ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՆՔ ԵԿԵԼ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ

Լրացավ նաեւ հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթած Շաքեի համայնքապետ Վաղարշակ Առաքելյանի պաշտոնավարման 100-րդ օրը, ինչը եւ առիթ հանդիսացավ «Համայնք» խորագրով մեր հյուրասրահում նրա հյուրընկալման:
Շաքեի համայնքն ունի 1610 բնակիչ, դպրոցում սովորում է 207 աշակերտ, մանկապարտեզ կհաճախի 34 երեխա: Ունի 1850 հեկտար վարելահող, որից 1377-ը` սեփականաշնորհված: Բյուջեն 26 միլիոն դրամ է, որից` 13 միլիոնը պետական դոտացիան է: Բյուջեի մնացած մասն ապահովվում է վարձավճարներից, գույքահարկից, հողի հարկից, ինչը, ըստ նորընտիր համայնքապետի, շատ կնվազի, եթե գյուղացիներին տրվող պետական սուբսիդիան այլեւս չտրվի, ինչպես այդ մասին արդեն խոսվում է:
Վաղարշակ Առաքելյանը ծնվել է 1957թ-ին: 30 տարի շարունակ եղել է Շաքեի համայնքի անասնաբույժը: Գտնում է, որ ունի աշխատանքային հարուստ ու երկարամյա փորձ, որը կարող է ի սպաս դնել համայնքի զարգացմանը, ինչի համար էլ փորձել է ստանձնել համայնքապետի պատասխանատու եւ մեր օրերում` չափազանց դժվարին բեռը:

-Պարոն Առաքելյան, ինչ ժամանակահատված է 100 օրը, հնարավո՞ր է այդ ընթացքում ասելիք ունենալ, գործ ձեռնարկել, գործ իրականացնել:
-Ձեռքներս ծալած չենք նստել, եւ դա հնարավոր էլ չէ: Մենք որոշակիորեն արդեն նախապատրաստված ենք եկել իշխանության, կոնկրետ ծրագրերով ենք եկել, եւ իշխանությունը ստանձնելով` պարզապես սկսել ենք դրանք իրագործել: Հաստատել ենք համայնքի բյուջեն, կոնկրետ ուղղություններով բաշխել այն` առաջնահերթությունը տալով խնդիրների կարեւորությանը:
-Պաշտոնավարման 100 օրը բավարա՞ր է տեսնելու, ճանաչելու, հասկանալու պաշտոնյայի գործելաոճը, գործունեության ուղղությունը եւ նպատակասլացությունը, ճի՞շտ է, որ ասվում է` հիմքը ինչպես դրեց` դրեց:
-Ես համայնքում նոր մարդ չեմ եւ ոչ էլ ինձ են նոր ճանաչում: Կյանքիս 52 տարին այստեղ է անցել, որից 30-ը` գյուղացիների հետ ամենօրյա աշխատանքային շփման մեջ: Ինչ վերաբերում է  գործելաոճը ճանաչելուն, կարծում եմ`առաջին մի քանի օրն էլ բավարար է:
-Պարոն Առաքելյան, կոնկրետ ի՞նչ խնդիրներ եք կարեւորել համայնքի համար:
– Նախ ասեմ, որ համայնքում ձեւավորված լավ ավանդույթներ կան, ընթացքի մեջ գտնվող լավ ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք պահպանում եւ շարունակում ենք: Թե՛ նախկինում, թե՛ հիմա հիմնախնդիր է եղել Շաքեն խմելու ջրով ամբողջությամբ ապահովելու հարցը: Բանն այն է, որ Շաքեի ավազանն ապահովում է Սիսիանի խմելու ջուրը, իսկ գյուղի բարձրադիր թաղամասերը զրկված են խմելու ջրից: Առանց լուրջ ներդրման հնարավոր չէ ինքնահոս եղանակով այն իրականացնել, քանի որ ավազանն ավելի ցածրադիր է: Փորձում ենք հովանավոր կազմակերպություններ գտնել` խմելու ջուրը բարձրադիր թաղամասեր եւս հասցնելու:
Ի տարբերություն խմելու ջրին, ոռոգման ջուր ընդհանրապես չունենք եւ չենք էլ ունեցել: Մուխուրթուրյանից եկող ջրատարը փակվում է, քանի որ բնակչության մի մասը ի վիճակի չէ վճարել ջրի վարձը, մյուս մասն էլ այդ պատճառով տուժում է: Քայլեր ենք ձեռնարկում Հազարամյակի մարտահրավերներ ծրագրով այս հարցը նույնպես լուծել:
Խճապատել ենք թե՛ գյուղամիջյան, թե՛ օժանդակ ճանապարհները, աշխատանքներ ենք տանում նորակառույց եկեղեցու թաղամասը գյուղի կենտրոնին կապող 100-150 մետր նոր ճանապարհ բացելու: Վերանորոգել ենք 2-3 փողոցային էլեկտրասյուն կենտրոնում, փորձում ենք մյուս փողոցներում գոնե 1-2 էլեկտրասյուն նույնպես վերականգնել:
-Բոլոր գյուղերում այսօր հիմնախնդիր է երիտասարդության զբաղվածության, արտահոսքի հարցը: Շաքեում ի՞նչ դրսեւորում ունի այն:
-Այո, հարցերի հարցը դա է նաեւ մեր գյուղի համար: Երիտասարդությունը զբաղմունք չունի, աշխատանք չունի, 1-2 անասուն ունեն, օրվա մեջ 1-2 ժամ հատկացնում են դրան, մնացած ամբողջ օրը պարապ են: Եթե կարողանանք հովանավոր գտնել մշակույթի տունը վերանորոգելու, որի արժեքը 90-100 միլիոն դրամ է, պայմաններ կստեղծվեն նաեւ նրանց ժամանցի, զբաղվածության համար: Այնուամենայնիվ, երիտասարդությունը մեր ուշադրության կենտրոնում է: Խրախուսում ենք նորապսակներին, նոր ծնունդները: Ավագանու որոշմամբ յուրաքանչյուր նորածնի տալիս ենք 20 հազար դրամ (այս տարի նման 2 դեպք արդեն եղել է), Տյառնընդառաջի տոնին 10 նորապսակ զույգի նվիրել ենք ոսկյա խաչեր, շուտով կգործարկենք մանկապարտեզը, եւ 3-4 նոր աշխատատեղ կստեղծենք, բայց, կարծում եմ, դրանք բավարար չեն երիտասարդին գյուղին կապելու համար:
«Վորլդ Վիժնը» ծրագրեր է իրականացնում գյուղում, դպրոցում, մանկապարտեզում, եւ ասել, թե կյանքը մեռած է, ճիշտ չէ, պարզապես ժամանակը նրանց օգտին չի խոսում:
-Պարոն Առաքելյան, շուտով կսկսվեն գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Գյուղացին ի՞նչ վիճակում է, պատրա՞ստ է վար ու ցանքին:
– Շաքեն երաշտավտանգ գոտի է, բայց աչքի առաջ ունենալով այդ հանգամանքը, գյուղացիները մշակում են հողը: Անցյալ տարի պետության կողմից տրված սուբսիդավորման շնորհիվ նրանք մի քիչ շունչ քաշեցին, ցանքատարածքները մեծացրեցին, արդյունքը եղավ այն, որ նախորդ տարիների 20-25-ի փոխարեն հողի վարձավճարների հավաքագրումը հասավ 70-80%-ի: Առանց պետական հովանավորության գյուղացին պատրաստ չէ եւ ի վիճակի չէ արդյուքի հասնել: Սելիտրայի մեկ պարկն արժե 7 հազար դրամ, երկու ամիս է` հայտարարությունը փակցված է գյուղապետարանում, մոտեցող չկա, հետաքրքրվող չկա: Սակայն ինքներս մշակել ենք գյուղատնտեսության աջակցման մի ծրագիր, որի հեղինակը ագրոնոմ Վաչիկ Նիկողոսյանն է, ինչը հույս է տալիս, որ, գոնե, դրանով կկարողանանք օգնել գյուղացուն իրականացնելու վար ու ցանքը: Վաչիկ Նիկողոսյանը դեռեւս 10 տարի առաջ փորձարկել է այս ծրագիրը, այն գործել է 2 տարի, բավականին հաջող, եւ ուզում ենք այժմ այն վերականգնել: Հողատիրոջ եւ մեխանիզատորի հետ նախնական համաձայնության գալով եւ դառնալով նրանց միջնորդը, իրականացնելու ենք այսպես կոչված «մինի տնտեսության» մեթոդը. գյուղացին վստահ է լինելու, որ իր հողը կվարվի-կցանվի, մեխանիզատորն էլ վստահ է լինելու, որ հող կա վարել-ցանելու,  գյուղացին էլ պատրաստ է վճարել դրա դիմաց: Կազմակերպչական խնդիրները լուծում է համայնքապետարանը` աշխատանքների դիմաց 50% կանխավճարը վերցնելով սկզբում, 50%-ը` հետագայում, բնամթերքի տեսքով կամ` գումարի: Աշխատանքները կսկսվեն ըստ գոտիների, ըստ հերթականության, ըստ ժամանակացույցի: Կպահպանվի ցանքաշրջանառությունը, ծրագրում կներգրավվեն մասնագետները, որի պակասը գյուղը չունի, ինչը միակ երաշխիքն է բերքատվության բարձրացման: Հույս ունենք, որ այս ծրագիրը կհաջողվի, ինչի համար կա թե՛ ցանկությունը, թե՛ խանդավառությունը, թե՛ հնարավորությունները եւ թե՛ նախկին փորձը: Հույս ունենք, որ չենք սխալվի: Մնացածը ժամանակը ցույց կտա:

Ա. ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *