ԽՈՀԵՐ` ԳԻՏԵԼԻՔԻ ՏՈՆԻՑ ԱՌԱՋ …կամ` ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ

Սեպտեմբերի մեկը Հայաստանում գիտելիքի օր է: Այդ օրը աշակերտները շտապում են դպրոց ` սկսելու նոր ուսումնական տարին: Օրն առավել նշանակալի է դառնում մանավանդ առաջին դասարանցիների համար:
Բայց մինչ նրանք ուրախանում են, ծնողները խուճապի մեջ են: Արդեն սկսվել է խառնաշփոթը` խանութներում: Ծնողները, հատկապես` մայրերը, իրենց երեխաների ձեռքից բռնած` խանութից խանութ են անցնում` երեխային պատշաճորեն դպրոց ճանապարհելուն նախապատրաստվելու համար, ինչը ուրախությունից վերածվել է մեծ հոգսի, քանի որ այն մեծ ծախսերի հետ է կապված: Ծնողների խեղճացած ու անզոր հայացքից հասկանում ես, որ նրանք բավարար միջոցներ չունեն` դիմակայելու սեպտեմբերյան ավանդական թանկացումներին: Իսկ միայն աշխատավարձով հնարավոր չէ ամեն ինչ հասցնել: Արտերկրում (Ռուսաստանում) աշխատանք գտած հայրերի ուղարկած գումարը ևս քիչ է, քանի որ ռուբլին րոպե առ րոպե է արժեզրկվում: Ստացվում է, որ Հայաստանում սեպտեմբերմեկյան գիտելիքի տոնի ուրախությունը վերածվում է տրտմության եւ հոգսի տոնի…գիտելիքը դարձնելով աննպատակահարմար եւ անտեղի… Եթե առանց դրա էլ մարդիկ միլիոններ են դիզում, առանց դրա էլ պաշտոններ են զբաղեցնում, առանց դրա էլ բարգավաճում են, առանց դրա էլ…
Մնում է` հայ բանաստեղծի նմանակությամբ ասել` Ո՞ւր ես գալիս, այ սեպտեմբերի մեկ, զուր ես գալի՞ս` գիտելիքի տոն…
Մտահոգիչ է, որ մեկ երեխա դպրոց ճանապարհող ծնողն էլ է հուսահատվում, դժվարանում, իսկ ի՞նչ անի բազմազավակ ընտանիքը, ում հոգսերը բազմապատիկ են:
Ում խոսեցնում ես` ասում է` էլի եկավ սեպտեմբերը…  Սեպտեմբերյան սարսափելի գներ են Հայաստանում: Էդ որքա՞ն ճկուն միտք պիտի ցուցաբերեն ծնողները, որ կարողանան հոգալ երեխայի` առաջին օրը դպրոց գնալու` անհրաժեշտ ու բավարար բոլոր հարցերը` սպիտակ վերնաշապիկ, տաբատ, կիսաշրջազգեստ, պայուսակ, գրենական պիտույքներ…. Եվրոպական երկներում այդ օրերին մեծ զեղջեր են լինում, իսկ Հայաստանում…Մեզ մոտ ամեն ինչ թարս է աճում` սկսած գներից վերջացրած…
Գիտելիքի օրվան ընդառաջ` պակաս ճարպիկ չեն դառնում նաեւ առևտրականները, որ օգտվում են առիթից:
Ծնողները միանշանակ շեշտում են, որ բացի սեպտեմբերյան խիստ անհրաժեշտ գնումներից, պետք է նաև մի կլորիկ գումար պահեն դասագրքերի, ստուգողական տետրերի, դասասենյակները վերանորոգելու եւ ով գիտե` էլ ինչերի համար:
Առավել դժվար է գյուղաբնակի համար. դեռ բերքը չի հավաքել…
Բայց եւ այնպես` նորից եկավ սեպտեմբերը…Ծնողները, թեեւ տրտնջում են, թեեւ հոգսաշատ են, թեեւ նեղսրտում են, բայց ի~նչ հայ ծնող, որ ամեն ինչ չանի իր երեխային տոնական տրամադրությամբ գիտելիքի օրը դպրոց ճանապարհելու համար…
Նորից եկավ սեպտեմբերը…. սարսափեցնող հետեւանքներով… բայց` բարով եկավ սեպտեմբերը…
Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *