Իսկ ծակված գուլպաները սպասում են տատիս…

Թախտն էր ճռռում, իլիկն էր մանում, գուլպաներն էլ անկյունում տատիս էին կանչում: Տատս, որ լույսը բացվելուն պես կգար, կնստեր թախտին, ձեռքը կառներ թել ու ասեղը ու կկարկատեր պատառոտված գուլպաները: Աչքերն արդեն կորցնում էին իրենց լույսը, մարում էր լույսը վերջին, բայց տատս ասեղը թողնել չէր կարողանում: Կարկատում էր արագ, եւ լսվում էին խոսքերը նրա.

– Բալես չմրսի, չհիվանդանա:

Այս խոսքերը լսելով՝ ակամայից ջերմանում ես, որքա՜ն բարություն, որքա՜ն սեր կա նրա հոգում: Բազում գարուններ են եկել ու անցել, օրերի գրկում, տարիների մեջ ծերացել էր նա: Նկատելի էին կնճիռները տատիս, որոնք նրա տքնաջան տարիների վաստակն էին: Կնճիռները, որ զարդարում էին դեմքը նրա: Անցնում էին օրերը: Ամեն բացվող օրվա հետ մարում էր ուժը տատիս:

Նորից լույսը բացվեց ամեն օրվա պես. թախտը դատարկ էր, չտեսա տատիս, լսեցի միայն ձայնը.

-Թելն ու ասեղը բե՛ր:

Ձայնը եկավ այն սենյակից, որտեղ պառկած էր նա: Նա ուժ չուներ վեր կենալու մահճակալից, մարել էին բոլոր ուժերը: Վերցնելով թելն ու ասեղը՝ սկսեց մատների արագ շարժումով կարել գուլպան: Նա մեկնեց ինձ գուլպան եւ ասաց.

-Բալե՜ս, հագիր չմրսես:

Թախտն էլ չի՜ ճռռում, իլիկն էլ չի՜ մանում, գուլպաներն էլ անկյունում՝ տատիս են կանչում:

Արմինե ԲԱԲԱՅԱՆ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *