Լուծարվե՞լ է ԵԿՄ ՍԻՍԻԱՆԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ

Հոկտեմբերի 1-ից ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի 8 աշխատողներ չեն գնում աշխատանքի. ինչպես իրենք են ասում` նստած են տանը: Փակ է նաեւ  բաժանմունքի դուռը: Լուրեր են պտտվում, որ այն լուծարվել է:
Լուծարվե՞լ է, արդյոք, ավելի քան 460 անդամ ունեցող ԵԿՄ Սիսիանի բաժանմունքը հարցով դիմեցինք տարբեր մարդկանց: Բաժանմունքի աշխատակից տիկին Մանիկը տեղեկացրեց, որ բաժանմունքի նախագահ Աշոտ Մինասյանի հրաժարականից հետո եւս մի քանի ամիս աշխատել են առանց վարձատրության, բայց ահա հոկտեմբերի 1-ից այլեւ չեն գնում աշխատանքի: Նա մտահոգություն հայտնեց կառույցի անորոշ ապագայի համար, քանի որ բաժանմունքում աշխատում էին հիմնականում զոհվածի ծնողներ, ազատամարտիկներ, զոհվածի այրիներ, իսկ թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, հայտնի չէ:
ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի նախագահ Աշոտ Մինասյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը չգիտի եւ չի կարող ասել` լուծարվե՞լ է, թե` ոչ ԵԿՄ Սիսիանի բաժանմունքը, քանի որ դեռեւս ընթացիկ տարվա մայիսի 5-ին է դիմում ներկայացրել ԵԿՄ վարչություն` բաժանմունքի նախագահի պարտականություններից հրաժարվելու մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացրեց Ա. Մինասյանը, հայտարարվել է նաեւ դրան հաջորդած` բաժանմունքի ընդհանուր ժողովում: Համապատասխան ստացականով ԵԿՄ վարչություն է հանձնել նաեւ բաժանմունքի կնիքը եւ այլեւ չի կատարել  նախագահի պարտականությունները:
Ե՞րբ կբացվեն ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի փակ դռները եւ աշխատակիցները կգնան արդյոք աշխատանքի մեր հարցադրմանը բաժանմունքի նախագահի տեղակալ Արմեն Հայրապետյանը պատասխանեց, որ թեեւ կառույցում կոնֆլիկտային իրավիճակ կար, բայց բաժանմունքը չի լուծարվել, այն իր տեղում է, երկրապահները կան, դրսում չեն, որեւէ մեկը կառույցից դուրս չի եկել: Աշոտ Մինասյանի` նախագահի պաշտոնից հրաժարականից հետո բաժանմունքը ղեկավարելու առաջարկներ արվել են  խորհրդի տարբեր անդամների, բայց կոնկրետ որեւէ մեկը առայժմ չի նշանակվել: «Սպասում ենք ԵԿՄ վարչության խորհրդի նիստին, համագումարին, որն էլ կորոշի բաժանմունքի նախագահի հարցը, իսկ թե երբ կլինի այն, դեռեւս պարզ չէ եւ հայտնի չէ: ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի ապագան անորոշ չէ. համագումարով ընտրված նախագահը իր ձեռքը կվերցնի կառույցի ղեկը, եւ այն կշարունակի իր գործունեությունը` ինչպես որ եղել է».- ավելացրեց Արմեն Հայրապետյանը:

Ա. Ամիրյան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *