ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱԿԱՍՈՒՄ Է ՀԵՔԻԱԹԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Սիսիանցիների համար գեղեցիկ անակնկալ էր «Բարի Ձմեռ պապ» ակցիան: Եւ ով կմտածեր, որ առանց գումարի, առանց աջակցության ու հովանավորության, առանց պայմանների դա հնարավոր էր իրականություն դարձնել` հեքիաթի զգացողություն բերելով մեր հոգսաշատ ու նյութականացված առօրյա: Բայց այն կայացել է, այն ստացվել է: Եւ բարի ձմեռ պապերն ու անուշ ձյունանուշները թեեւ հանել են իրենց խորհրդանիշ տոնական հանդերձները, բայց… հեքիաթը շարունակվում է ու ահա` ինչպես:
Հեքիաթն այնքան սիրուն էր, ապրեցնող, որ ամանորյա տոներից հետո թե՛ կազմակերպիչները, թե՛ «դերակատարները»  չկարողացան բաժանվել միմյանցից:
Մինչ այդ մի խենթ ցանկություն էլ  կար, որ երազի նման ապրում էր դրանից դեռեւս շատ առաջ:
Եկեղեցու կիրակնօրյա դպրոցում, թեմի ճամբարում, մանկապարտեզում երեխաների հետ երկար ժամանակ աշխատելով` Նելլի Վարդանյանն զգացել էր, որ նյութապաշտ ու ձեւախեղված մարդկային հարաբերություններում երեխաների, եւ ինչու միայն` երեխաների, համար մի շատ կարեւոր բան է պակասում` հեքիաթի զգացողությունը, ու փայփայել էր երազանք, որ մի օր… Հետո, երբ ավարտվել էին այն ծրագրերը, ուր նա աշխատել էր, Նելլին դարձել էր գործազուրկ, բայց չէր կորցրել հոգու հեքիաթը` Սիսիանում տիկնիկային թատրոն ստեղծելու մասին:
Այդ նույն ժամանակ նրանից անկախ Սիսիանում տիկնիկային թատրոն ստեղծելու խենթ երազանք է փայփայել նաեւ շնորհաշատ, պայծառ, ոսկեձեռիկ, լուսավոր երազները դեկորատիվ աշխատանքներ դարձրած Մարիա Հակոբյանը: Պատահականությունը, անհրաժեշտությունը, զուգադիպությունը թե օրինաչափությունը մի օր խաչել է նրանց ուղիները, ու դրվել է նպատակի առաջին քարը` համատեղ ստեղծել են տիկնիկագործական խմբակ: Արդյունքը սպասվածից ավելին է եղել. հաճախել է  8-18 տարեկան 60 հոգի ու մնացել: Նաեւ` տղաներ, որն ավելի ուրախացրել է:
«Իրականության մեջ բոլոր ստեղծագործողները կդադարեն ստեղծագործելուց, եթե կորցնեն հեքիաթի զգացողությունը,- ասում է Մարիան,-անգրագետ հասարակության հետ գործ ունենալը բարդույթ է, իսկ հասարակությանը պիտի կրթել` սերնդին գեղագիտորեն կրթելով: Ինչու տիկնիկագործության խմբակ. բոլորս մի պահ նախ երեխա ենք, հետո` ծնող, ու տիկնիկի հեքիաթը միշտ ուղեկից է մեզ` ողջ կյանքում»:
«Տիկնիկագործությունը զարգացնում է մարդու երեւակայությունը, ստեղծագործական միտքը, սովորեցնում ենք, որ աշխարհում ավելորդ եւ դեն նետելու ոչ մի իր չկա, անգամ` ջարդված իրը, եթե ամեն ինչ կարողանաս իր տեղը դնել, կդառնա հեքիաթ»,-ասում է Նելլին:
Տիկնիկային թատրոնը նրանք «Ծիածան» կկոչեն` բազմերանգ` երեխաների երազանքի պես: Նախապատրաստում են 3 բեմականացում` «Խաթուն մուկիկը», «Երեք խոզուկները», «Կախարդված արքայադուստրը»: Ասում են, որ 2-3 ամսից բեմականացումները պատրաստ կլինեն: Սկզբում դրանք կցուցադրեն մանկապարտեզներում, դպրոցներում, գյուղերում, մի օր էլ` քաղաքի մշակույթի տան մեծ բեմում: Ստեղծել են նաեւ երգչախումբ, խոհարարական, դիզայներական խմբակներ, որոնք ղեկավարում են շնորհալի մասնագետներ Նելլի Սաֆրազյանը, Արուսիկը, Իրինան: Իսկ ամենազարմանալին` անվճար, կամավոր, մեծ սիրով եւ ինքնակամ:
Նրանց մեծ երազանքն իրականություն դարձնելուն օգնել է թերեւս Սիսիանի հումանիտար քոլեջի տնօրեն Հենզել Առաքելյանը` հարմարավետ սենյակ հատկացնելով նրանց:
Իրականությանը պակասում է հեքիաթի զգացողությունը, եւ եթե ամենքի հոգում մի քիչ հեքիաթ ապրի, կյանքն ավելի գեղեցիկ կդառնա, ու միշտ կհաղթի բարին, ինչպես` հեքիաթում:

 «Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *