ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ «ԽՈՊԱՆՉԻ»

«Հայրս խոպանչիկ է, տարվա մեջ միայն ձմռանն է տանը լինում», «Ի՞նչ կա Հայաստանում, ոչ գործ, ոչ…», «Այստեղ չենք ապրում, գոյատևում ենք …»: Նմանատիպ արտահայտություններ կարելի է լսել ամեն քայլափոխի` թե՛ ավագ,  թե՛ կրտսեր սերնդից: Հայաստանում աշխատանք չգտնելու պատճառով մարդիկ ստիպված են հեռանալ արտերկիր: Գաղտնիք չէ, որ միգրանտներն արտերկրում երեք անգամ ավելի բարձր են վարձատրվում, քան` Հայաստանում: Ճիշտ է, միգրացիան իր բացասական ազդեցությունն է թողնում հողատարածքների վրա, որոնք աստիճանաբար անապատացվում են, գյուղական համայնքները ծերանում և, որ ամենասարսափելին է,  արտագնա աշխատանքը բազում ընտանիքների պառակտման պատճառ է դառնում: Չենք կարող ժխտել նաև այն փաստը, որ միգրանտները խնդիրներ են ունենում նաև արտերկրում: Դժվար է օտար երկրում օրինական աշխատանք գտնել, էլ չենք խոսում ոստիկանության, աշխատանքային տեսչության, առողջապահական հիմնարկների հետ ծագող հիմնախնդիրների մասին: Եղել են դեպքեր, երբ մարդիկ մեկնել են աշխատելու, բայց ճակատագրի հեգնանքով թրաֆիկինգի զոհ են դարձել: Քիչ չէ նաև հայրենիք տեղափոխված մահացածների թիվը:
Մինչ համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանից մարդկանց արտահոսքը շարունակական բնույթ էր կրում:
ՀՀ Առաջադեմ Սոցիալական Տեխնոլոգիաներ Կենտրոնի ներկայացուցիչ Ալինա Պողոսյանի տրամադրած տեղեկատվության համաձայն` 2002-2007թթ. միգրանտների ընդհանուր թվի 94%-ը կազմել են աշխատանքային միգրանտները, 3 %-ը մեկնել է Հայաստանից` արտերկրում մշտական բնակություն հաստատելու, 2%-ը` սովորելու, 2%-ը` այլ նպատակով: Նշենք, որ բոլոր միգրանտների 79%-ը, աշխատանքային միգրանտների 90%-ը, մշտական միգրանտների 51%-ը տղամարդիկ են: Առաջադեմ Տեխնոլոգիաներ Կենտրոնի կողմից հաշվարկվել է, որ Հայաստանի մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող չափահաս բնակիչների ընդհանուր թիվը կազմում է մոտ 900 հազ.+ 25 հազ. մարդ: 2002-2007թթ.-ին հմուտ աշխատուժի (բարձրագույն կրթություն ունեցողներ) մոտ 10%-ը կամ 90 հազ. հոգի Հայաստանից մեկնել են` արտերկրում ավելի լավ հնարավորություն գտնելու նպատակով: Միգրանտների ճնշող մեծամասնությանը (90%) հաջողվել է արտերկրում աշխատանք գտնել: Հայաստանի բնակչության զբաղվածության վերաբերյալ վիճակագրական տվյալների հիման վրա կարելի է պնդել, որ նրանց առնվազն 30%-ը գործազուրկ կլիներ, եթե նախընտրեր մնալ Հայաստանում: Մնալ Հայաստանում և հազիվ հացի փող վաստակելու փոխարեն շատերը նախընտրում են մեկնել արտերկիր (հիմնականում` ՌԴ): Ըստ CRRC (Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Կենտրոն) Հայաստանի ներկայացուցիչ Հեղինե Մինասյանի` իրենց ՏՏ-ին ամիսը մեկ անգամ դրամական օգնություն են ցուցաբերում միգրանտների 24 %-ը, 2-3 ամիսը մեկ` 43%-ը:
Առաջադեմ Սոցիալական Տեխնոլոգիաների կողմից արված հաշվարկների համաձայն 2002-2007թթ.-ին  աշխատանքով ապահովված միգրանտները վաստակել են ամսական միջինը 660 ԱՄՆ դոլար, մինչդեռ 2008թ-ի սկզբի դրությամբ Հայաստանի զբաղված բնակիչը վաստակել է միջինը 66 հազ. դրամ (մոտ 220 ԱՄՆ դոլար):
Դժվար է արտերկրում մասնագիտական աշխատանք գտնել, թերևս սա է պատճառը, որ մեր հայրենակիցների մեծամասնությունն այնտեղ կապույտ օձիքավորի (շինարարության ոլորտում բանվոր) աշխատանք է կատարում: Վերադարձած միգրանտների շրջանում անցկացրած հարցումների համաձայն` միգրանտերի 70%-ն աշխատել է շինարարության ոլորտում: Սակավաթիվ են եղել այն միգրանտները, ովքեր աշխատանքի են անցել առևտրի (10%), տրանսպորտի (6%), արտադրության (5%) ոլորտներում: Ոմանք մասնավոր ծառայություններ են մատուցել, օրինակ` խնամել երեխաների կամ տարեցների (6%):
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը շատերին է ստիպել վերադառնալ հայրենիք (վերջիններս արտերկրում կորցրել են իրենց աշխատանքը):
Այս անցումային բարդ ժամանակաշրջանում մարդիկ իրենց «տեղը չեն գտնում» ոչ այստեղ, ոչ այնտեղ, բայց սա ժամանակավոր փորձություն է, որին պետք է դիմակայել ու շարունակել ապրել:

Աննա ՄԱՆԱՍՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *