… ԻՍԿ ՀՈՆԻՆ ԱՐԴԵՆ ԾԱՂԿԵԼ ԷՐ

1-24

Մայրության եւ գեղեցկության միամսյակի առթիվ մեր էջը պատրաստելիս եղանք ԵԿՄ Սիսիանի բաժանմունքում` նպատակ ունենալով առիթն օգտագործել հիշելու հերոսական այն մայրերին, այն կանանց, որոնք իրենց որդիների ու այրերի, հայ զինվորի հետ միասին կերտեցին արցախյան հաղթանակը: Այդ հաղթանակը որքան որ մարտի դաշտում է կռվել, նույնքան` հայ մայրերի հոգիներում ու սրտերում` շատերին «պարգեւելով» «որդեկորույսի  լուսապսակը»:
ԵԿՄ Սիսիանի բաժանմունքում նախ ցանկացան թերթով շնորհավորել բոլոր, առավելապես հերոսական մեր մայրերի ու կանանց միամսյակը, ապա հուշեցին այն երկու մայրերի անունները` ցանկանալով նրանց մասին կարդալ միամսյակին նվիրված մեր էջում:

Նրանցից մեկին` զոհված ազատամարտիկ Մակիչ Ասրյանի մորը` Ցողիկին, հանդիպեցինք  Շամբում, իրենց տանը: Մարտի 17-ն էր: Առատորեն նստած ձյունը, թվում է, նահանջելու միտք էլ չուներ նույնիսկ տաք կլիմա ունեցող Շամբում: Բայց հոնին արդեն ծաղկել էր: Խորհուրդ զգացի: Ձյունի մեջ` ծաղիկ, մահվան մեջ` կյանք: Այդ խորհուրդը Ցողիկ մայրիկի տանն էլ կար` փոքրիկ նորածնի զվարթ գեղգեղանքով, կյանքը շարունակելու, ապրելու, հարատեւելու  իմաստությամբ: Վիշտն ու տխրությունը անթեղված էր այս տանը` Մակիչի ծնողների սրտի խորքերում ու աչքերի թացության մեջ: Բայց Մակիչից հետո այս տանը ծնված մանչերը պիտի վշտի ու տխրության հետքեր չտեսնեն, նրանք պիտի խանդավառ մեծանան, հպարտ ու արի, չէ՞ որ իմացյալ մահով է ընկել 21 ամյա Մակիչ որդին, որ հետո հուշաղբյուր դառնա Շամբի կենտրոնում` հսկա, վիթխարի ընկուզենու տակ, որ հետո հուշատախտակ դառնա միջնակարգ  դպրոցի պատին, ու դպրոցն անվանակոչվի նրա անունով, որ հետո հավերժաբար նրա անունին «դաջված» մնա զոհված ազատամարտիկի «տիտղոսը», իսկ Ցողիկ մայրիկի անունին` զոհվածի մայր հոմանիշը:
4 կտրիճ զավակ է պարգեւել  Ցողիկ մայրիկը, ու զավակներից մեկի անունն էլ հենց Կտրիչ են դրել: Չի էլ պատկերացրել, չի էլ մտածել, որ երրորդ որդին` Մակիչը, «մատաղ» պիտի դառնա ազգի զոհասեղանին: Բայց ո՞վ է իր ճակատագիրը տնօրինում, որ …
Երբ սկսվեց Մեծ Ազատամարտը, ո՞վ էր պատկերացնում, թե զոհվելն ինչ է, բոլորը հաղթելու մասին էին մտածում: Ցողիկ մայրիկի Գրավիչ որդին էլ, որ Շամբի կամավորների հետ ջոկատ կազմեցին ու ելան պաշտպանելու, ազատագրելու հայրենի հողը: Նրա օրինակին հետեւեց դպրոցը դեռեւս նոր ավարտած Մակիչ եղբայրը, ու երկու հասակակից ընկերների հետ միացան նրանց:
Ցողիկ մայրը պատմում է, որ մեկ տարի վեց ամիս Քալբաջարում, Կապանում, Լաչինում, Հորադիզում մարտական գործողություններին մասնակցելուց հետո Մակիչին զինգրքույկ տվեցին, եւ նա այլեւս կարող էր կռիվ չգնալ, քանի որ նույն տանից մեկ կռվող զինվոր արդեն կար: Բայց Մակիչը ետ է վերադարձրել զինգրքույկը եւ  կամավոր  կռիվ  գնացել: 94թ-ի մարտի 5-ին Շամբ հասավ նաեւ Մակիչի զոհվելու լուրը:« Մարտի 8-ին էլ նրա դին «նվեր» բերեցին ինձ», – ասում է մայրը: Նրա`աստվածուհու նման գեղեցիկ դեմքին թաց աչքերն  են, խռով հոգու արտացոլումը, բայց նաեւ` մխիթարությունը. «Մենակ որ ես լինեի, երեւի չդիմանայի այդ հարվածին, բայց ինձ նման քանի~ մայրեր կան»,- ասում է: Ասում է նաեւ, որ ո՛չ ժամանկը, ո՛չ հեռավորությունը, ոչի՛նչ չեն մեղմացնում մայրական սրտի կսկիծն ու ցավը, մուխը անծուխ, անկրակ մխում է հոգու խորքում, ասում է միայն` ախր կյանքից բան չհասկացավ, ետմահու ավելի շատ է ապրում, քան` իրականում ապրել է: Մի ժառանգ թողներ, մխիթարվեինք: Ինձ երբեմն մխիթարում են, թե, փառք աստծու, մյուս երեքը կան, կողքիդ են, նման մխիթարությունը սուտ է. ո՞ր մատդ կտրես, որ ցավ չզգաս: Հուշն է մնացել ու պատից կախված լուսանկարները, մասունքները, մեկ էլ` 92 – 94թթ. մարտական գործողությունների մասնակցի կրծքանշանը, որ ստացել է ետմահու` 1997-ին ու Ղարաբաղի` «Մայրական երախտագիտության» եւ  «Արիության մեդալը»:
Մակիչին Շամբում հուղարկավորեցին, ոչ` Սիսիանի քաղաքային պանթեոնում: Այդպես ուզեցին շամբեցիները, այդպես ուզեց մայրը: Հիմա Շամբն էլ իր ուխտատեղին ունի, ու ամեն տոնի, ամեն հիշարժան օրվա տղաները հավաքվում են Մակիչի  հուշաքարի մոտ,  «հեղվում է գինին սուրբ հացի վրա», ու արցախյան նահատակի շիրիմը ավելի է թանկացնում, հարստացնում, հարազատացնում հողը, տունը, օջախը, հայրենիքը:
Բայց… հաղթողներն են մոռացվել, որ ապրում են: Մակիչի Գրավիչ եղբայրը, որ 4 տարի կռվել է Մեծ ազատամարտում, ու աստծո կամոք տուն է եկել, ընտանիք կազմել, զավակ ունեցել, ասես «մոռացվել է» բոլորի կողմից. ո՛չ աշխատանք, ո՛չ զբաղմունք, ո՛չ ոք չի ասում` տունը, ընտանիքը ո՞նց է պահում, գոնե մի տեղ աշխատանք տային: Մի անգամ դիմել է, այլեւս չի դիմում: Ասում է` 2-րդ անգամ չեմ կարող: Չցանկացավ, որ մենք նույնիսկ այս մասին գրենք, կմտածեն`  տրտնջում է: Չի՛ տրտնջում, պահանջում է, որի իրավունքը ունի: Իսկ երկիրը չի լքի, Շամբը չի լքի: Մակիչի գերեզմանն է ու հայրական տունը:
Հրաժեշտ տվեցինք Շամբին, Ցողիկ մայրիկին : Պարզապես պիտի ետ դառնայինք: ՈՒ ետ դարձանք` մեզ հետ բերելով մոր լուսավոր մաղթանքներն ու աղոթքները բոլորին եւ շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր… չեն մոռանում որդեկորույս մայրերին:

 

423 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *