ԼԾԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

DSC06278

Սյունիքի մարզի Լծենի համայնքի ղեկավար Հրահատ Նիկալյանը հունիսի 1-ին իր լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել: Համայնքի ավագանին չի առարկել, եւ համայնքի ղեկավարի հրաժարականի դիմումը ներկայացվել է Սյունիքի մարզպետարան: Լծենի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Դերենիկ Հովհաննիսյանը:

Ի՞նչն էր 17 տարի համայնքի ղեկավարի պաշտոնում աշխատելուց հետո հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառը մեր հարցմանն ի պատասխան Հրահատ Նիկալյանն այն պայմանավորեց նոր, հեռանկարային աշխատանքի առաջարկ ստանալու հանգամանքով, միաժամանակ նշեց, որ նոյեմբերին կայանալու է համայնքների խոշորացման գործընթացը, եւ, այսպես թե այնպես, նոր աշխատանք փնտրելու խնդիր էր ծագելու:

Համայնքի բնակիչներն ինչպես ընդունեցին իր հրաժարականի դիմումը հարցմանն ի պատատսխան Հրահատ Նիկալյանն ասաց, որ ամենեւին էլ իր լավ ժամանակները չէ, որ ապրում է այսօրվա գյուղը, հատկապես՝ Լծենը, բայց կարծում է, որ 17 տարիների ընթացքում իր կարեւոր խոստումները կատարել է, եւ կարող է հանգիստ խղճով հեռանալ պաշտոնից: «Բայց դպրոցների օպտիմալացումը կոտրեց թե գյուղի, թե՝ բոլորիս մեջքը: Միանգամից 30 ընտանիք տեղափոխվեց գյուղից, ու մինչ օրս գյուղը դեռ ուշքի չի գալիս: Այնինչ՝ մեծ ջանքերի արդյունքնում դպրոցն առանձնացրել էինք հարեւան գյուղի դպրոցից, նոր շենք ձեռք բերել… Ծրագրեր էինք բերում, բայց աշխատող չկար, մարդ չկար, որ աշխատեր… Այնուամենայնիվ՝ կարծում եմ, որ իմ տված խոստումների հիմնական եւ կարեւոր մասը կատարել եմ, եւ ամոթով չեմ մնացել համագյուղացիներիս առջեւ»,-ասում է այլեւս արդեն նախկին համայնքապետը: «Բայց հիմա էլ դու ես լքում գյուղը» մեր ակնարկին Հրահատ Նիկալյանը պաստախանում է ասելով, որ ինքը չի լքում գյուղը, այստեղ իր ծնողներն են, իր հարազատ-բարեկամները, ապրիլյան քառօրյայում զոհված եղբոր՝ Եղիշեի հիշատակին կառուցվող հուշաղբյուրը, որը դեռ անավարտ է, եւ գյուղի հետ կապված զբոսաշրջային իր մի քանի ծրագիրը, ինչը մեծ հեռանկար է համարում գյուղի համար: Հրահատ Նիկալյանը պատրաստակամություն հայտնեց նաեւ հնարավորինս աջակցել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ հունի մեջ մտնելու եւ համայնքային աշխատանքները պատշաճորեն կատարելու համար:

Ի՞նչ չհասցերեց անել եւ ի՞նչ կարեւոր խնդիր գյուղի համար մնաց չլուծված հարցմանն ի պատաստխան էլ ասաց, որ մնացած բոլոր խնդիրները համապետական են, եւ սուղ հնարավորություններով ու նվազագույն բյուջեով դրանք անհնարին է լուծել…

Զրուցեցինք նաեւ Լծենի համայնքի ղեկավարի պաշտոնակար Դերենիկ Հովհաննիսյանի հետ: Նա նշեց, որ 1994-1996 թ.թ.-ին եղել է Լծենի գյուղխորհրդի նախագահը, եւ պետական աշխատանքի փորձ ունի, դրան էլ կգումարի իր նկատմամբ տածած վստահությունը եւ կփորձի արդարացնել հույսերը: Անդրադառնալով նոյեմբերին կայանալիք՝ համայնքների խոշորացմանը՝ Դերենիկ Հովհաննիսյանը նշեց, որ կաշխատի անգամ այդ 5 ամսվա ընթացքում օգտակար լինել համայնքին: «Միանգամից չի լինի, բայց կամաց-կամաց կփորձենք համատեղ լուծել առկա խնդիրները՝ ոռոգման եւ խմելու ջրի, սանիտարիայի, գիշերային լուսավորության եւ այլ հարցեր: Գիտեմ, որ ծանր բեռի տակ եմ մտել, հիմա էլ խոտհնձի շրջան է, հետո՝ բերքահավաքի, բայց ինչքան կարող եմ, օգտակար կլինեմ գյուղին, թեկուզ՝ խնդիրների 30 %-ը լուծելն էլ մեծ բան եմ համարում»,-մեզ հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դերենիկ Հովհաննիսյանը:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

620 դիտում

Մեկ Արձագանքման ԼԾԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ համար

  1. koryun -ը գրել է:

    Ցավում եմ ,սա ևս մեկ փաստ է հետընթացի,եթե մայրաքաղաքի մեկ հյուրանոցի փոխարեն 10 աշխատատեղ բացվեր Լծենում ,գուցէ Հրահատը չգնար

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *