկերավոր հնչեցնում են ամենուր, ճակատագրի շքեղ պարգեւ է:
Այս ավանդույթներն ու արժեքներն ունեցող դպրոցին այսօր դժվար թե զարմացնես, երախտագիտության խոսքեր դժվար թե կորզես նրանից, դժվար արժանանաս նրա շնորհակալությանն ու գովեստին, նրա տարեգրության ու կենսագրության մեջ մտնել-մնալու «փորձությանը»: Բայց այդօրինակ «փորձություններ» մեր ժամանակներում նույնպես «հաղթահարվում են», ու հաղթահարվում են միայն անհուն նվիրումով, վաստակով:

Վկայությունը` Բռնակոթի միջնակարգ դպրոցում այս տարի կազմակերպված ուսուցչի տոնն էր, որն առանձնահատուկ նշվեց, ու կմնա հիշարժան:
Որպես տոն` այն ինքնին գեղեցիկ էր, որպես ուսուցչի վաստակի եւ կոչումի գնահատում, այն արդեն պետական տոնացույցում կարմիրով է վավերացված, որպես հանդիսություն, յուրհատուկ էր կրկնակի տոնին վայել հանդիսավորությամբ:
Տոնն ուսուցչինն էր, ու տոնը դպրոցինն էր, տոնը բոլորինն էր, ովքեր ուսուցչի օրվա հանդիսությանը մասնակցելուն զուգահեռ պիտի ականատեսն ու մասնակիցը դառնային դպրոցին մի յուրահատուկ  նվերի «հանձնմանը»` էլեկտրոնային ուսուցման կաբինետի բացմանը: Ինքնատիպ այդ նվերը, ի հիշատակ եւ ի մեծարումն իր վաստակաշատ մանկավարժ ծնողների, դպրոցին նվիրել էր Գառնիկ Հովակիմյանը:
Մանկավարժ ծնողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու` դպրոցին նաեւ այս կերպ օգտակար լինելու եղանակը որքան որ անձնական վերաբերմունք էր ծնողի եւ ուսուցչի հանդեպ, նույնքան` անանձնական, որքան որ մասնավոր էր, նույնքան` հանրային, որքան որ խորհրդանշական էր, նույնքան` իրական, ամենօրյա կիրառման, օգտագործման` դպրոցին ու աշակերտին օգտակար ու պիտանի լինելու իր բնույթով ու գործածությամբ:
Թեեւ էլեկտրոնային ուսուցման կաբինետը կոչվում է Իշխան Հովակիմյանի եւ Կանյակ Իսկանդարյանի անունով, այն հավերժական մեծարում2011_98ի, խնկարկումի ու խոնարհումի տուրք է առ ուսուցիչը, մանկավարժը, առ ծնողը, դպրոցն ու դպրությունը, առ կրթությունն ու գիտելիքը, ինչի հարգն այնպես կարող է իմանալ մասնավորաբար մանկավարժի ընտանիքում ծնված-մեծացած, այդ արժեքներով ապրած ու դաստիարակված եւ այդ որակներով կյանքում կայացած մարդը: Միաժամանակ` որպես դպրոցի երախտապարտ շրջանավարտ, որպես մանկավարժի զավակ, էլեկտրոնային ուսուցման կաբինետը հարազատ դպրոցին նվիրելը Գառնիկ Հովակիմյանը համարեց դպրոցի` իրեն տվածի հատուցում եւ «պարտքի» մասնակի վերադարձ, քանի որ կյանքում քիչ թե շատ կայացած ցանկացած ոք նաեւ իր դպրոցի արդյունքն է:
Բռնակոթի դպրոցը երախտիքի ու շնորհակալության խոսքերով ընդունեց այս բացառիկ նվերը: Իրենց շնորհակալական  խոսքերում դպրոցի տնօրեն Գագիկ Բալասանյանը, դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն Ռոզա Դավթյանը, վաստակաշատ ուսուցիչներ Էմմա Սաֆյանը, Հոկտիկ Գրիգորյանը, նախկին տնօրեն Բենիկ Հակոբյանը, դպրոցի սան Նվարդ Գրիգորյանը, համայնքի ղեկավար Ատոմ Առաքելյանը, մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը, խոսելով դպրոցի բոլոր ժամանակների լավագույն ուսուցիչների, շրջանավարտների, Բռնակոթի դպրոցի` հայ իրականության մեջ ունեցած տեղի ու դերի մասին, մասնավորաբար խոսեցին դպրոցի պատմության եւ աշխարհագրության ուսուցիչներ, դպրոցի լուսահոգի տնօրեն Իշխան Հովակիմյանի եւ Կանյակ Իսկանդարյանի թողած ավանդի, տված դաստիարակության մասին, ինչի արդյունքը համարեցին նաեւ դպրոցին այսպես օգտակար լինելու իրողությունը` ակնկալելով, որ գեղեցիկ նախադեպը վարակիչ ու օրինակելի կդառնա:
«Էլեկտրոնային ուսուցման կաբինետը հագեցած է նորագույն սարքավորումներով, ինտերակտիվ գրատախտակով, լիովին վերանորոգված է ու կահավորված: Իր տեսակով այն եզակիներից է Սյունիքի մարզի դպրոցների մեջ: Այս կաբինետը լավագույն պարգեւն է, որ ստանում է Բռնակոթի դպրոցը ուսուցչի օրվա կապակցությամբ: Գերժամանակակից սարքավորումները հնարավորություն կտան թե՛ աշակերտին, թե՛ ուսուցչին ավելի արդյունավետ ու բազմաբովանդակ իրականացնել դասապրոցեսը»,- իր ելույթում նշեց դպրոցի տնօրեն Գ. Բալասանյանը, հավելելով, որ այն խորհրդանշում է սերունդների փոխկապակցվածությունը, շարունակականությունը, որդիական սիրո եւ գորովանքի խորախորհուրդ գաղափարը:
Ուսուցիչներին եւ հանդիսությանը ներկա հյուրերին  գեղեցիկ կատարումներով հաճելի ակնթարթներ պարգեւեցին դպրոցի երգչախումբը,  էլեկտրոնային ուսուցման կաբինետի` արդեն իրենց աշխատանքի մեջ հմտացած աշխատակիցները:
Էլեկտրոնային ուսուցման կաբինետի բացման ժապավենը կտրելու պատիվը տրվեց Հովակիմյանների ավագ դուստր, վաստակաշատ ուսուցչուհի Ադելա Հովակիմյանին եւ դպրոցի տնօրեն Գագիկ Բալասանյանին: Կաբինետում անցկացված առաջին դասը նվիրվեց Իշխան Հովակիմյանին եւ Կանյակ Իսկանդարյանին: Առաջին դասի առաջին ունկնդիրները դարձան նրանց նախկին շրջանավարտները, դպրոցի ուսուցիչները:
Ուսո2011_99ւցչի տոնին համահունչ` փառքով հիշվեց մանկավարժի հիշատակը ու պատվով հավերժացվեց: Բայց հիշատակներով չէ միայն, որ կյանքը գեղեցիկ է, դպրոցը` իմաստավոր: Իր հասցեին ասված շնորհակալական խոսքերին ի պատասխան` Գառնիկ Հովակիմյանը մասնավորաբար շեշտեց, որ թեեւ հաճելի է գովեստի ու շնորհակալության խոսքեր լսելը, բայց, թերեւս, սա այն դեպքը չէ, որովհետեւ դպրոցին այս կերպ օգտակար լինելը, մանկավարժ ծնողների հիշատակն այս կերպ հավերժացնելը իր պարտքն է թե՛ որպես այդ դպրոցի շրջանավարտ, թե՛ որպես մանկավարժ ծնողների զավակ: Նա, կարեւորելով հանրային ընկալման եւ գիտակցության մեջ դպրոցի դերի` հանիրավի նվազած վերաբերմունքի բարձրացումը, նրանով պայմանավորեց նաեւ հանրային ու համայնքային զարգացումը` ասելով. «Կունենանք լավ դպրոց, կունենանք հզոր համայնք»: Պատեհ առիթն օգտագործելով` ներկաներին եւ դպրոցի կոլեկտիվին  ուրախանալու մեկ առիթ եւս ընձեռեց` հաղորդելով մոտ ժամանակներս Բռնակոթի դպրոցը Սոցներդրումների հիմնադրամով ամբողջությամբ հիմնանորոգելու խանդավառ լուրը, ինչն ընդունվեց ծափողջույններով: «Ուսուցիչն արժանի է աշխատելու  բարենորոգ դպրոցում: Ուսուցիչը արժանապատիվ աշխատավարձ պիտի ստանա, իսկ որտեղ որ պետությունը չի հասցնում, պարտավոր ենք պակասը մենք լրացնել»,- ասաց նա, նշելով, որ շուտով հիմնական տրանսպորտային միջոցով կապահովի նաեւ Բռնակոթի երթեւեկող ուսուցիչներին:
Դպրոցի, ուսուցչի նկատմամբ այս վերաբերմունքը ոչ միայն հանրային ուշադրության հրավեր է դեպի դպրոցը, այլեւ` մտավորական մարդու վերաբերմունք դեպի մտավոր ներուժի զարգացումը: «Բռնակոթի դպրոցը պիտի վերականգնի իր երբեմնի փառքը»,-ասաց Գառնիկ Հովակիմյանը:
«Եթե ունենայի գեթ մեկ ոսկի, այն կնվիրաբերեի դպրոցաշինությանը»,- ասել է հայ զենքի, մտքի, գաղափարի, ոգու տիրակալ Գարեգին Նժդեհը` համոզված, որ զենքի, մտքի, ոգու, գաղափարի դարբնոց-բագարանը դպրոցն է:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *