ԽՃԱՆԿԱՐ` ՍԻՍԻԱՆՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՖՈՆԻՆ

Սիսիանում տեղական ինքնակառավարման մարմինների նախընտրական մարաթոնը սկսվեց շատ ավելի վաղ, քան`ենթադրվում էր: Պատճառները շատ են. Սիսիանը հոգնել է ճահճացումից, ձանձրացել «ասես տապարով շինված բութ ու տարտամ դեմքերից» եւ փոփոխություն, նորություն, թարմություն է ուզում: Դեռեւս անցյալի կարոտախտով սնվող եւ ժողովրդին այդ կարոտախտի ճիրաններում  երկար ժամանակ պահած կարգախոսներն ու նրանց հեղինակներն այլեւս ժամանակավրեպ են, ու նրանց փուչ լոզունգներով Սիսիանը ոչ միայն չի կառուցվում, այլեւ`դուրս է մնացել ընդհանուր զարգացման տեմպից, եւ դա տեսնում է ու հասկանում անգամ ամենապարզ սիսիանցին:
Տարիներ ի վեր «միջակություն» կոչվող նույն հնոց-խոհանոցում թխվող ու մատուցվող դավերն ու խարդավանքները խաթարել են սիսիանյան բարոյական, հոգեւոր, արժեքային, համակեցության նկարագիրը, որը, թերեւս, նրա ամենամեծ կորուստն է:
Կա մեդալի մյուս կողմն էլ. սիսիանյան քաղաքականությունը «հղկող-մշակող» շատ ուժեր ու խմբեր այլեւս ուզում են իրենցից «վանել», «մաքրել» գործող համայնքապետի նման ղեկավար «սարքած» լինելու «մեղքը»` փորձելով ազատվել նրանից:
Նախընտրական մարաթոնն ավելի շուտ մեկնարկելուն նպաստեց նաեւ տարիքը բավականին առաջացած, տկար ու գործնականում` «քաղաքական ուրվական» դարձած գործող համայնքապետի` կրկին այդ պաշտոնում առաջադրվելու հայտարարությունը. ու նախորդ ընտրությունների ժամանակ «այլեւս պրծած մարդուն» այդ աթոռին վերստին նստելուն օգնած եւ աջակցած շատ ուժեր իրենց չարաչար խաբված զգացին նրա` իրենց համար անսպասելի հայտարարությունից, հասկանալով, որ շատ ավելի արժանավորների քաղաքական ճանապարհը փակելուն օգնելով` իրենք փակել են հենց իրենց ճանապարհը, սրանով, ըստ էության, փակելով նաեւ Սիսիանի առաջընթացի ուղին:
Ի վերջո, Սիսիանը, անկախ բոլորի անձնական եւ անանձնական, տնտեսական ու քաղաքական շահերից ու խաղերից, արժանի չէ այն ամենին, ինչն այսօր ունի, իսկ ժամանակի հույժ հրամայականն է պետական չինովնիկի ընկալման նշաձողի բարձրացումը` ընդհանրապես, եւ Սիսիանում` մասնավորապես:
Եւ ահա` այս զարգացումներում հանկարծ ու հնչում է Լ. Սարգսյանի` քաղաքապետի պաշտոնը «եւս 4 տարով սեփականաշնորհելու» (քանի որ այլեւս սեփականաշնորհելու ոչինչ չի մնացել) մեղմ ասած` անհամեստ հայտարարությունը, որը, Սիսիանի համար վիրավորանք լինելով եւ հեգնանքով ընդունվելով հանդերձ, «սթափեցրեց» սիսիանյան հասարակական-աղաքական, տնտեսական կյանքը «ձեւողներին», քանի որ նրանք են ծնել-սնել-աճեցրել-պարարտացրել «որդը», որն այսօր կրծում է հենց իրենց «կոկորդը», եւ ստիպեց վերանայել իրենց մարտավարությունը, քաղաքական եւ քաղաքացիական կեցվածքը:
Այս սնապարծ ու մեծամիտ հայտարարությունը հանրության լայն շերտերի մեջ էլ կարծիքի վերանայման տեղիք տվեց, հիշեցնելով, որ դեռեւս 2005-ին արդեն պատրաստ էին չընտրել «պապիկին», դա էլ մի բան էր, քանի որ տեղային հայրենասիրության պրիմիտիվ խայծով «թասիբի էին բերել սիսիանյան հայրենասիրությունն ընդդեմ գորիսյան գործոնի» (մյուս թեկնածուի մոր` գորիսեցի լինելու եւ Սյունիքի մարզպետի` նրան պաշտպանելով, իբրեւ թե, «Գորիսը թալանելուց հետո Սիսիան թալանի գալու» անպտուղ պատճառաբանությամբ): Արդյունքում, իհարկե, հենց Լ. Սարգսյանը, առանց ախորժակի սահմանափակման, ալան-թալանի ենթարկեց սիսիանյան հանրային սեփականությունը, ինչի վկան եւ ականատեսը եղան հենց համայնքի բնակիչները` իրենց միամտությամբ մեկ անգամ եւս նրան պաշտոնյայի աթոռին նստելու եւ թոշակառուի «ծերունական խաղաղ հանգիստը վայելելու» շանս տալով:
Այժմ` սիսիանյան նախընտրական զարգացումների ֆոնին  փորձենք պատկերել այն իրավիճակը, որն ամենից կարեւորն է:
Լ. Սարգսյանը հայտարարեց, որ իր առաջադրումը պայմանավորված է «հանրային շահով», «ընտրողի շահով», մանավանդ` «երիտասարդության պահանջով»: (՞):
Թե որն է նրա` «ընտրողի շահի», «երիտասարդության շահի» ընկալումը, քաջ գիտեն բոլորը. Սիսիանում կազինոներ ներդնելու փափագը, ետընտրական ծեծ- հաշվեհարդարը երիտասարդների եւ այլոց համար իբրեւ կյանքում կայանալու միակ ուղին, մեզանում` «մշակույթն անպետք լինելու հիմնավորմամբ»` մշակույթի օջախների ծախծխումը ջրի գնով, բանսարկությունը, բամբասանքը, զրպարտությունը սիսիանյան մերօրյա արժեք դարձնելու անբավ տենդը, միջակից ցածր ունակություններով` պաշտոնյա դառնալու «հնարավորությունը» եւ այլն…
Հիմա դառնանք երեւույթի` հանրային կողմին. հանրությունն` ընդհանրապես, եւ Սիսիանը` մասնավորապես, լավրենտսարգսյանական որակի պահանջարկ ունի՞: Այս հարցի շուրջ մենք եւս խորհեցինք եւ այդ «պահանջարկն», այնուամենայնիվ, չպայմանավորեցինք նրա` 3 , թեկուզ` 13 անգամ համայնքի ղեկավար դառնալու հանգամանքով:
Քաղաքական որոշ ուժերի, որոշ մարդկանց շահերի, ոմանց` նրան սեփական նպատակներով օգտագործելու հանգամանքը չանտեսելով, ասենք, որ հանրությունը մարդկային այդ որակի կարիքն ունի այնքանով, քանի դեռ հումորի, անեկդոտի, զվարճանքի, իր ղեկավարի վրա ծիծաղած լինելով` իր բարդույթները կոմպենսացնելու կարիքն ու պահանջն ունի` սոցիալական լարվածությունից լիցքաթափվելու, համայնքի ղեկավարման մեջ  իր դերի բացակայության վիրավորանքը մեղմելու, իր ինտելեկտուալ «ես»-ի «անպետքությունը» հաղթահարելու համար եւ … կունենա: Ժողովրդին դուր է գալիս իրեն ղեկավարողի վրա ծիծաղելը, ինչը նա անում է սրտանց եւ լիաթոք` դրանով ընդգծելով իր առավելությունը նրա նկատմամբ: Երեւույթն ինքնին չափազանց տխուր կլիներ, եթե այդքան զվարճալի չլիներ: Ուրեմն` խաչ պիտի քաշվեր հանրության, այս պարագայում` սիսիանյան հանրության առողջ ընկալումների եւ մտածողության վրա: Բայց սիսիանյան հանրությունը, որքան էլ որ անհամ «խայծեր» կուլ տվող, մնաց ինքն իր «թերության» վրա ծիծաղող ու հենց դրանով նաեւ ինքն իրեն առողջ պահող:
Մարդկության պատմության մեջ այս երեւույթը քաջնազարականություն անունն ունի, որը երբեմն-երբեմն դրսեւորվում է: Իսկ քաջնազարականությունը պաշտպանված է հենց ինքն իրենով, ու դրանով նաեւ` անբաժան հասարակությունից: Հիշենք, թեկուզ, այն հանգամանքը, որ որքան արագ Սիսիանը կուլ տվեց Լ. Սարգսյանի` Սիսիանը «կառուցած լինելու եւ կառուցելու» ճռճռան խայծը, նույնքան արագ էլ հաշտվեց նրանից ոչինչ չպահանջելու մտքի հետ` համոզվելով «Լավրենտից ի՞նչ պահանջեն» փաստի ճշմարիտ լինելու մեջ, փաստ, որն էլ հենց դարձավ նրա «պաշտպանիչ շերտը»: Սակայն …
Սակայն նրա պարագայում մի հանգամանք, այնուամենայնիվ, անտեսել չենք կարող. թեեւ ընտրված լինելով որպես շղթայի ամենաթույլ օղակ, որպես հանրահայտ հեռուստախաղի «самое слабое збено», նա, ի վերջո, երկար ժամանակ մնաց «մաղի երեսին»: Մնաց` ոչ թե նրա համար, որ պարարտ էր ու մարմնեղ, ոչ միայն նրա համար, որ «հարմարյանց» էր ու արեւելյան պալատի հայտնի պաշտոնյայի նկարած ու հյութեղ ժպիտը գրպանում միշտ պատրաստ պահած ուներ, այլեւ, եւ որն ամենակարեւորն է, նրանից հազարապատիկ թե’ ֆինանսապես, թե’ ինտելեկտով հզորների` միշտ միմյանց «բախվել-փշրվելուց» բերել է քաջնազարական նրա բախտը միայն:
Լավրենտականությունը գոյություն ունի եւ կունենա, քանի որ նաեւ սիսիանյան հասարակական-քաղաքական-տնտեսական «արեւի տակ» որոշ ուժեր տեղ ունեն միայն նրա կողքին, նրա հովանու տակ եւ նրա   ֆոնին: Հասարակության մի զանգվածի համար էլ միեւնույն  է, թե որ խրտվիլակի կամ մումիայի կողքին կկանգնի` սեփական փորահացի խնդիրը լուծելու համար:
Թիմակիցների մեջ էլ այսօր կան, անշուշտ, «դեմքեր», որոնք թեեւ փորձում են հարություն տալ նրա մեռած քաղաքական իմիջին, բայց պատրաստ են առանց վարանելու լքել խորտակվող նավն այն ժամանակ, երբ հստակ կերեւա «երեք անգամ ժողովրդի կողմից ընտրված լինելու» սինդրոմից մեծամտացած միջակից ցածր ունակությունների տեր համայնքապետին վերջապես «իր տեղն ուղարկող» ուժը:
Ամենեւին թող չթվա, սակայն, թե համայնքապետի պաշտոնի ծանրությունն ու պատասխանատվության կրումը այդքան «թեթեւ ու հեշտ» է նստել նրա` ինտելեկտուալ, քաղաքական, հոգեւոր չափազանց ծանծաղ ու սակավ ունակությունների վրա: Դեռեւս 1999-ին համայնքապետի պաշտոնում, բազմաթիվ արժանավորների առկայության պարագայում, նրա ընտրվելը, անգամ` առաջադրվելը, ոչ միայն անակընկալ էր Սիսիանի համար, այլեւ` հենց իր համար: Եւ պաշտոնավարումից ընդամենը 2-3 ամիս հետո անգամ ինքն զգաց, որ դա իր տեղը չէ, եւ շրջանառվեցին նրա` հրաժարական տալու մասին խոսակցությունները, բայց, ինչպես արդեն գիտենք, որոշ ուժեր դրա համար չէին նրան իշխանության բերել: Մյուս կողմից էլ` առաջին քաղաքապետի օրոք արդեն ձևավորվել-գործում էր տեղական ինքնակառավարման մեխանիզմը` պատրաստի կառույցներով, և արդեն բավականին փորձ կուտակած աշխատակազմի վրա ընկավ տեղական ինքնակառավարման մարմնի ողջ գործառույթը` ապահովագրելով նրան: Բայց դրանից հետո եւս 2 անգամ նրա պաշտոնանկության խնդիրը դրվեց. մեկը` կապված որդու` Վաղատինի համայնքապետին ետընտրական ծեծ-հաշվեհարդարի ենթարկելու, մյուսը` վիրահատությունից հետո առաջացած առողջական հիմնախնդիրների հետ:  Հավելենք նաեւ, որ պաշտոնավարման ինը տարիների ընթացքում վերոհիշյալ եւ այլ պատճառներով ամենազանազան «գլխացավանքները»  անպակաս են եղել նրանից` պաշտոնական, հանրային, դատական, լրատվական դաշտում: Մասնավորապես` 9 տարի շարունակ այդպես էլ ոչ միայն չկարողացավ հաղթահարել առավելապես առաջին քաղաքապետի ստեղծած պետական չինովնիկի ինտելեկտուալ, գործարար կերպարի` իր համար անհաղթահարելի եւ մինչ օրս նրան սարսափեցնող ու հետապնդող բարդույթը, այլեւ` չկարողացավ «հանդուրժել» «Որոտան» անկախ թերթի ոչ միայն սոսկական, այլեւ` «հանդուգն» եւ իրենից դուրս գոյությունը` 9 տարի շարունակ դրանք դարձնելով պետական եւ ոչ պետական ամենատարբեր ատյանների խորհրդակցությունների ու քննարկումների` սիսիանյան իր «հիմնախնդիրը»:
Վերջին շրջանում, խիստ հասկանալի պատճառներով, այդ «հիմնախնդիրներն» ավելի ու ավելի են անհանգստացնում նրան` գործի դնելու իր «շնորհքների» նորանոր հնարքները: Ընդամենը օրեր առաջ, երբ մարզկենտրոնում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մասնակցությամբ քննարկվում էին մարզի համայնքների հիմնախնդիրները, մի կողմ թողած Սիսիանի տասնյակ ու տասնյակ հարցերը, «գույտ արածի» խանդավառությամբ` «Որոտանն» ընդդիմություն դիտելով, իրեն իշխանություն համարելով , փորձել է իր` ետին նպատակներով, իր մտածելակերպով` իշխանություն-ընդդդիմություն «ոչ բարյացկամ», «ոչ հաճելի» մերօրյա փոխհարաբերությունների ասոցիացիա առաջացնել բարձրաստիճան պաշտոնատար այրերի մոտ` բողոքելով, թե` «կոմբինատը ֆինանսավորում է ընդդիմադիր «Որոտան» թերթին, որը քննադատում է իրեն»: Խոսքի, մամուլի ազատության մերօրյա անկասելի երթում նման հնաբույր ու գաղջ, լլկած ու լավրենտիբերյայական ժամանակները հիշեցնող մտածելա-գործելակերպն, իհարկե, արժանացել է խորհրդակցությունը վարող ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ներողամիտ ու հեգնական քմծիծաղին, կարծես մեկ անգամ եւս հավաստելով, թե` Լավրենտից ուրիշ բան սպասելի՞ էր…«Ափսոս» միայն, որ չքննադատվելու նրա «բարի, անկեղծ ու անմեղ» ցանկությունը որեւէ արգելք չի կարող լինել թերթը տպագրված տեսնելու «Որոտանի» անդավաճան բաժանորդների` անձնական, կառավարության ` պետական, կոմբինատի տնօրենի` մասնավոր ու անհատական ցանկության եւ մտադրության իրականացման համար:
Մյուս կողմից` «Որոտանն» իրեն ընդդիմություն համարելով, փորձել է ընդամենը կարեւորել լրատվամիջոցի համար օբյեկտ լինելու, որեւէ բան նշանակելու իր դերը, սրանով նսեմացնելով նաեւ լրատվամիջոցին` այն իր անձնական վարկանիշին իջեցնել-հասցնելով:
Բայց հարկ ենք համարում հիշեցնել, որ «Որոտանն» անկախ թերթ է, եւ անդիմության դեմ, հանձին իրեն, չի կարող ընդդիմություն լինել, այլապես այդքան երկար ու դժվար ճանապարհ` 11 տարի, կտրած-անցած չէր լինի, այլապես հենց իրեն եւ իր թիմակիցներին իրենց «թքածները» հենց իրենց «լիզել տված», իր գործունեությունը դատարանի վճռով անգործություն վավերացրած չէր լինի, ինչի համար ահա այսպես ահաբեկված է թերթից:
Սակայն խնդիրը միայն դա չէ. մասնավոր անձանց գրպանը մտնելու փոխարեն ավելի լավ կլիներ սիսիանցիներից հավաքած հարկերից, վարձավճարներից գոյացած համայնքային բյուջեի գումարները Սիսիանի մի քանդուքարափ փողոցի վերանորոգման վրա ծախսեր, մի մշակույթի օջախ ոտքի կանգնեցներ, ոչ թե համայնքային բյուջեից 9 տարի շարունակ տարեկան 6 մլն դրամ (որը ջրի գնով իր օտարած տարածքների եռապատիկ-քառապատիկն է) հատկացներ որդու սեփականությունը համարվող երկու լրատվամիջոցի` իրեն փառաբանելու, ուրիշներին` զրպարտելու, բամբասելու համար, երկու դեպքում էլ, սակայն, ձախողվելով:
Իսկ այդ նույն մասնավոր անձի` ԶՊՄ կոմբինատի տնօրենի` Սիսիանի ասֆալտապատման համար հատկացրած 60 մլն, լուսավորության համար տրամադրած 10 մլն դրամը ասֆալտապատմանը, լուսավորության անցկացմանը ծառայեցներ, ոչ թե, ինչպես խոսում են, իրեն սպասարկող ծառայողական նոր մեքենա գներ, արված ասֆալտն էլ «թիթեռի կյանք» ունենար:
Մյուս կողմից, երբ իրեն պետք է, հայտարարում է, թե կոմբինատի տնօրենին, որպես երախտագիտության նշան, շնորհել են Սիսիանի համայնքի պատվավոր անդամի կոչում, բայց եւ չի խորշում անտեղի ու անպարկեշտորեն նրան թիկունքից բամբասել:
Ահա Լավրենտ Սարգսյանը` իրական, իսկական, որը համայնքապետի պաշտոնում վերստին առաջադրում է իր թեկնածությունը:
Ահա` «միջակության»` ասպարեզը երկար  ժամանակ զավթած լինելու, Սիսիանը սրանով գավառական կենտրոն դարձրած լինելու եւ լավրենտականության «դիրքերից» սկիզբ առնող բամբասանքի ու բանսարկության խուճապային թանձր մթնոլորտում, բայց նաեւ Սիսիանին բնորոշ հանդարտ, հանգիստ խաղաղ ընթացքով են զարգանում նախընտրական գործընթացները:
Հոկտեմբերին նորից համայնքապետի ընտրություններ են: Ինչպես ասում են` «սեփական տառապանքի փորձից» եզրակացություն, հավանաբար, արել են սիսիանյան այսօրվա հասարակական, քաղաքական, ընկերային եւ հանրային դաշտը «հերկող-մշակողները»` անձնական շահից դուրս` նաեւ սիսիանյան շահի նկատառումով: Ո՞րն է այսօրվա սիսիանյան շահը, ո՞րն է պետական պաշտոնյայի, տեղական ինքնակառավարման մարմինը ներկայացնող չինովնիկի` հանրային ընկալման արդիական չափանիշը` Լավրե՞նտ, զգեստափոխ , այլ կառուցվածքով եւ այլ հագուստով մեկ ուրի՞շ Լավրենտ, թե՞…
Այսօրվա քաղաքական զարգացումները, որոշ ուժերի մարտավարական մոտիվացիաները, համենայնդեպս, ենթադրել են տալիս, որ` Լավրենտը` հաստատ` ոչ, սակայն` լավրենտանման որեւէ մեկը` չի բացառվում: Բայց այս խաղերին հանրությունը նույնպես ծանոթ է եւ փորձված ու քաջատեղյակ մեզանում արդեն «ավանդական դարձած լարախաղացության ոճին» քաղաքականության մեջ: Մի բան եւս ակնհայտ է. մեր` թույլ զարգացած քաղաքական եւ գրեթե չձեւավորված քաղաքացիական հասարուկթյան մեջ, ուր այլ արժեքներ են մարդու ընկալման չափորոշիչ համարվում,  Լավրենտի` թույլ լինելը դեռեւս երաշխիք չէ մեկ ուրիշ թույլով նրան հեռացնելու կամ փոխարինելու, եւ դա նույնպես քաջ գիտեն սիսիանյան քաղաքականությունը ձեւավորող բոլոր կողմերը: 51
Նախընտրական զարգացումները եւ այդ հոլովույթում շրջանառվող անունները ենթադրել են տալիս, որ, իրոք, այս անգամ Սիսիանում լուրջ փոփոխություն է սպասվում: Շրջանառվող անունների մեջ  կան, իհարկե, ավանդական, պահեստային, գրպանային անուններ, որոնք ընդամենը, ոչ` Լ. Սարգսյանի դեմ, իհարկե, «քաղաքական ալյանս» ձեւավորելու տպավորություն պիտի ջանան թողնել, կան անուններ, որոնց շրջանառումը մեկ անգամ եւս հիշեցնում է իրենց գոյության մասին` ըստ էության նորից որեւէ միջակության ասպարեզ բերելու, կան անուններ` գործող քաղաքապետից մի քանի գլուխ բարձր եւ ուժեղ թե ֆինանսապես, թե ինտելեկտով ու թիկունքով, թե շրջապատով եւ Սիսիանի հասարակական-քաղաքական կյանքում ունեցած եւ ունենալիք դերով:
Եւ կա անուն, որի շրջանառումն արդեն բոլորի եւ բոլոր խաղաքարտերն է խառնել եւ իրական շփոթ ու լուրջ մտահոգություն առաջացրել, եւ որի առկայությունն է ստիպել նրանց հաշվի նստել ներկա իրավիճակի հետ: Շրջանառվող այդ անունն է երաշխիք տալիս, որ լավրենտականությանը հաղթելու միակ ուժն է նա, որը, իրոք, իրականում է ուժեղ, ոչ թե` սարքովի, ուժեղ` ինտելեկտով, ընդգծված` անհատականությամբ, կայացած` տնտեսապես,  ֆինանսապես, քաղաքականապես, անկախ` գործելաոճով եւ ներսի` ներքին ստրուկից ձերբազատ: Նման որակն, իհարկե, չի կարող ընդունելի եւ հանդուրժելի լինել բոլորի եւ շատերի կողմից հենց միայն այդպիսին լինելու համար, բայց ոչ ոք չի կարող չընդունել նաեւ լավրենտականությունից ազատվելու այդ միակ եւ անառարկելի ուժի գործոնը ու դրա անհրաժեշտությունը մեզանում:
Թե սիսիանյան «քաղաքական սերմնացանները» ինչքանով են հակված հանրության մեջ ավելորդ լարվածություն չգցել, դավեր ու խարդավանքներ «չթխել», լավրենտականությունից պրծնել եւ այլեւս հին` «Պտտվի՛ր, պտտվի՛ր կարուսել» երգի` ավանդական կրկներգը չերգել, ցույց կտա ժամանակը, բայց որ Սիսիանն է  սեփական շահի գիտակցումով  պատրաստ իր արժանապատվությունը պահող եւ` արժանապատիվ պահող համայնքապետ ընտրել, անառարկելի է:
Եվ որ սիսիանյան բոլոր առողջ ուժերը եւս պատրաստ են սեփական  արժանապատիվ դրսեւորման համար նույնպես ընտրել այդ ուժը, դարձյալ անշրջելի իրողություն է: Ուժ, որը ոչ թե խոսքով, այլ կոնկրետ կատարած գործով է ապացուցում ոչ միայն սիսիանյան հիմնախնդիրներով իր մտահոգ եւ դրանց լուծմամբ` շահագրգիռ լինելը, այլեւ վկայում, որ դա թե ժամանակի պահանջն է, թե անհրաժեշտությունը:
Իսկ… ժողովրդի ձայնը Աստծո կամքն է:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *