ԼԱՎԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ՝ ՀՈԳԻԴ ՋԵՐՄԱՆՈՒՄ Է…

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է:

-Սիրելի Արուս, շնորհակալ եմ, որ չմերժեցիր զրուցել քեզ համար նրբին, ցավացնող, շատ անձնական, շատ դժվարին՝ հաշմանդամության թեմայի՝ շուրջ:

-Հաշմանդամ բառը չեմ սիրում, ինձ էլ հաշմանդամ չեմ զգում, դրա համար էլ համաձայնվեցի: Բայց պիտի խնդրեմ, որ դժվարություններից, խնդիրներից, պրոբլեմներից չխոսենք: Հիմա բոլորն էլ դժվար են ապրում, էլ ո՞ւր մնաց՝ հաշմանդամը, մյուս կողմից՝ ես հոգեբանական բավականին համառ պայքարում հաղթահարել եմ հաշմանդամի բարդույթը եւ չէի ցանկանա կրկին վերադառնալ դրան ու վերապրել այն, ինչ արդեն անցյալում է:
-Դու ե՞րբ հասկացար, որ…
-Երբ երեխա էի, բայց այն ժամանակ չէի էլ մտածում այդ մասին, մտածում էի, որ բժիշկները կբուժեն: Հետո գիտակցեցի ու հասկացա, որ այն, ինչ ճակատագրով է, նրանից փախչել չես կարող: Հաշտվեցի:
-Կյանքը փոխե՞ց իր գույները:
-Երեխա ժամանակ էլ էի սիրուն նայում կյանքին, իսկ հետո հասկանալով սկսեցի սիրուն նայել:
-Ի՞նչ ընթացք էր դա:
-Ես պայքարի մեջ մտա կյանքի հետ եւ… հաղթահարեցի:
-Իսկ դժվարությունները՞…
-Դժվարությունը մարդու համար է, իսկ ես ինձ լիարժեք մարդ եմ զգում եւ կարողանում եմ ամեն ինչին թեթեւ նայել…
-Ստացվում է՞
-Հա: Ես կարողանում եմ, որովհետեւ կյանքում ավելի դժվար բաներ էլ են լինում:
-Օրինակ:
-Մահը:
-Բայց մահը հո չե՞ս հաղթահարում, որ հեշտ կամ դժվար լինի: Այն անխուսափելի է:
-Չեմ բարդացնում այն, ինչը արդեն կա: Չնայած մեկ տարեկան ութ ամսականում եմ մանկական պոլիոմելիտ տարել, բայց չեմ բողոքում աստծուց, գոհ եմ, որ կամ, ունեմ աշխատանք, ընկերներ, ինձ հարգում են, շրջապատված եմ լավ մարդկանցով:
-Հիմա՝ ի՞նձ ես համոզում, թե՝ քեզ:
-Չեմ ուզում վատը մտածել, հիշաչար չեմ, ներում եմ անգամ ինձ վատություն անողին ու ասում եմ՝ աստված ների:
-Քո մասին ասում են՝ էն սիրուն աղջիկը, որ… ոտքը… Ինչպե՞ս ես հաղթահարում այդ վերաբերմունքը:
-Ուրախ եմ, որ ինձ նկատում են, դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Շատերը կցանկանային լինել կանացի:
-Կաշկանդվո՞ւմ ես մարդկանց հետ շփվելիս, որ հանկարծ կարեկցանքի խոսքեր չասեն քեզ:
-Չեմ կաշկանդվում, մերվում եմ մարդկանց, շրջապատին, պատճառն այն է, որ լավ վերաբերմունք եմ զգում եւ փորձում եմ վատը չնկատել:
-Ի՞նչ ակնկալիքներ, սպասելիքներ ունես կյանքից, մարդկանցից:
– Հիմա՝ ի՞նչ սպասելիք կամ՝ ակնկալիք, ապրում ենք օրվա օրով: Ուղղակի ես որ լավատես եմ, միշտ լավին եմ սպասում, վատը միշտ էլ կա: Եվ հետո՝ լավին սպասելիս՝ ջերմանում ես, հոգիդ լցվում է, ու դա հեշտացնում է ապրելը այս դաժան ու նյութապաշտ իրականության մեջ:
-Խնդիրներ չե՞ն առաջանում քեզ համար:
-Իսկ ո՞ւմ համար խնդիր չկա, մանավանդ՝ հաշմանդամի: Բայց, փառք աստծո, ես դեռ աշխատանք ունեմ, կարողանում եմ հոգալ իմ մասին:  Մտածում եմ նաեւ, որ ժամանակը ամեն ինչ հարթում է: Չեմ սպասում, որ որեւէ մեկը ինձ համար մի բան անի, հույսս ինձ վրա եմ դնում:
-Քո հաշմանդամությունը երբեւէ քո դեմ օգտագործե՞լ են:
-Եղել է, դա էլ է եղել, երբ կրճատման պատրվակով ինձ ազատել են աշխատանքից: Նման մարդիկ հոգով եւ մտքով են հաշմանդամ: Եվ հասարակության համար ավելի վտանգավոր են հենց հոգու եւ մտքի հաշմանդամները, իսկ ֆիզիկական հաշմություն ունեցող մարդը ի՞նչ վնաս կարող է տալ հասարակությանը, բացի նրանից, ինչ արդեն իրենն է:
-Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր, ի՞նչ է դա քեզ համար:
-Սովորական մի օր, ինչպես տարվա մնացած բոլոր օրերը: Սկզբում, երբ նոր էր այդ օրը հիշատակվում մեզանում, մտատանջության մեջ էի ընկնում՝ ինչո՞ւ՝ ես, ինչի՞ համար, հիմա հաղթահարել եմ նաեւ այդ բարդույթը եւ փառք եմ տալիս աստծուն: Ես դժվարին ճանապարհ եմ անցել հաղթահարելու ճակատագրորեն ինձ բաժին ընկածը: Այդ ընթացքում հասկացել եմ, որ պայքարի մեջ եմ մտել կյանքի հետ: Պիտի հաղթեի կամ՝ պարտվեի: Բայց ես հաղթեցի: Եվ շարունակում եմ կյանքին սիրուն նայել այնպես, ինչպես՝ նայել եմ մանկության աշխարհում:
-Ի՞նչ ես մաղթում քո կարգավիճակում գտնվող մարդկանց:
-Շատ եմ ցանկանում, որ բոլորը լինեն առողջ, իսկ եթե ճակատագիրը տվել է այն, ինչը չես ցանկացել, պետք չէ ընկճվել, թող ուժ գտնեն իրենց մեջ՝ ինձ պես առաջ նայել, լավատես լինել, ու փոխեն իրենց վերաբերմունքը եւ իրենց, եւ շրջապատի եւ իրականության հանդեպ, որ ոչ միայն տանելի լինի առանց այն էլ դժվարին կյանքը, այլեւ՝ գեղեցիկ…

Զրուցեց՝ Ա. ԱՄԻՐՅԱՆԸ
03.12.2013

2 մեկնաբանություն ԼԱՎԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ՝ ՀՈԳԻԴ ՋԵՐՄԱՆՈՒՄ Է… հոդվածին

  1. Աշոտ Նալչաջյան says:

    գեղեցկուհի ես-ոչ միայն արտաքինով,պինդ կաց

  2. Lusine Unanyan says:

    Es shat hpart em qrz pes morqur unenalu hamar.mian mi ban kasem kga mi or guce bolor@ klqen qez bayc inaci Astvac erbeq qez menak chi toxni.Tox Astvac qec liq@ liq@ orhni

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *