ԼԱՎ ԱՇԱԿԵՐՏ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԼԱՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ

«Այս կյանքում գիտելիքից թանկ, կայուն եւ մնայուն արժեք չկա»,- ասաց թիվ 5-րդ դպրոցի ուսուցչուհի Լիաննա Սահակյանը` տարածաշրջանային առարկայական օլիմպիադայում լավագույն արդյունքներ ցուցաբերած իրենց սաներին պատվոգրեր հանձնելու առթիվ դպրոցի դահլիճում կազմակերպված միջոցառման ժամանակ:

Կարեւորելով նաեւ ուսուցչի դերը աշակերտի ձեւավորման, կայացման եւ գիտելիքների ամբարման գործում, ուսուցչուհին խորին համոզմունք հայտնեց, որ լավ աշակերտ ձեւավորում են լավ ուսուցիչները:
Լավ աշակերտ լինելը իր մեջ ներառում է նաեւ լավ մարդ, լավ զավակ եւ լավ քաղաքացի ընկալումը, ինչը ընդգծեց օլիմպիական երկու տեղ նվաճած աշակերտներից մեկի` Օֆելյա  Բաղդասարյանի հայրը` երախտագիտություն հայտնելով ուսուցիչներին, դպրոցին, տնօրինությանը` իրենց երեխաների վրա ներդրած ավանդի, տքնանքի եւ ջանադրության համար: Ծնողների անունից շնորհակալություն հայտնելով իրենց երեխաներին այս բարձունքին հասցնելու համար, նա ավելացրեց, որ թեեւ դպրոցը համարով 5-րդն է, բայց` առաջինն է գիտելիքների եւ մրցանակների թվով եւ հաջողություն մաղթեց օլիմպիականներին մարզային եւ հանրապետական փուլերում նույնպես բարձր պահելու թե դպրոցի, թե ուսուցիչների պատիվը, եւ թե պահպանելու լավագույնի իրենց տեղը:
Հուզմունքը, ուրախությունը, երախտագիտությունը միախառնելով իրար, գրեթե նույն միտքը հնչեցրին նաեւ 15 մրցանակայնի տեղ իրենց դպրոցին եւ ուսուցիչներին պարգեւած օլիմպիականները, ովքեր ոչ միայն օրվա տոնական մթնոլորտի «մեղավորներն էին», այլեւ, կարծում եմ, ժամանակակից` անկաշկանդ, ինքնավստահ, ինքնուրույն եւ մեծ ձգտումներով ու հավակնություններով օժտված սերնդի վառ ներկայացուցիչները: 05
Դրա հավաստիացումն ու վկայությունն էր այն, որ օլիմպիականներՄանեն, Վիկտորիան, Աննան, Լուսինեն, Անուշը, Եպրաքսիան, բոլորը իրենց միտքը, ասելիքը հնչեցրեցին գեղեցիկ ու անուշ հայերենով, գրագետ ու հարուստ բառահումքով` արժանի լինելու այն ուսուցիչներին, այն ջանքին ու տքնանքին, որ ներդրվել է` իրենց այսպիսին դարձնելու համար:
13 առարկայից 13 մրցանակակիր, 2-ը` կրկնակի մրցանակով: Այս թվերը մեզ ներկայացնելիս դպրոցի տնօրեն Հովիկ Ալեքսանյանը նշեց, որ հեշտ չի տրվել այդ արդյունքը, սակայն ժամանակակից տեխնիկայի դարում ապրող ու մեծացող սերնդի համար դա սահմանագիծ չէ, եւ նա պիտի ավելիին ձգտի: «Աշակերտին պիտի թեւավորել, որ մեծանա թռչելու ձգտումը»,- ավելացրեց տնօրենը, ասելով, որ միջոցառումը կազմակերպելու հիմքում էլ այդ ցանկությունն է դրված եղել, որ մյուսներն էլ համակվեն թռիչքի ձգտումով:
Օլիմպիական ընկերներին շնորհավորելու եւ նրանց տոնը, իրոք, տոն դարձնելու համար դպրոցի սաների մասնակցությամբ հնչեցին  գեղարվեստական կատարումներ`  տոն պարգեւելով  նաեւ ծնողներին, հյուրերին, ուսուցիչներին:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *