ԼԱՎ ՄԱՐԴՈՒՆ ՕՋԱԽԻ ՄԱՐԴ ԵՆ ԱՍՈՒՄ

Գյուղի տան դարպասի դռանը նստած Եվգենյա մայրիկը համակ բարություն էր ու համակ խոհ: Սիրունատես, կոկ ու կոկիկ, մեղմ ու ջերմ ժպիտով: Մտածեցի, թե որ  հիմա` 80 տարեկանում էսքան սիրուն է ու բարեկազմ, ջահել տարիներին պիտի ո~ր… Դարպասի դռանը նստած` ասես լավ ու բարի լուրի էր սպասում, ասես հյուրի ու անցորդի էր սպասում, որ հալ ու հարցում անի, տեսնի` ոնց են ապրում, ոնց չեն ապրում, հասցնում են երեխաներին շոր ու կոշիկ գնել, գիրք ու տետր գնել, ու թե մեկը տկար է, սիրտը պիտի ցավա՛, ցավա…«Հարազատի համար սիրտը ցավում է, օտարի համար ցավում է, գյուղի, գյուղացու համար ցավում է»,-ասում է Լարիսա հարսը, ու Եվգենյա մայրիկի դեմքը ողողվում է ժպիտով` բարի, մայրական, մեղմ ու տաք ժպիտով: Ասում եմ` Եվգենյա մայրիկ, Սիսիանից եմ եկել, եկել եմ տեսնեմ` ոնց ես, ոնց չես, ասում եմ` երեւում է` լավ ես ապրել, լավ ես ապրում, բա էս աշխարհի վերջը ի՞նչ է լինելու: Չգիտեմ` որտեղից միտքս եկավ, որ Եվգենյա մայրիկը բակունցյան չքնաղ մի պատմվածքի սիրուն կերպար կարող էր լինել` մեծ գերդաստան – օջախում իր դերով, իր 21 թոռ ու ծոռով, իր որդիներով ու հարսներով: Ասես կռահում է միտքս եւ ասում. «որդիներիցս որի մոտ էլ գնամ, իմ տունն է, բայց Հակոբջանանց Մամիկոնի օջախը սա է, ուր էլ գնամ, պիտի ետ գամ էստեղ, էս պատերը, էս բակը, էս այգին, էս տունը իմ կյանքը-կենսագրությունն է»: Հետո հարցնում եմ, թե` քաղաքականությամբ հետաքրքրվո՞ւմ է, ի՞նչ կարծիքի է Աղասի որդու` Սիսիանի համայնքի ղեկավար դառնալու մտադրության մասին: Մի պահ նորից ինքն իր մտքի հետ տալիս – առնում է, հետո բարձրաձայնում, որ` հա, իհարկե, քաղաքականությունով հետաքրքրվում է, լուրերը պարտադիր լսում է, բա չիմանանք` ինչ է կատարվում աշխարհում ու ավելացնում է. «Ինձ բախտավոր մայր, բախտավոր կին, բախտավոր սկեսուր, բախտավոր տատ են համարում: Ես էլ եմ համարում, ու աստծուն փառք եմ տալիս: Ինքն է դատողը, թող դատի: Ամեն երեկո անկողին մտնելիս մտքում աղոթում եմ աշխարհի, բոլորի, հետո` իմ զավակների, թոռների համար, ամեն լուսաբացի` նույնը: Օրհնանք տուր, օրհնանք ստացիր, բարին մաղթիր, բարություն ստացիր »,-ասում է ու ծերունազարդ ձեռքերը դնում գոգը: Նորից միտքս է գալիս բակունցյան չքնաղ պատմվածքի մի հերոսուհի` ճերմակազարդ, ավանդական ու ավանդապահ մի մայր` բախտավոր իր ապրած կյանքով, իր հարգն ու հարգանքը պահած:
Ասում եմ` Եվգենյա մայրիկ, շատ սիրուն ես եղել, Մամիկոն հայրիկը պիտի որ փախցներ քեզ. թեթեւ շառագույն է անցնում նրա դեմքով: Չէ՛, չի փախցրել: Պատերազմի ժամանակ գյուղում ուրախություն, հարսանիք չի եղել, պատերազմից հետո գյուղի առաջին հարսանիքը մերն էր` 46 թվին, հետո ծնվեց Աբոն, հետո` Բենիկը, Տանիկը, Աղասին, հետո` թոռները, ծոռները: Հետո` տունը ներսից մեծացավ, ուրախությունը սրտով մեկ եղավ, տխրությունը` սրտով մեկ, ու 80 տարին իմաստավոր ապրվեց, բախտավոր ու աստծուց գոհ ապրվեց, պահեց- պահպանեց Հակոբջանանց գերդաստանի կարգը, սարքը:
Նորից հարցնում եմ, թե ինչ է մտածում Աղասի որդու մասին, ասում է` «Աստված ամեն մարդու սրտով իրեն տա: Թե որ ուզում է իրեն հոգսի տակ դնի, բեռի տակ դնի, թող դնի, ես օրհնանքս ու բարի մաղթանքս եմ տալիս ու աստծո կամքին եմ թողնում ամեն ինչ: Աղասին ակտիվ է, համարձակ, դեռ երեխա ժամանակ ամեն վիճակից դուրս գալու ելք ու ձեւ էր գտնում: Լա՛վ էր սովորում, լա՛վ: Աշխույժ էր, սիրում էին թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: Դե` մարդը չի փոխվում: Ինչ կա` կա: Մեծանալով հասունանում է, իմաստնանում, չափ ու ձեւ է սովորում, ու թե ինքը որոշել է…»:
Բակը` մաքուր, ավլած, հողամասը` տեղը տեղին: Հարցնում եմ, խի՞ստ է եղել զավակների նկատմամբ, ասում է` ուսումի տալու հարցում` շատ: Անպատրաստ, անարդուկ, անսարք դպրոց չի ճամփել, ցանկացել է լավ զավակներ դաստիարակել, պիտանի մարդիկ դաստիարակել: «Ամեն զավակի համար իր մայրը սրբություն է: Ես էլ` իմ զավակների համար: Իսկ ամեն զավակ իր օջախի, իր տան, իր ընտանիքի արդյունքն է եւ գնահատականը»:
Հին ալբոմն ենք թերթում: Զավակներով, թոռներով շրջապատված Եվգենյա մայրիկը բոլոր նկարներում սիրուն է: Ասում են` մարդը նաեւ օջախով է մարդ, օջախից դուրս եկած մարդը հեռվից հեռու էլ երեւում է, նրա ստացած կրթություն-դաստիարակությունը տան մուտքից էլ երեւում է, ու լավ մարդուն օջախի մարդ են ասում:
Երբ հրաժեշտ էինք տալիս Եվգենյա մայրիկին` նորից նստեց տան դարպասի դռան նստարանին, նորից համակ բարություն ու համակ խոհ դարձավ, նորից ծերունազարդ ձեռքերը դրեց գոգը ու…
Տոլորսին եւ Եվգենյա մայրիկին հրաժեշտ տալիս ասացի, հույսով ասացի, որ նորից կհանդիպենք, մեր ցանկությունը իրականություն դարձած կհանդիպենք ու փառք կտանք աստծուն, որ Սիսիանը իր ծանր, ամենածանր փորձությունից իրեն պատվով դուրս կբերի` իր կատարած արժանավոր ընտրությամբ:

Արեւհատ Ամիրյան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *