ԼՈՒԾԱՐՎԵԼ Է ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Այսօր Սիսիանում կայացած խաղաղ երթի մասնակիցները, բացի «ՀՀԿ հեռացիր» եւ «Նիկոլ` վարչապետ» վանկարկումներից, բողոքի մեծ երթ կազմակերպեցին Չարենցի փողոցով, որտեղ տեղակայված է Սիսիանի բժշկական կենտրոնը: Մինչեւ երթի սկսվելը եւ ցուցարարները եւ Սիսիանի ԲԿ աշխատակիցները հայտարարեցին, որ կառավարության որոշմամբ լուծարվել է Սիսիանի բժշկական կենտրոնը եւ միավորվել քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող` Զանգեզուրի կայազորի Աղիտուի հոսպիտալին, ինչը լուրջ խնդիրների առջեւ կկանգնեցնի սիսիանցիներին` դժվարացնելով բուժծառայության սպասարկումից օգտվելը: Ցուցարարները նշեցին, որ այն պահին, երբ փակված են քաղաքի փողոցները, երբ դասադուլ եւ գործադուլ են անում ողջ հանրապետությունում, նաեւ` Սիսիանում, իրենց բողոքի ձայնը միացնելով երկրում ընթացող իրադարձություններին, նույն այդ պահին հատուկ ստեղծված մի հանձնաժողով Սիսիանի հիվանդանոցում իրականացնում է հանձնման-ընդունման գործընթաց: «Հանձնաժողով` հեռացիր» վանկարկումներով ցուցարարները պաշարեցին հիվանդանոցի շենքը, պահանջելով դադարեցնել այն գործընթացը, ինչը ուղղղակիորեն ոչ միայն չի բխում Սիսիանի եւ տարածաշրջանի 36 գյուղերի բնակիչների շահերից, այլեւ` հակասում է նրա շահերին:

Սիսիանի բժշկական կենտրոնում ցուցարարներին հայտնեցին, որ Սիսիանի քաղաքացիական հիվանդանոցը Աղիտուի հոսպիտալին միավորվելու լուրերը հավաստի են, սակայն տվյալ պահին կատարվում է ոչ թե հանձնման-ընդունման, այլ` գույքագրման գործընթաց, ինչին, բնականաբար, հաջորդելու է հանձնում-ընդունումը, եւ Սիսիանի հիավանդանոցը, վաղ թե ուշ, միավորվելու է Աղիտուի հոսպիտալին:31154061_1657197264379300_2540733486436712448_n

Բողոքի եւ խաղաղ անհնազանդության երթի կազմակերպիչները բազմիցս նշեցին, որ այս պայքարը որեւէ մեկի, որեւէ անձի դեմ չէ, այլ` պայքար է իրենց իրավունքների համար, քանի որ իրենք են տերը իրենց երկրի: Ցուցարարները նշեցին, որ Սիսիանում գործող մի քանի կառույցներ կամ փակվել են, կամ` միավորվել Կապանում եւ Գորիսում գտնվող նույնանման կառույցներին, անտեսելով եւ արհամարհելով սիսիանցիների շահերը: Գույքագրում իրականացնող հանձնախմբի անդամներին ցուցարարները հորդորեցին տեղեկացնել առողջապահության եւ պաշտպանության նախարարություններին, ովքեր իրականացնում են Սիսիանի հիվանդանոցը Աղիտուի զինվորական հոսպիտալին միավորելու ծրագիրը, որ դրա արդյունքում տասնյակ աշխատողներ կդառնան գործազուրկ, մյուս կողմից` էլ ավելի կդժվարանա  սոցիալապես վատ պայմաններում ապրող սիսիանցիների` բժշկական սպասարկումից օգտվելու հնարավորությունը:

Ցուցարարները հորդորեցին դադարեցնել գույքագրման գործընթացը, սպասել երկրում ծավալվող իրադարձություններին, ապա եւ ողջ անձնակազմով միանալ իրենց երթին:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *