ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻՆ ՕՐԸ … ՉԻ ՄԹՆՈՒՄ

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ-100

Սիսիան քաղաքի մի փոքրիկ անկյունում բեկորվում, Սահյանվում է քարը: Աչքիդ առջեւ ծնվում է՝ քարեղեն: Ու այս ծնունդին սպասել ենք: Սպասել ենք թաքուն հպարտությամբ, ներքին խռովքով, տանտիրոջ անհամբերությամբ, որովհետեւ ամենքիս մեջ Սահյան կա՝ մի մասրենու բույրով, մի վարսաթափ ուռենու նազով, մի նաիրյան դալար բարդու շրշյունով, մի ավերակ վանքի լռած զանգի ղողանջով, մի ապուպապոտ քարի կանչող լռությամբ, հավիտենության խորհրդի վերծանման ձգտումով: Սահյանվում է քարը: Ու քարեղեն է ծնունդը նրա՝ քարից սկսվող, քարից հասակ առնող, ինքն իրեն հենված, բնությանը հենված:
Հեղինակում է մեր մյուս տաղանդաշատ հայրենակիցը՝  Գետիկ Բաղդասարյանը, որ իր համար որքան որ պատիվ է համարում Սահյան քանդակելը, նույնքան՝ մեծ պատասխանատվություն Սահյանի ու հայրենակիցների առջեւ:
Վարպետի հետ զրուցեցինք աշխատանքի պահին:

-Ինչպե՞ս ծնվեց Սահյան քանդակելու միտքը:
-1980 թ-ի ձմռանը Մոսկվայից հաղորդում էին ցուցադրում Սահյանի մասին: Պատահաբար իրենց տանն էի: Ցուրտ էր:
Վերարկույով նստեց, հաղորդումն էր նայում: Պահն իրեն շատ բնորոշ էր՝ հենված ինքն իրեն, հենված բնությանը, քանդակի լեզվով այդպես զգացի իրեն, ու ծնվեց միտքը: Ինքն էլ շատ հավանեց այդկերպ ընկալումը:
-Սահյանն ինչպե՞ս է ապրում Ձեր մեջ:
-Սահյանին համեմատում եմ Սարյանի հետ: Ինչպես մեծ վրձնահարվածներով Սարյանը ստեղծում է Հայաստանը՝ արեւոտ, փիլիսոփայորեն, մեծ կտորներով, նույն կերպ Սահյանը մեծ գույներով բանաստեղծությունն է ստեղծում, որ շատ հոգեհարազատ է, շատ հայերեն, շատ մեր հողից ելնող է ու ամենքի սիրտը հուզող, մի բան ասող, մի գեղեցիկ խոսք, մի փիլիսոփայություն, մի ամպի կտոր, մի ամպի ծվեն, մի հետք թողնող: Հրաշք է, ինձ համար հրաշք բանաստեղծ է Համո Սահյանը:
-Սահյանի ցանկացած տող, ցանկացած միտք խորն է, փիլիսոփայություն է, տարողունակ է, անակնկալ է: Ո՞րն է ձեր ամենասիրած տողը, միտքը:
-Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում…
Սա ամբողջ Հայաստանն է: Ոչ ոք այսպիսի բան չի ասել՝ ժայռից մասուր է կաթում… Գունեղ, գեղեցիկ, հրաշք բան է: Այս տողերը քանդակված են իմ մեջ: Հենց ասում են Սահյան, դա եմ հիշում:
-Սահյանն ասում է՝ քարը սլացք, քարը՝ թռիչք, քարը՝ երթ, քարը՝ խաչքար, քարը՝ արծիվ, քարը՝ երգ: Իսկ ի՞նչ է քարը Ձեզ համար:
-Քանդակագործի ամենամոտ ընկերն է, ամենահզոր նյութն է: Գործն սկսելուց առաջ նրա հետ ոնց որ կռիվ տաս, կամ պետք հաղթես, կամ՝ պարտվես: Եթե լավ ստացվեց աշխատանքդ, հաղթում ես, եթե վատ, պարտվում ես: Երբ սկսում ես աշխատել, սկզբում քարը քեզ դիմադրում է, քեզ չի ընդունում, թարս բաներ է անում…
-Քարություն է անում…
-Հա՛, հետո սկսում է կամաց-կամաց քեզ ենթարկվել այն կատաղած նժույգի պես, որ պիտի դառնա քո ընկերը, հարազատանաք ու գնաք միասին: Հետո, երբ որ ավարտում ես գործը, այն դառնում է քո մի մասնիկը:
-Ըստ Ձեզ, ո՞րն է Սահյանի կենսափիլիսոփայությունը:
-Մանկությունից եկող իր շատ պարզ, մաքուր, ջինջ ասելիքը, որ հասնում է մարդու սիրտը, խռովում, հուզում:
-Երեւի պատահականություն չէ, որ Սիսիանում տեղադրվող Սահյանի քանդակը Դուք եք ստեղծում, չնայած ամենեւին հակված չեմ դա պայմանավորել եւ նրա, եւ Ձեր՝ այստեղի ծնունդ լինելով:
-Գուցե: Արտաշես Հովսեփյանը պիտի աներ, որին շատ սիրում եւ հարգում եմ, սակայն տարբեր պատճառներով չի ստացվել: Բայց ես էլ պիտի անեի, որովհետեւ արդեն պատրաստ ունեի իմ կոմպոզիցիան, Սահյանը տեսել է, շատ է հավանել: Ինձ թվում է, որ Սահյանի կերպարը ես մարսել եմ, չնայած այդ ահռելի, այդ հսկա կերպարը մարսելը դյուրին չէ, եւ հեշտ չէ այդ կերպարը քարի մեջ դնել, որը բազմաթիվ բարդությունների հետ է կապված:
vorotan12032014-1-Ո՞ւմ նախաձեռնությամբ է Սիսիանում Սահյանի քանդակը տեղադրվում, ո՞վ է պատվիրել :

vorotan12032014-2

2002թ., Երևան

-Սիսիանի քաղաքապետ Գառնիկ Հովակիմյանը:
-Որքան էլ որ ընդունում ենք, որ Սահյանը ազգային մեծություն է, որ նա միայն Որոտանի երգիչը չէ, ինչպես փորձում են նեղացնել նրա շրջանակները, նա Հայաստան աշխարհի գույնն է, տողն է, կանչն է, ակոսն է, կերպարն է, այնուամենայնիվ, կյանքի վերջին տարիներին գրված այսպիսի տող ունի՝ «Համո Սահյանն իր Լորինն»: Ինչպե՞ս եք մեկնաբանում:
-Իր արմատներով իր մանկությունից է գալիս, իր ծննդավայրից: Այդ տարիների ապրածն է դարձել միտք, բանաստեղծություն, արմատները շատ ուժեղ են ու պինդ, իր ծննդով պարտական է իր Լորին, որ շատ էր սիրում եւ որտեղից ինքը սկսվում էր: Սա սերն է իր ծննդավայրի, իր երկրի, իր հայրենիքի հանդեպ:

-Պատահականություն չի, երեւի, որ Սահյանի մոտ էլ է քարը շատ, Ձեզ մոտ էլ:
-Լավ է, որ համեմատում եք, բայց ինքը հրաշք է: Ինքը քարին ուրիշ շունչ ու որակ է տալիս: Արդեն նրան նայում ես ոչ թե որպես քար, այլ՝ փիլիսոփայորեն ինչ-որ ուրիշ բան, ուրիշ կենդանություն, ուրիշ գեղեցկություն: Ինքն էլ է քանդակում՝ խոսքերով;
-Գետիկ Բաղդասարյանը քարի մեջ, երկաթի մեջ ոգի է դնում: Ձեր աշխատանքներից շատերն այն տպավորությունն են թողնում, կարծես մի գետափից, մի կալից, մի դաշտից հենց նոր դրանք «գտել-վերցրել եք» եւ ցուցադրում եք: Նույն զգացողությունը կա Սահյանի բանաստեղծություններում: Դուք զուգահեռներ տեսնում ե՞ք:
-Քանդակագործությունը լակոնիկ արվեստ է, պոեզիան՝ ուրիշ: Ինքը ավելի շատ է զգում, քան՝ ես: Ինքը շա՜տ շատ անհաս է:
-Դուք հաճախ եք քանդակում մեր մեծերին՝ Խորենացի, Նարեկացի, Չարենց, Առնո Բաբաջանյան, Սարյան, Հրանտ Մաթեւոսյան: Ահա եւ՝ Սահյան: Ինչո՞վ է պայմանավորված, խորհուրդ ունի՞:
-Խորհուրդ ունի: Եթե մեր մեծերին չսիրենք, մեզ էլ չեն սիրի: Նրանք մեր սյուներն են: Եթե մեր պապերին չհիշենք, հիշողություն չենք ունենա: Իսկ հիշողությունն այն է, որ տանում է ապագա: Հզոր մտքեր, անհատականություններ ունենք, որոնց չսիրել հնարավոր չէ: Չսիրել չի կարելի Խորենացուն, Վարդանին, Եղիշեին, Թումանյանին, Սահյանին: Չսիրել հնարավոր չէ: Ահա խորհուրդը:
-Մի քիչ էլ՝ ձեր մասին:
-Ծնվել եմ Սիսիանում, Բորիսովկայում (այժմ՝ Ծղուկ): Մեկ տարեկանից կորցրել եմ հորս, տաս տարեկանում ընտանիքով տեղափոխվել ենք Երեւան: Երկու քույրերիս եւ ինձ խնամել է մայրս: Դժվարություններ շատ եմ տեսել, դժվարությունից չեմ վախենում: Կարմիր դիպլոմով ավարտել եմ Թերլեմեզյանի ուսումնարանը, գեղերվեստա-թատերական ինստիտուտը, աշխատում եմ ինստիտուտում, քանդակի ամբիոնի վարիչն եմ: Պաշտոն-բան չեմ սիրում: Պարզապես կան լավ ուսանողներ, որոնք, իսկապես, պիտի մի բան ստանան, ինքնուրույն շարունակեն իրենց ճանապարհը:
Արվեստը մեր ազգի ուժերից, սյուներից մեկն է, իշխանավորների ընդունել-չընդունելով չի: Դա այդպես է: Քանդակագործությունը պետական արվեստ է: Շնորհակալ եմ, որ հանդիպեցի Կոստյային (Կոստյա Խետագուրով,- Ա.Ա.), որ օգնում է «թեթեւացնել» այս քարը: Ես շատ բծախնդիր եմ, բայց վստահում եմ նրա բազուկներին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անգամ մեկ գրամ օգնել են, օգնում են:
-Սիրելի վարպետ, Ձեզ քիչ գիտեն Սիսիանում, եւ՝ քչերը գիտեն:
-Հա, դե քիչ եմ ապրել այստեղ: Մտերիմներս ու բարեկամներս գիտեն: Մի քիչ իմացան Զանգեզուրի դարպասները քանդակելիս: Ռեկլամվել չեմ սիրում: Գործով պիտի իմանան, զոռով շոու չես սարքի: Եվ հետո՝ մարդիկ էնքան հոգսեր ունեն, որ պարտադիր էլ չէ, որ իմանան:
-Անհավանական է թվում, որ այս հսկա քարաբեկորը շունչ, ոգի, մարմին, կերպար պիտի ստանա:
-Չէ՛, ստանալու է, պարզապես երկար ժամանակ է պետք: Գեղեցիկն այն է, որ չես հավատում, բայց մի բան կատարվում է: Ամենաանսպասելին այն է, որ չես սպասում, մեկ էլ մի գեղեցիկ բան է լինում: Բայց դժվար է, ահավոր դժվար է: Պատասխանատու է, չպետք է սխալվել:
-Ե՞րբ կավարտեք աշխատանքը:
-Շատ զգուշությամբ պետք է անել ամեն ինչ: Ժամկետ կա, բայց պետք է արագացնել: Եթե աշխատանքը սիրվի ժողովրդի կողմից, ուրեմն հասած կլինեմ իմ նպատակին:
-Սահյանն անմահ է իր չքնաղ պոեզիայով, Դուք՝ Ձեր քանդակներով: Աստծո հաջողությամբ դրանց  կավելանա այս աշխատանքը եւս, եւ, երեւի, Ձեր «պարտքը» Սահյանի հանդեպ կատարած կլինեք: Հաջողություն Ձեզ:

Հարցազրույցը վարեց Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ
(«Որոտան», 9 հուլիսի, 1999 թ. Սիսիան)
12.03.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *