ԻՆՔՆ ԻՐ ՀՈՒՅՍԻ ՄԵՋ ԾՎԱՐԱԾ ՍԻՍԻԱՆՍ…

Ավարտվում է տարին: Մեզ համար էլ: Երբ ուզում էինք փակել տարեվերջյան մեր համարի վերջին էջը, վերջին ասելիքը վերապահեցինք մեզ: Նոր բան չենք ասի, նորություն չենք ասի: Այն, ինչ արել ենք, քո ցավից էր, քո սիրուց: Եվ հիմա էլ ոչինչ չունենք քեզ տալու, բացի՝ սիրուց` անասելի, անասելի…Քեզանից էլ ոչինչ չենք սեփականաշնորհել, բացի՝ քո ցավից: Հարկ է, սակայն, որ երախտապարտի խոնարհումով խոստովանենք, որ մենք ապրել են՝ իրար ապրեցնելով: Մեր գոյությունն արդարացվել է՝ քեզ պիտանի, օգտակար լինելով, եւ դու դարձել ես մեր ցավի եւ սիրո մենատերը: Լավ է ստացվել, վատ է ստացվել, չի ստացվել, չենք կարող ասել: Բայց ամեն օր, ամեն պահ մեր թիկունքին քո շնչառությունն էր, քո՝ գուցե վերջին հույսատեղը: Մեկն ուրախացել է, մեկը՝ տխրել, մեկը՝ հուսավառվել, մեկը՝ նենգոտվել, մեկը՝ շրջանցել, մեկը՝ «արհամարհել», մեկը՝ խանդել, բայց վստահ գիտենք, որ անտարբեր չեն եղել, ու, ամենից առաջ եւ ամենից հետո, սպասվել ենք… Դա մեր գնահատականն է: Ու քանի դեռ թեկուզ մեկ սիսիանցի սպասել-սպասում է մեզ, քանի դեռ մեկ մարդ հավատացել-հավատում է մեր խոսքին, քանի դեռ ինքն իր հույսի մեջ ծվարած Սիսիանս իր արտացոլանքը գտել ու գտնում է մեր զուլալ, անդավ, անդավաճան, անկաշառ ու սիրագորով էջերում, մենք կշարունակենք տանել մեր բաժին խաչը՝ դժվար, բայց՝ բացճակատ, ծանր, բայց՝ հավատավոր…

Ինքն իր հույսի մեջ ծվարած Սիսիանս… Քո դեմքը քո ապաշնորհ, ագահ, տգետ, մանրոգի, թալանչի, ամբաստանյալ ղեկավարը չէ, քո դեմքը քո արժեքային ծիրից դուրս եկած գարաժա-խանութատեղով քվեն ծախած քաղաքացին չէ, քո դեմքը հարամ «վաստակով» հոգին գրպանը դրած օրվա ծառայակիցը չէ, քո դեմքը էն խեղճ ու կրակ օրահացի ողորմությամբ իր ինքնասիրությունը օրվա իշխանավորի ոտքերի տակ մատաղող մանր ենթչինովնիկը չէ, քո դեմքը մանկապարտեզի երեխայի բերանից պատառ փախցնողը չէ, քո դեմքը կինոյի բակում անճարությունից իր օրը մաշող խեղճացած տղամարդը չէ, քո դեմքը այս կեղտա-ցեխա-աղբագույնը չէ…

Քո դիմագիծը, Սիսիանս, քեզանով ապրող, քեզ համար տագնապող, քարից հաց քամող, քարին թեւ տվող  աշխատավոր մարդն է, քո մաքուր խիղճը աշխարհին տանող քո մեծ ՊՈԵՏՆ է, որ քեզ քանդակել է՝ ճակատը համբուրելի ասելով, աշխարհի առ ու փախից, առ ու կուլից հեռու ու մաքուր մնացած ասելով, քո դեմքը ՆԱ է, քո պարզ երեսը, քո խտացումը, քո բյուրեղացումը, քո հուսավառումը, քո հուսալրումը, քո մարդեղացումը, քո մարդահոտը…

Ինքն իր այս կերպի մեջ անպաշտպան մնացած Սիսիանս…

Եւ այս կերպ՝ իր հույսի մեջ ծվարած ու դրանով ավելի պինդ ու սիրելի Սիսիանս, շնորհավոր գալիք նոր տարիդ:

«ՈՐՈՏԱՆ», Ա. ԱՄԻՐՅԱՆ

26.12.2014

2 մեկնաբանություն ԻՆՔՆ ԻՐ ՀՈՒՅՍԻ ՄԵՋ ԾՎԱՐԱԾ ՍԻՍԻԱՆՍ… հոդվածին

  1. Ani Margaryan says:

    Aprek tikin Arevhat, shat dipuk eq grel.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *