ԻՇԽԱՆԱՍԱՐԸ՝ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ՀԱՄԱՅՆՔ


Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2009թ.-ի նոյեմբերի 7-ի թիվ 418 հրամանագրով Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանն արժանացել է ՀՀ նախագահի շնորհակալագրի:

Մեզ  հետ զրույցում Մարատ Պետրոսյանը նշեց, որ մարզի գյուղական համայնքներից միակը լինելով՝ այդ շնորհակալագիրը նաեւ չափազանց պարտավորեցնող է: Նա հավելեց, որ նախկին փախստականաբնակ Իշխանասարն այժմ բոլորովին այլ՝ հայեցի միջավայրով ու հայկական վարքուբարքով, կենցաղով ապրող գյուղ է, ուր տարեց տարի լուծվում են նաեւ շատ հիմնախնդիրներ՝ գյուղը դարձնելով ոչ միայն տարածաշրջանի, այլեւ մարզի ամենակենսունակ, զարգացող եւ աճող համայնքներից մեկը: Հենց միայն այն փաստը, որ գյուղից գրեթե արտագաղթ չկա, որ գյուղում ավելացել է ծնունդների թիվը (2009-ին՝ 8 երեխա), որ 60 աշակերտի համար կառուցվում է նոր դպրոց, որ ամբողջությամբ գազիֆիկացված է գյուղը, ոռոգման ջրի հիմնախնդիրը լուծելու համար ընդամենը օրեր առաջ անց է կացվել 850 մ խողովակաշար, արդեն խոսում է գյուղի ոչ միայն կայացման, այլեւ՝ զարգացման հեռանկարների մասին: 320 բնակիչ ունեցող Իշխանասարը, ունենալով նաեւ նպաստավոր՝ տարանցիկ մայրուղուն մոտ լինելու առավելությունը, կարողանում է ստեղծել իր նոր համայնքի նորացված պատմությունը, որն ահա արդեն 9-րդ տարին ղեկավարում է Մարատ Պետրոսյանը՝ համախմբելով, միասնական դարձնելով համայնքը:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *