ԽՆԿԵԼՈՎ ՊԱՆԹԵՈՆՆԵՐՈՒՄ ՆՆՋՈՂ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ, ԴՈՂԱՆՔ ՍԱՀՄԱՆ ՊԱՀՈՂ, ԵՐԿԻՐ ՊԱՀՈՂ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ

Տարին ամփոփում ենք նաեւ մենք: Անցնող տարում շատ գրեցինք, շատ բան գրեցինք: Լավ ստացվեց, թե՝ ոչ, դատողն ընթերցողն է: Բայց վստահաբար կարող ենք ասել, որ հավատարմորեն ծառայել ենք լրատվամիջոցի՝ հանրային կարծիք ձեւավորելու, դեպքերն ու իրադարձությունները վավերագրելու, իրականության մեջ տեղի ունեցածին արձագանքելու, մեր տարածաշրջանի տարեգրությունը ստեղծելու դերին:

Ասել, թե ամեն ինչ հասցրել ենք, ճիշտ չի լինի, ասել, թե բոլոր խնդիրներին կարողացել ենք անդրադառնալ, համոզիչ չի լինի: Բայց այն, ինչ արել ենք, արել ենք անաչառ, արել ենք սիրով եւ արել ենք ազնիվ: Չեմ վիճարկի նաեւ հակառակ կարծիքները՝ այն նույնպես համարելով օրինաչափ: Սակայն վստահորեն կասեմ, որ մեր 20-ամյա գործունեության մեջ երբեք չենք դավաճանել մեր անաչառությանն ու սկզբունքայնությանը, ինչը մեր գլխավոր «զենքն է» եղել ու լինելու է նաեւ այսուհետ:

Անցյալին թողնենք մեր վիրավորանքները, մեր դժգոհությունները, մեր ձախողումները, նաեւ՝ հաջողությունները, ու նայենք առաջ: Լցվենք նորի, լավի հույսով, գեղեցիկի ձգտումով, նոր փոփոխությունների հավատով: Սիրենք մեր փողոցը, մեր քաղաքը, մեր երկիրը այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը սիրում է իր տունը, որովհետեւ մեր տունն ու հայրենիքը նույնական են: Պաշտպանենք հայրենիքն այնպես, ինչպես ապրիլյան քառօրյայի ժամանակ մեր ազնվագույն զինվորներն ու խնկելի նահատակները պաշտպանեցին կյանքի եւ արյան գնով՝ սեփական ողջակեզը դնելով հայրենիքի զոհասեղանին: Խոնարհվելով եւ ծնկելով պանթեոններում ննջող նահատակների սուրբ հիշատակի առաջ, անվերապահ հոգածությամբ պահենք-պաշտենք, երկրպագենք սահման ու երկիր պահող զինվորին ու դողանք նրա կյանքի համար: Սիրենք միմյանց… Չմոռանանք դասեր քաղել թե մեր, թե մյուսների սխալներից ու հիշենք, որ բարի անունը թանկ է ոսկուց ու արծաթից…

Տանտիրոջ իրավունքով մեզ վերապահելով տարին եզրափակող՝ վերջին խոսքը, շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր ընթերցողներին, չընթերցողներին, բարեկամներին, բաժանորդագիրներին, բաժանորդագրվել զլացողներին, մեզ սպասողներին ու չսպասողներին եւ շնորհավորում նրանց՝ Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոների կապակցությամբ, մաղթում ամենայն լավը, քանի որ նաեւ նրանց բարի ու անկեղծ ցանկությամբ է, որ «Որոտանը» շարունակում է անխափան տպագրվել:

Թող նորանանք Նոր տարվա հետ, Սուրբ Ծննդյան բարի ավետիսը թող հրավառի բոլորիս հույսերը, նորոգի սերը՝ առ մարդը, առ աշխարհը, առ հայրենիքը եւ առ Աստված: Թող շատանա բարին, հույսը, հավատն ու սերը, որովհետեւ ամենայն ինչի սկիզբը սերն է…

Շնորհավար Ամանոր եւ Սուրբ Ծնունդ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Մեկ Արձագանքման ԽՆԿԵԼՈՎ ՊԱՆԹԵՈՆՆԵՐՈՒՄ ՆՆՋՈՂ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ, ԴՈՂԱՆՔ ՍԱՀՄԱՆ ՊԱՀՈՂ, ԵՐԿԻՐ ՊԱՀՈՂ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ համար

  1. Աննա Ռուբենյան says:

    Շնորհակալ ենք նաև Ձեզ:Թող այս՝ 2017 թվականին,«Որոտան»-ում տպագրվող նյութերի գերակշռող մասը լինի բարի ու դրական լուրեր:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *