ԽԵՐ, ՇԱՌ, ԱՍՏՎԱԾ…

Քրիստոնեության մասին իմ առաջին դասագիրքը, Աստվածաշունչը, եթե կուզեք, առհասարակ Վերինին իմ ճակատագրական առերեսում-առնչումը…Տատս էր…

Ճշմարիտ քրիստոնյայի և, ընդհանրապես, որևէ հավատացյալի համար կրոնական դավանանքը, դրան հոգեզինվորագրվելն ու այն իբրև կենսակերպ հռչակելն, անշուշտ, մեկ օրվա բան չէ: Հոգևոր համոզմունքը ոչ մեկ օրում է սկսում գիտակցվել, ոչ մեկ օրով է բովանդակվում, ոչ էլ մեկ օրվա` մեկ կամ հոգնակի մեղքերով կարող է ավարտվել: Այն անսկիզբ է ու անվերջ: Ալֆայի և օմեգայի հանգույն: Բայց, քանի որ, ամենայն ինչ արարչական և հոգեբուխ է, ուրեմն հավատն անսկիզբ չէ և ճառագայթի պես է, որ ծնվում է Արարիչի` Գոյության Արևի անշեջ լույսից ու կենսայրումից և ձգվում, հասցեագրվում է Երկրիս վրա ստեղծական ժամանակն ու ապրելու բացառիկ առիթը (նույն է թե` ստեղծականության) վատնող կամ նվազ հաջողությամբ ու աստվածահնազանդությամբ կյանքի կոչող մարդուն:
Հավատը (դրա բացակայության ենթատեքստում) կուրացնում է խավարասերին, բայց ավելացնում աստվածային Ճերմակ Ցոլանքին ձգտող արարածի աչքերի լույսը, լուսավորում նրա ընթացքը, ընդարձակում նրա տեսողության երկրային ու երկնային սահմանները, ջերմացնում հավատացյալի ներսն ու դուրսը: Ու, առավելևս, Հավատի մասին փիլիսոփայելն ու շարադրելը, և, հատկապես, վերջնական ճշմարտությունը բանաձևելը մեկ օրվա ու մեկ մարդու բան չէ:
Էս ամենը, կասեք ու ճիշտ էլ կանեք, ինչ-որ տեղ կարդացել եք, եթե ոչ նույն ձևակերպմամբ, համենայն դեպս, նույնպիսի դասագրքային, ակադեմիական, ինչ-որ առումով` նյարդայնացնող կանոնիկությամբ: Կասեք ու ձեր ճակատն էլ կհամբուրեմ, որովհետև, այո, քրիստոնյան կամ որևէ հավատացյալ ինքնուրույն ու յուրովի է բացահայտում իր հոգևոր տարածքն, ու ինքն է քարտեզագրում այն:
Կասեք, չէ՞… Հա ու ջան, իմ ասածն էլ ձեր մտածումի համատեքստում է, որովհետև ես հանճար չեմ, վարդապետական շնորհ ու իրավասություն չունեմ, ես մի պարզ, պարզ քրիստոնյա եմ (թեև, վստահ եմ, որ այն դեռևս պետք է բառացիորեն վերագրել ինձ, եկեք, այդպես վերնագրենք իմ երազանքը, նպատակադրումը):
Եվ, ուրեմն, իմ ասածն այդ էր, որ կար, երբ ասում էի քրիստոնեության (մեծ իմաստով` Հավատի) մասին առաջին դասագիրքս անվերապահորեն իմ ութսունամյա Տատն էր…
Հավատը մեկ բաժակ ջուր չէ, որ խմեք մի շնչով ու հասկանաք, թե, օրինակ, ծարավ էիք, ու սա էլ ջուր էր: Սա պարզունակ է նույնքան, որքան այն, որ ասենք` հավատում ենք կամ չենք հավատում: Կույր հավատն ու երդվյալ անհավատությունը հավասարապես վնասակար են: Չգիտակցված, չպատճառաբանված նվիրումից Տիրոջ սիրտը չի շահվում, ինքնասիրությունը չի շոյվում: Ավելին, մեր անկիրթ (բառի խորքային իմաստով) քրիստոնեությամբ մենք նեղացնում ենք Ուսուցչին, որովհետև նրան աշակերտելը ոչ միայն պատիվ է, այլև պատասխանատվություն: Նրա Ուսմունքի հանդեպ պատասխանատվություն, քանզի աստվածային ուսումնառությունը մեզ համար ընդմիջելի, հերթական դասը չէ երբեք, այլ մարդկային ճակատագիր: Իսկ մենք բյուրհազարամյա անուսյալությամբ, կամակոր երեխայի պես, հակադրվող ու մարտնչող տգիտությամբ դասեր ենք տալիս Ուսուցչին, սովորեցնում ենք ավելի համբերող, ավելի գթառատ, ավելի սիրասուն ու ավելի ներող լինել: Որքա՞ն պիտի մնանք նույն դասարանի վրա: Որքա՞ն ենք ինքնագլուխ ու համառորեն Տիրոջն անտեր թողնելու: Որքա՞ն ենք ինքնատիրություն, ինքնատնօրինում անելու…
Ասացի պարզ գրեմ… Չստացվեց: Ասացի աշակերտի ձեռքով, ակնածանքով, սովորողի պես գրեմ, չստացվեց: Էլի հոխորտացողի, ամենայն իմացողի դիրքերից սեպեցի: Էս ենք, էլի, վարժապետի տեսակ` ամենափոքրից մինչև ավագագույնը…ամենատարեցը… Թե՞ սխալվում եմ: Միգուցե, բայց ոչ` Տատս…իմ տեսած ամենածեր մարդը նա էր հենց, որ հասցրեց ինը տասնամյակ ապրել` առանց ուղիղ իմաստով սովորեցնելու, ապրեց` բոլորանվեր, անձնուրաց, ամենասեր: Իսկ ի՞նչ է քրիստոնեությունը, եթե ոչ այս երեք հատկանշումներից յուրաքանչյուրը, եթե ոչ` այդ երեքը միասին վերցված… Եվ ուրեմն, իրավունք ունե՞մ ասելու, որ քրիստոնեության ու հավատի իմ առաջին դասագիրքը հենց Տատս էր… Ես չեմ, դու ես, ասա, ունե՞մ… Հաաա ու ջան…
Այ խեղճ, այ միամիտ, ասել է թե` անմիտ մարդ, դու էլ քո անհավատությունը բերում, պայմանավորում ես քո իմացած անաստվածի հաջողակության, երջանիկ կյանքի, քո ճանաչած տերհոր նյութապաշտությամբ, քո բոզ, անմարդ հարևանուհու գեղեցիկ երեխայի (այն դեպքում` երբ, օրինակ, Եկեղեցու օրհնությամբ ամուսնանալուց 8 տարի անց այդպես էլ չես հղիացել) ու շատ այլ արարածների ու հանգամանքների հետ: Դու գիտես Տերը նրանց քեզնից շա՞տ է սիրում: Դու, պարզապես, խանդում ես, որ Տերը ձեզ հավասար է սիրում, հավասարապես է ներելու: Քեզ տանջում է ոչ թե քո, այլ հենց նրանց երջանկությունն ու տարաբախտությունը: Քեզ թվում է` նրա ծիծաղը քո հաշվին է: Քեզ թվում է` նրա գոյությունը քո հաշվին է: Քեզ չի՞ թվում, որ դու մոլորության մեջ ես…
Եթե իմ հայհոյանքների համար (մեղքս ի՞նչ թաքցնեմ, դրանցից մի քանիսը Վերև են ուղարկվել) Տերն ինձ պատժեր, ընտանիքս հաստատ անտեր կմնար, Անահիտս որբ կմնար: Էս մի մատ աղջիկս, որ սակայն հաճախ է ցուցամատը խստաբարո մանկավարժի, դաստիարակի պես ուղղում ինձ ու ընտանիքի մյուս անդամների վրա և …սովորեցնում… Ասում էի, չէիք հավատում, ի՞նչ է ձեր զավակն այդպիսին չէ՞, դուք, ի՞նչ է, այդպիսին չե՞ք եղել, հիմա փոխվե՞լ եք… Չեք փոխվել: Իրավացի՞ եմ… Հա ու քանիցս ջան…
Տասներկու տարի առաջ էր, կարծեմ, գյուղական եկեղեցու` իր առանձնախցիկում ինձ դիմավորեց տեր հայրը: Գնացել էի ապաշխարության ակնկալությամբ, բայց հանդիպումն ավարտեց բազմաշիշ գինարբուքով ու երկուսիս համար ծանր, մեղսալից Օրով… Այո, երկուսիս, չեմ ասում, ինքն անհավատ էր, գինեմոլ էր, բոզարած էր (Աստված հոգին լուսավորի…), ու ես` արտոնյալ, կամ սուրբ, կամ ավելի հանցահոգի…
Երկուսիս եմ ասում, քանզի ինձ համար մեկ մարդը, քահանա լինի, թե ոստիկան, աղբահավաք լինի, թե նախագահ, ճակատագիր է: Անշրջելի ճակատագիր, ով, այդուհանդերձ, ունակ է շրջելու մարդկության խաթարված պտույտը, կարգավորել անհոգի ու սատանայաճախր ընթացքը, ինչպես նաև` խոտորված նավարկությունն ուղղորդելու դեպի սկզբնահասցե նշանակետը: Կարճ ասած` կարող է և պարտավոր է նավապետից վերածվել թիապարտի, որպեսզի հերթական ալեբախությունից կամ, վատթարագույնը, Ջրհեղեղից հետո ուղիղ նայի Տիրոջ աչքերին, նայի առանց ակնոցի, սև ու վարդագույն ակնոցի, որ, գուցե, սազում է ինձ ու քեզ, բայց մերը չէ: Սազելը քիչ է, պետք է քոնը լինի նաև:
Կարգին աշակերտ չեղանք, ոչինչ չուսացանեցինք, ոչ մի աշակերտ չունենք:
Իսկ ՆԱ սովորեցրեց քայլել Ծովի վրայով: Ուրեմն պատասխանատվություն ունենանք մեզ հանել ջրի տակից, որովհետև, իրականում, մենք չէ, որ ջրասույզ ենք եղել: Այդ ՆԱ է ծովախորտակվել: Չէ, ի՞նչ եմ ասում, այդ երկուսս ենք` ՆԱ ու մենք ենք խեղդվում ջրի հատակին: Ի՞նչ ես ասում, հիմա փրկու՞մ ենք Փրկչին…
Եթե իմը դաս էր, Աստված ների…

Արա ԱԼՈՅԱՆ
Նյութի աղբյուր՝ facebook
www.blognews.am
01.05.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *