ԻՇԽԱՆԱՍԱՐՈՒՄ ՓԱԿ Է ՄԻԱՅՆ ՄԻ ՔԱՆԻ ԴՈՒՌ

Իշխանասարի համայնք հասնելու համար հարկ եղավ շրջանցել 6 կմ-ոց ավելի մոտ  ճանապարհը եւ կրկնակի հեռավորություն կտրելով՝ Շաքեի խաչմերուկով  հասնել գյուղ:
Մինչդեռ՝ ընդամենը երկու տարի առաջ էր ԶՊՄ կոմբինատը   հսկայական միջոցներ հատկացրել միջպետական մայրուղի-Սիսիան  ճանապարհի այդ հատվածի բարեկարգման համար…
Երկրորդ տարին է, ինչ Իշխանասարի համայնքը ղեկավարում է Արարատ Պետրոսյանը: Ասում է՝ թեեւ գյուղը հին է, բայց, հավանաբար, տարածաշրջանի ամենաերիտասարդ համայնքն է, հիմնական բնակիչները երիտասարդ ու նորաստեղծ ընտանքիներ են, ովքեր առանձնանալավ հայրական օջախներից, տարբեր գյուղերից, Սիսիանից  90-ականներին տեղափոխվել եւ բնակություն են հաստատել այստեղ, կայացել, զավակներ, նաեւ թոռներ ունեցել:
Ինքն էլ Բռնակոթից է Իշխանասար տեղափոխվել, երբ առաջնեկը դեռ քառասունքի երեխա էր, ու հայրական տնից, ինչպես ինքն է ասում, իր հետ բերել է միայն… լուսահոգի մոր նկարը: Մյուս երեք զավակներն այստեղ են ծնվել-մեծացել: Ավագ որդին՝ Նարեկը հիմա Ռուսաստանում է, Նաիրին նոր է զորացրվել, Վաչեն էլ նոր ուսանող է դարձել, իսկ դուստրը՝ Մարիամը, առաջին դասարան կհաճախի այս տարի:
Համայնքապետն ասում է, որ մինչ համայնքի ղեկավար դառանալը զրոյից տնտեսություն է ստեղծել, հովվություն արել, անասուն պահել, ստեղծել մեծ ֆերմերային տնտեսություն, տուն գնել, երեխաներին լավ պահել, կրթության տվել միմիայն իր աշխատանքի, իր քրտինքի շնորհիվ:
«Լավը գիտե՞ք որն է,-ասում է համայնքի ղեկավարը,- որ մեր բնակչի հոգեբանությունից ավելի շուտ դուրս եկավ սրանից-նրանից, այս ու այն կազմակերպությունից օգնություն մուրալու վատ սովորությունը: Նման մարդ հիմա գյուղում գրեթե չես հանդիպի: Առաջ եթե կգային համայնքապետարան իրենց տանիքի, իրենց փլված պատի, ես ինչ իմանամ ինչի համար 

DSC02137 (1)օգնություն կուզեին, հիմա այդպես չէ, մարդը գիտի, որ իր խնդիրները ինքը պիտի լուծի, իսկ համայնքապետարանը համայնքային ավելի գլոբալ խնդիրներ լուծելու համար է: Նպաստ ստանում է մի քանի տնտեսություն: Գյուղում ազատ տուն չկա, բոլորը բնակեցված են, փակ է մի 5-6 տան դուռ, նրանք էլ շուտ են տեղափոխվել Ռուսաստան»,- ասում է Արարատ Պետրոսյանը:
Համայնքապետը նշեց, որ ամբողջությամբ գազիֆիկացված է գյուղը, ապահովված է խմելու ջրով, ոռոգման ջրի հարցն է լուծված, ոչինչ, որ խմելու ջրի հաշվին, լուսավորված է գյուղի կենտրոնական հատվածը, ունեն բուժկետ, երկու խանութ: Իսկ նորակառուց դպրոցը համայնքի հպարտությունն է, ունի 18 աշակերտ, 5 հոգի էլ այս տարի կգնա առաջին դասարան, գյուղում այս տարի ծնվել է 6 երեխա, էլի կծնվեն: Մտածում են համայնքի 35 մանկապարտեզահասակ երեխաների համար նախակրթարան ստեղծելու մասին, դպրոցը մեկ սենյակ կհատկացնի, մինչեւ որ մանկապարտեզի հիմնական շենքի հարց կլուծեն:
Երբ խոսեցինք այսօրվա պայմաններում համայնքի ղեկավար աշխատելու դժվարությունների, մեծ պատասխանատվության, բազում խնդիրների ու սակավ հնարավորությունների մասին, Արարատ

Фото-0389Պետրոսյանն ասաց, որ ինքնանպատակ չի եղել համայնքի ղեկավար դառանլու իր որոշումը, խնդիր է դրել, ապացուցել, որ եթե ինքն իր համար կարող էր այդքան բան ստեղծել, ի վիճակի է անել նաեւ համայնքի համար:
«Իմ պաշտոնավարման ընթացքում կատարած ամենակարեւոր գործը համարում եմ հեռագնա արոտներում 1,8 եւ 3,1 կմ հեռավորությամբ երկու խմոցներ տեղադրելը, որն իրականացել է ՌԶԳ-ի ծրագրով: Համայնքային ներդրումը կատարվել է աշխատուժի տեսքով, եւ այսօր համայնքը ստանում է դրա արդյունքը: Անասունը ջրելու համար էլ գյուղ չի իջնում: Բարձրացել է կաթնատվությունը, մսատվությունը: Կաթը հանձնում ենք «Աշտարակ կաթին», բայց արդեն քանի ամիս գյուղացիները չեն ստացել իրենց գումարը: Դժգոհեցին, բողոքեցին, անգամ՝ երկու օր հրաժարվեցին կաթը հանձնել, սակայն խոստացել են այս ամսվա 15-ից հետո գումարները տալ: Դե գյուղացու եկամուտն էլ դա է: Մարդ կա՝ 700-800 հազար դրամ ունի ստանալու: Աշուն է մոտենում, բերքահավաք է, մարդկանց գումար է պետք, դպրոցի սեզոն է: Կուզենամ այս մասին ավելի խիստ գրեք, որ մարդիկ հասկանան, որ դա էլ գյուղացու եկամուտն է, չի կարելի նրան խեղճացնել»,-ասաց Արարատ Պետրոսյանը:
Գյուղապետը համայնքի գլխավոր խնդիրը համարեց գյուղտեխնիկայի բացակայությունը: Իշխանասարի նման աճող, կայացած, արտահոսք չունեցող եւ միայն գյուղատնտեսությամբ զբաղվող համայնքը չունի ոչ համայնքային, ոչ էլ՝ մասնավոր որեւէ գյուղտեխնիկա, ու որպես հիմնախնդիր ավելացրեց նաեւ միջհամայնքային, համայնք բերող անմխիթար ճանապարհների, կոյուղու ներքին ցանցի, մանկապարտեզի շենքի հարցերը:
Իշխանասարն ունի 292 բնակիչ, բնակչության 80-90 %-ը երիտասարդներ են: Մայրուղուն մոտ լինելը նպաստում է իրացնել արտադրանքը, իսկ սունկի սեզոնին շատերը կարողանում են իրենց տարվա եկամուտն ապահովել:
Գյուղում ծույլ մարդ չկա, մեկը մեկին աչք տալով էլ են մարդիկ աշխատում, ստեղծում, ասում է գյուղապետը, իսկ ով վատ է ապրում, ուրիշի թող չմեղադրի:
Երիտասարդ ընտանիքներ կան, որ չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, չունեն նաեւ վարձակալած հող, դիմել են համայնքապետարան, առաջիկայում նրանց խնդրանքն էլ կբավարավի, ասում է գյուղապետը:
Երբ ցանկություն հայտնեցինք հանդիպել որեւէ ֆերմերի, զրուցել, համայնքապետարանի հաշվապահը մի քիչ հումորով, մի քիչ լուրջ ասաց՝ հիմա գյուղում մարդ չես գտնի, բոլորը դաշտում են, խոտհարքներում, սարում, գյուղում մնացել են կանայք ու երեխաները…
Անկեղծ ասած՝ կարոտով-կարոտով հիշեցի իմ մանկության գյուղը, երբ այս սեզոնին գյուղում մնում էին…ծերեն ու փոքր երեխաները, կանայք էլ էին աշխատում դաշտում այգիներում, բաղերում, յայլաներում…

Իշխանասարը երիտասարդ գյուղ է, ծերեր չունի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
09.08.2014թ.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *