ԻՐ ՀԵՏ ՏԱՆԵԼՈՎ ՄԻ ՈՂՋ ԴԱՐԱՇՐՋԱՆ …

Կյանքի 92-րդ տարում հունվարի 21-ին Սանկտ-Պետերբուրգում իր մահկանացուն կնքեց մեր հայրենակից, նշանավոր նկարիչ Զաքար Ավագի Խաչատրյանը:

Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թ.-ի դեկտեմբերի 11-ին Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Չորս տարի Հայրենական մեծ պատերազմում կռվելուց եւ ծանր վիրավորվելուց հետո Զաքար Խաչատրյանը վերադարձել եւ սովորել է Գորիսի մանկավարժական տեխնիկումում, ապա՝ Երևանի երաժշտական ուսումնարանում: 1947թ. հանրակացարանում մնալու հնարավորություն չունենալով՝ վերադարձել է Սիսիան:

Բարձր առաջադիմությամբ սովորել է Փ. Թերլեմեզյանի նկարչական ուսումնարանում և Երևանի գեղարվեստի ինստիտուտում: 1956 թ.-ին Զաքար Խաչատրյանն ավարտել է Սանկտ-Պետերբուգի՝ Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը՝ արժանանալով ռեպինյան և ստալինյան կրթաթոշակների:

Ստանալով հիմնարար կրթություն Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտում այնպիսի մեծահամբավ նկարչի ղեկավարությամբ, ինչպիսին ԽՍՀՄ գեղարվեստների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Բորիս Իոգանսոնն էր, Զաքար Խաչատրյանը փայլուն ավարտեց Ակադեմիան, և, պետական քննական հանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ գեղարվեստների ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Ալեքսանդր Գերասիմովը հենց նրան ընտրեց իր արվեստանոցում ևս չորս տարի կատարելագործվելու: Այսպես կերտվեց դասական ռեալիստ նկարիչը: Սակայն Զաքար Խաչատրյանը անհաղորդ չմնաց աշխարհում` մասնավորապես Ֆրանսիայում, գեղանկարչության առաջավոր զարգացումներին: Խոսքն, անշուշտ, վերաբերում է իմպրեսիոնիստական ուղղությանը, որում գույների ճիշտ և հմուտ համադրությամբ հնարավոր է դառնում աշխարհը ավելի ճիշտ ընկալել` հասնելով անհրաժեշտ տարածության, օդի թափանցիկության, մարդու տրամադրությունների նուրբ արտահայտման գեղարվեստական առավել գեղեցիկ ընդհանրացումների: Զաքար Խաչատրյանի ոգեշնչման և ստեղծագործության նյութը բնությունը և մարդկային կյանքն է` իր հաճելի ու դաժան դրսևորումներով:

1968 թվականից դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1981 թ-ից եղել ամբիոնի վարիչ, 1984 թ-ից՝ դեկան:

1986 թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում: ԽՍՀՄ եւ Հայաստանի նկարիչների միության անդամ: 1995 թ.-ից Սանկտ-Պետերբուրգի գիտության եւ արվեստի պետական ակադեմիայի անդամ:

1962 թ.-ին, Սիսիան քաղաքում, Մերկուրովի եւ Կոջոյանի արվեստի դպրոցներից հետո երրորդը ՝ հանրապետությունում, հիմնադրել է մանկական գեղարվեստի դպրոցը, որը 1998 թ.-ին անվանակոչվել է նրա անունով: Նույն թ.-ին նրան շնորհվել է Սիսիանի համայնքի պատվավոր անդամի կոչում:

1983 թ.-ին ստացել է ՀՀ վաստակավոր, 2005 թ.-ին՝ ՌԴ վաստակավոր, 2012 թ.-ին՝ ՀՀ ժողովրդական նկարչի կոչում:

Պարգեւատրվել է՝ Ժուկովի մեդալով, «1941-1945 թ.թ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալով, Կարմիր Աստղի շքանշանով, Հայրենական մեծ պատերազմի 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշաններով, «Արիության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար» մեդալներով, «1941-1945 թ.թ. Հայրենական մեծ պատերազմի 50-ամյակ» հոբելյանական շքանշանով: Հայրենական պատերազմի մասնակիցների՝ Սանկտ-Պետերբուգի վետերանների խորհրդի նախագահն էր:

2015 թ-ին պարգեւատրվել է հայ առաքելական եղեղեցու բարձրագույն՝ «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» շքանշանով:

2006 թ.-ին Սիսիան քաղաքի իրենց առանձնատունը նվիրել էր պետությանը՝ իր եւ եղբոր՝ հայտնի քանդակագործ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան դարձնելու մտադրությամբ: ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ 2016 թ.-ի հոկտեմբեր ամսին սկսվել էին տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները, եւ փափագում էինք նրա հետ միասին ձեւավորել տուն-թանգարանը: Ցավոք, մեծ վարպետը, սեւ գույնը մերժած նկարիչը, կենդանության օրոք չհասցրեց տեսնել իր եւ եղբոր թանգարանը, բայց այն կդառնա նշանավոր արվեստագետների հավերժացման եւս մեկ վկայություն՝ պահելով նրանց մշտագո ներկայությունը ծննդավայրում:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի վարիչ

 

 

2 մեկնաբանություն ԻՐ ՀԵՏ ՏԱՆԵԼՈՎ ՄԻ ՈՂՋ ԴԱՐԱՇՐՋԱՆ … հոդվածին

  1. Ցավալի լուր բոլորիս համար
    Գնաց երկնային արքայություն Հավերժին թողնելով
    երկրային գործերն Այնքան գեղեցիկ բնական
    Ննջես խաղաղությամբ մորեղբայր…

  2. Varduhi Adamyan says:

    Ցավալի լուր…
    Թվում էր միշտ պիտի ապրի…Լուսավոր մարդ էր, լույս դառնա հոգին:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *