ԽՆԴՐԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿՑՎՈՒՄ Է ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ…

Բնական, տարերային աղետները վրա են հասնում առանց մեր կամքն ու ցանկությունը հարցնելու, դրանց դիմակայման համար մեր պատրաստ կամ անպատրաստ լինելու «տրամադրությունը» հաշվի առնելու, եւ, ցավոք, դեպքն արձանագրելուց հետո ենք զգում մեր անզորությունը տարերքի հանդեպ:
Վերջին շաբաթների` ռուսաստանյան անտառային հրդեհները առիթ եղան նաեւ մեզ համար` վերանայելու, ստուգելու տարերային աղետների, այս պարագայում` հրդեհների մարման աշխատանքներին մեր պատրաստվածության աստիճանը:
Այս թեմայով է մեր հարցազրույցը Սյունիքի մարզային հրդեհային տեսչության պետ Վարդան Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, երբ եւ ինչ նպատակով է ստեղծվել Սյունիքի մարզային հրդեհային տեսչությունը եւ ինչ գործունեություն է իրականացնում:
– Հայաստանի` արտակարգ իրավիճակների վարչության փրկարար ծառայության մեջ 2005 թ.-ից, որպես առանձին կառույց, ստեղծվել է հրդեհային տեսչությունը` մարզային համապատասխանն կառույցներով, որի նպատակն է հակահրդեհային վիճակի` ավելի արդյունավետ վերահսկումը եւ վերահսկման աշխատանքների նախապատրաստման կազմակերպումը: Նմանատիպ կառույց ստեղծվել է նաեւ Սյունիքի մարզում` տարածաշրջանային իր միավորներով:
– Որո՞նք են Սյունիքի մարզային հրդեհային տեսչության գործունեության շրջանակները:
-Կառույցի հիմնական գործունեությունը հակահրդեհային քարոզչությունն է, հրդեհների հաշվառումը, պատճառների վերլուծությունը, պետական եւ մասնավոր բոլոր կառույցների հակահրդեհային վիճակի ստուգումը:
-Ի՞նչ է նշանակում` հակահրդեհային վիճակի ստուգում:
– Ցանկացած պետական եւ մասնավոր կառույց պարտադիր պետք է ապահովված լինի հրդեհաշիջման սկզբնական միավորներով` հակահրդեհային վահանակ, կրակմարիչներ, պիտի ազատ լինեն տարհանման ելքերը, տանիքները ծածկված լինեն հրակայուն նյութերով, տեսանելի վայրում փակցված լինեն տարհանման սխեմաները, էլեկտրական տնտեսությունը մոնտաժված լինի գործող չափանիշներին համապատասխան:
– Ձեր կատարած ստուգումներից ի՞նչ պատկեր է արձանագրվել, պահպանվա՞ծ են հակահրդեհային պահանջները, առկա՞ են պահանջվող պայմանները:
– Եթե անհրաժեշտ պահանջները առկա չեն լինում, իսկ այդպես հաճախ է պատահում, ժամկետ ենք սահմանում` թերացումները վերացնելու, երե կարգադրությունը չի կատարվում, ենթարկում ենք վարչական պատասխանատվության, այն է` ֆինանսական տուգանքի` մինչեւ 150 հազար դրամի սահմաններում: Ընթացիկ կիսամյակում մարզում այդպրսի պատասխանատվության է ենթարկվել 25 ֆիզիկական անձ ու կառույց: Տուգանքի չափը կազմում է 805 հազար դրամ: Իսկ եթե պարզվում է նաեւ հրդեհի առաջացման միջավայրը, նույնպես պատիժ է կիրառվում:
– Հրդեհների առաջացման ի՞նչ միջավայր կա:
– Պատճառները տարբեր են, հիմնականը` չեն պահպանվել հրդեհաշիջման սկզբնական պահանջները, բացակայել են վահանակները, կրակմարիչները, խախտվել են էլեկտրական տնտեսության մոնտաժման նորմերը: Շատ նպաստավոր միջավայր է ստեղծել երաշտը, օդի ջերմաստիճանի բարձրացումը: Այս հանգամանքով պայմանավորված` մարզում ավելացել է հրդեհների թիվը հատկապես ամռան ամիսներին: Սիսիանի տարածաշրջանում դրանց թիվը, բարեբախտաբար, շատ չէ` 10 դեպք, մեծ չէ վնասի չափը, մարդկային զոհեր չկան: Հրդեհի պատճառ են հանդիսացել լուցկիով խաղացող երեխաների նկատմամբ ծնողների անուշադրությունը, հենց մեծահասակների` ծխախոտի մնացորդն առանց հանգցնելու դեն նետելը եւ այլ պատճառներ:
– Իսկ ի՞նչն է պատճառը, որ պետական եւ մասնավոր կառույցները չեն պահպանում հակահրդեհային պահանջները:
– Ոմանք պատճառաբանում են բյուջեի սղությամբ, ինչպես` համայնքներն ու կրթական հաստատությունները, ոմանք լուրջ չեն վերաբերում խնդրին, եւ մինչեւ որեւէ դեպք չի արձանագրվում, խնդրի լրջությունն ու կարեւորությունը չեն գիտակցում:
– Ինչպե՞ս խուսափել հրդեհից եւ հրդեհավտանգ անցանկալի դեպքերից:
–  Մեր կառույցի գլխավոր խնդիրներից մեկը, ինչպես ասացի, բնակչության շրջանում հակահրդեհային կանոնների պահպանման քարոզչական լայն աշխատանք ծավալելն է: Հատկապես գյուղական  համայնքներում, ուր անասնակեր է կուտակվում, արգելում ենք այն շենք-շինությունների տանիքի տակ կուտակելը, իսկ դրսում տեղավորելիս` պահպանել պահանջվող 30 մ հեռավորությունը, լինել զգոն` հատկապես երեխաների նկատմամբ, եթե որեւէ տեղ` դաշտում, այգիում կրակ են վառում, այն պահել հսկողության տակ, հեռանալիս ստուգել եւ համոզվել կրակի` մինչեւ վերջ մարված լինելու մեջ, որեւէ տեղ հրդեհ նկատելու դեպքում արագ ահազանգել հրդեհաշիջման եւ պահպանության ջոկատին: Սրանք, գուցե, մանրուքներ թվան, բայց մանրուք չեն, եւ անհրաժեշտ նախադրյալներ են հրդեհները կանխելու, բռնկման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար: Շատ կարեւոր է ձմռան սեզոնում փայտե վառարանները վառելու կանոնների պահպանումը թե հիմնարկ-ձեռնարկություններում, թե տներում, թե ուսումնական ու նախակրթական հաստատություններում:
– Իսկ ի՞նչ խնդիրների եք հանդիպում Ձեր աշխատանքում:
– Համայնքներում (թե գյուղական, թե քաղաքային) չկան հիդրատներ` ջրավազաններ` հրշեջ մեքենաների լիցքավորման համար: Առաջարկել ենք համայնքների ղեկավարներին` դիմել պատկան մարմիններին այս հիմնախնդիրը լուծելու համար: Տեղական ինքնակառավարման մարմինները հիմնականում չեն կազմակերպում եւ իրականացնում համայնքների քաղաքացիական պաշտպանությունը, չեն ստեղծում քաղպաշտպանության ծառայություններ, չեն պլանավորում միջոցառումներ, որոնք պիտի կիրառվեն տարերային աղետների ժամանակ, չկան անհատական պաշտպանության միջացներ:
Տարերային աղետները, հրդեհը վրա են հասնում` առանց մեր կամքն ու պատրաստվածության աստիճանը հարցնելու, ուստի միշտ պիտի պատրաստ լինել դրան եւ անակնկալի չգալ ու խուճապի չմատնվել` դեպք արձանագրվելիս:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ  

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *