ԻՐԱՎԻՃԱԿ «ՓԼՈՒԶՈՒՄ»` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Գործող համայնքապետի` Սիսիանի քաղաքապետի պաշտոնում կրկին իր թեկնածությունն առաջադրելու հրապարակային հայտարարության ժամանակահատվածներում սեփական դիմումով աշխատանքից ազատվել են աշխատակազմի ղեկավար Սլավիկ Դադաշյանը, քաղաքապետի տեղակալ  Մելսիկ Զաքարյանը, իրավաբանական բաժնի պետ Վալերիկ Խաչատրյանը, այլք:
Ոմանց համար` սպասելի, ոմանց համար` անսպասելի այս երեւույթը բուռն քննարկման եւ ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց, իհարկե, պայմանավորելով սիսիանյան նախընտրական զարգացումներով: Բայց, նախընտրական զարգացումներից դուրս` այն անմիջականորեն կապվեց Վերահսկիչ պալատի` Սիսիանի քաղաքապետարանում կատարած ստուգումների հետ: Խոսակցությունները, կապված ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական աղաղակող թերությունների հետ, շատերին, որոնք գուցե եւ անմասն են այդ խախտումներից, ստիպեց վերանայել իրենց` քաղաքապետարանում մնալ-չմնալու մտադրությունը, ըստ էության, խախտումների ամբողջ պատասխանատվության կրումը թողնելով այն մարդուն, որը դրանց պաշտոնական պատասխանատուն է եւ հեղինակը: Իհարկե, ավելի շրջահայացներն ավելի արագ հասկացան, որ ֆինանսական ցանկացած խախտում պայթյունավտանգ է, եւ վաղ թե ուշ այդ պայթյունը կայանալու է: Միաժամանակ Սիսիանի հանրությունն էլ հասկացավ, որ ինը տարի շարունակ «նախորդների պարտքերի», բյուջեն իր կողմից կոպեկ-կոպեկ նպատակին ծառայեցնելու` Սիսիանի քաղաքապետի «ելույթները» սուտ են և կեղծ, իսկ ինքնաոչնչացման ռումբը իր նստատեղի տակ սարել է հենց ինքը, եւ մարդիկ պարտավոր չեն «պայթել» նրա հետ միայն նրա համար, որ … աշխատել են համատեղ:
Ենթադրություններից մեկն էլ այն եղավ, որ վերոհիշյալ  պատճառներով եւ նրա թեկնածության` կրկին առաջադրումը, իբրեւ, նախագահականից չերաշխավորվող` «Մեծ մարդ ես, գնա նստիր ձեր տանը» շրջանառվող  լուրերից հետո գործող քաղաքապետի նավը անդիմադրելի արագությամբ խորտակվում է, իսկ բոլորը չէ, որ ենթակա են նրա հետ խորտակվելու: Մեկ ուրիշ ենթադրություն էլ այն եղավ, որ իր հայտնի հայտարարությունն անելուց առաջ էլ գործնականում քաղաքապետն այլեւս պարտված էր, քանի որ վաղուց էր քաղաքապետարանը ներսից «փլված», եւ ոչինչ չէր կարող այլեւս կասեցնել փտած, քայքայված նավի` ջրասույզ լինելը: Նրա` կրկին ընտրվելու հավանականությունը զրո գնահատողներն էլ այնքան էլ չկարեւորեցին այս երեւույթը` նախընտրական ընդհանուր զարգացումներում, քանի որ հասարակության` օրինաչափ զարգացման առաջընթացն անխուսափելի է:
Ամենից մեծ ռեակցիան առաջացրեց, թերեւս, ավելի քան 12 տարի նույն պաշտոնում աշխատած, իր աշխատանքի մեջ պրոֆեսիոնալ դարձած, «ծանր ու փորձառու հրետանու» համբավ վաստակած Սլավիկ Դադաշյանի հեռացումը քաղաքապետարանից: Նրա` աշխատանքից դուրս գալու պատճառների եւ շարժառիթների մասին մեր հարցադրումներին ահա թե ինչ պատասխանեց նա. «Աշխատանքից դուրս եմ եկել սեփական դիմումի համաձայն` առողջական խնդիրների պատճառով: Քաղաքապետը իմ ազատման հրամանը տվել է դիմումս գրելուց կարճ ժամանակ հետո: Առայժմ չեմ աշխատում, աշխատանք եմ փնտրում եւ շուտով, երեւի, կտեղավորվեմ որեւէ տեղ: Կատարվածի եւ կատարվելիքի մասին մտածելու ժամանակ դեռ ունեմ եւ, կարծում եմ, կգա ժամանակը, որ ամեն ինչ իր տեղը կընկնի»: Մեր հարցադրմանը, թե ինչպես է վերաբերում իր` աշխատանքից դուրս գալու մասին շրջանառվող զանազան խոսակցություններին եւ ենթադրություններին, Ս. Դադաշյանը պատասխանեց. « Մինչեւ ես իմ խոսքը չասեմ, հազար ու մի բան կարող են ասել` ում ինչ ձեռք է տալիս, մեկը կարծում է, որ լավ չեմ աշխատել, դուրս եմ եկել, մեկն ասում է` միմյանց հետ վիճել են, կիսելիք են ունեցել, չեն կարողացել կիսել, դուրս է եկել: Բայց ես ասում եմ, որ դա ավելի շատ անձնական հարց է: Միաժամանակ ուզում եմ ասել, որ ես պատահական մարդ չեմ, քիչ լումա չունեմ մեր քաղաքի կյանքում, եւ բոլորը կփորձեն այս հանգամանքն օգտագործել իրենց շահերի համար: Ես չեմ ուզում ոչ որեւէ մեկի ջրաղացին ջուր լցնել, ոչ էլ որեւէ մեկի շահերին ծառայել»: «Իր եւ միաժամանակ եւս մի քանի հոգու` քաղաքապետարանից դուրս գալը պայմանավորվու՞մ է նախընտրական իրավիճակով» մեր հարցին պատասխանեց, որ մյուսների դուրս գալ – չգալը որեւէ կապ չունի իր հետ, եւ ինքը տեղյակ էլ չէ դրանից, ինչ վերաբերում է իրեն, ասաց. « Առայժմ հանգստանում եմ, զբաղված եմ եղբորս որդու ամուսնության պատրաստությամբ, իսկ այդ հարցերին իմ պատասխանը կտամ հետո, կարծում եմ` դրա ժամանակն էլ կգա, բայց, հույսով եմ, որ ժողովրդի Նոր տարին կշնորհավորենք ավելի լավ պայմաններում»:
Գուցե զարմանալի չէր նաեւ քաղաքապետի տեղակալ Մելսիկ Զաքարյանի` աշխատանքից դուրս գալը, քանի որ դեռեւս դրանից շատ ավելի շուտ խոսվում էր դրա եւ արդեն կոնկրետ աշխատանքում նրա տեղավորվելու մասին, պատճառաբանությամբ, որ այլեւս անտանելի է դարձել կոպիտ ու գռեհիկ մարդու հետ հետագա աշխատանքը այն պարագայում, երբ նա այդ աշխատանքում նշանակվել էր, նրա ասելով, իր անձնական գործոնի եւ ՄԱԿ- ի  տարածքային կառույցի փոխնախագահ լինելու հանգամանքով:
Աշխատանքից դուրս գալու պատճառների մասին Մ. Զաքարյանը մեզ ասաց, որ հուլիսի 15-ին իր դիմումի համաձայն թողել է քաղաքապետի տեղակալի պաշտոնը` աշխատանքի բարելավման եւ առավել բարձր վարձատրվող աշխատանքի առաջարկ ստանալով ու նախապատվությունը տվել է դրան, քանի որ նոր կազմավորվող մասնավոր համատեղ գյուղատնտեսական ծրագրերով զբաղվող կազմակերպությունում աշխատելն իրեն ավելի հոգեհարազատ է: Ինչ վերաբերում է նախընտրական իրավիճակով նրա` աշխատանքից դուրս գալուն, նա ասաց, որ հեռացել է նորմալ հարաբերություններով, եւ եթե որեւէ մեկը փորձի շահարկել այն, ինքը պատրաստ է հերքել ցանկացած ոչ ճիշտ միտք: Ասաց, որ իր որոշմանը դեմ չի եղել նաեւ հարազատ` ՄԱԿ կուսակցությունը:
Այս « փափուկ» հրաժեշտը, միգուցե, կարելի է պայմանավորել ՄԱԿ-ի` առաջիկա ընտրություններում Լ. Սարգսյանի թեկնածության չբացառվող պաշտպանությամբ, եւ հարկ է, որ սրված եզրեր չերեւան:
Քիչ ավելի այլ էր քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Վալերիկ Խաչատրյանի` աշխատանքից դուրս գալու դիմում գրելու եւ քաղաքապետի կողմից նրա ազատման հրամանը չտալու` տարածված խոսակցությունը: Դեռեւս հունիսի 2-ին էր նա դիմում գրել, ինչպես ասում են, այլեւս չկարողանալով համատեղել քաղաքապետի հետ իր հետագա աշխատանքը: Սակայն քաղաքապետը ոչ միայն ազատման հրամանը չի տվել, այլեւ, ասում են, ամիս ու կես շարունակ նրա անվան դիմաց աշխատանքային տաբելում նշվել է չներկայացված: Սակայն ոչինչ անել չեն կարողացել Վ. Խաչատրյանի` «աշխատանքից անհարգելի բացակայությունների համար»` զգուշանալով նրա` օրենքների իմացությունից եւ նրա` իրենց գլխին հնարավոր «գլխացավանք» դառնալուց: Օրերս էլ իմացանք, որ Վ. Խաչատրյանը հուլիսի 7-ին հրամանագրվել է աշխատանքի հայջրմուղի «Սիսիան» տեղամասում որպես իրավաբանական բաժնի պետ: Նրա հետ մեր հեռախոսազրույցում, պատասխանելով մեր հարցերին, Վ. Խաչատրյանը չցանկացավ իր` աշխատանքից դուրս գալը եւ նոր աշխատանքում տեղավորվելը պայմանավորել Սիսիանում ծավալվող նախընտրական գործընթացներով, իսկ իր` «անհարգելի բացակայությունների» մասին ասաց, որ ընդհանուր լարված իրավիճակին բոլորն էին տեղյակ, բայց աշխատանքից ազատվելու իր դիմումի օրվանից (հունիսի 2) եւ ազատման հրամանը ստանալու օրվանից (հունիսի 3) որեւէ մեկը չի կարող որեւէ բան տեսնել, որովհետեւ ամեն ինչ օրինական է:
Չի բացառվում, իհարկե, որ այդ նույն ժամանակներում մարզպետարանի իրավաբանական բաժնի կողմից Սիսիանի քաղաքապետարանում կատարված ստուգումների արդյունքում կամ առիթով հանկարծ ու «անհայտացած» լինեն տաբելի էջերը` մաքրելու ինչ-որ հետքեր, որը, ինչպես ասում են, ընդունված  երևույթ է քաղաքապետարանում: Ինչեւէ:
Խոսվում է նաեւ գործավար Լիանա Շողունցի` աշխատանքից դուրս գալու մասին, բայց նրա` արձակուրդում լինելու եւ Հայաստանում չգտնվելու պատճառով չկարողացանք ճշտել հենց իրենից:
Ինչ վերաբերում է Մհեր Եղիազարյանի կնոջ` Նորվարդի աշխատանքից դուրս գալու երկու ամիս առաջ գրած դիմումի «անհետեւանք» մնալուն կամ թողնելուն, Մ. Եղիազարյանը, իր ասելով, առայժմ կարեւորություն չտվեց դրան` հետո անդրադառնալու մտադրությամբ:
Համայնքապետի ընտրությունից դեռեւս երեք-չորս ամիս առաջ քաղաքապետարանի` նման աննախադեպ «փլուզումը» վկայեց այն իրողությունը, թե ինչպես է այսքան տարի Սիսիանը «ղեկավարել» Լ. Սարգսյանը: Իրավիճակն ինքնին խոսուն է, «փլուզումը»` օրինաչափ:
Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ թափուր պաշտոնների համար քաղաքապետն իր մոտ աշխատանքի է հրավիրում մարդկանց, որոնք հիմնականում մերժում եւ հեգնում են. երկու ամսվա համար արժե՞ անուն խայտառակել աշխատելու մի մարդու մոտ, որի կառքը սրընթաց արագությամբ գլորվում է անդունդը:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *