Խոսք հիշատակի. ԳԵՂԵՑԻԿ ԱՊՐԵՑ …

17888644_1267340776698286_1933152759_n

Կյանքի 44-րդ գարունը չբոլորած՝ այլեւս լույսի ու հավերժի ճամփորդ է մեր սիրելի գործընկեր Սուսաննա Վանիկի Հովսեփյանը:

Սուսաննան ծնվել է 1973թ. մայիսի 29-ին Գորայք գյուղում։ Վայքում միջնակարգ կրթությունը ստանալուց հետո 1990-92 թ.թ. ուսանել է Գորիսի մանկավարժական ուսումնարանում։ 1992-1997 թ.թ. Արտավանի թերի միջնակարգ դպրոցում ու Վայքի մանկապարտեզում աշխատելուց հետո 1997թ-ից աշխատում էր Գորայքի միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար եւ երգ-երաժշտության ուսուցչուհի։ Չբավարարվելով իր գիտելիքներով՝ 2014թ-ին ընդունվել է Գորիսի պետական մանկավարժական համալսարան, ստացել բակալավրի աստիճան, ընդունվել նաև մագիստրատուրա, որը, ցավոք, չհասցրեց ավարտել։

Սուսաննա Հովսեփյանն ապրեց կարճ, բայց բովանդակալից կյանք, օժտված էր մարդկային դրական հատկանիշներով։ Չափազանց բարի էր, համեստ, համբերատար ու ներողամիտ, առաքինի։ Նրա մահով խորապես վշտացել են թե՛ հարազատ-բարեկամները, թե՛ գործընկերները, թե՛ սաներն ու նրանց ծնողները։

Բնությունը շռայլ էր նրա նկատմամբ, բախտը՝ ժլատ։ Ուներ նկարելու, նվագելու ձիրք, ի ծնե էր մանկավարժ եւ ուսուցիչ։ Սիրված դասվար էր թե՛ բնավորությամբ, թե՛ ձեռքի շնորհքներով: Նկարելու, նվագելու՝ բոլորի պատեհ-անպատեհ պահանջները կատարում էր անտրտունջ, մեղմ ժպիտով։

Մայրության բերկրանքը, ավա՜ղ, միայն իր սաների նկատմամբ վայելեց՝ նվիրելով նրանց իր հոգու  անսպառ շտեմարանում ամբարած բարու, գեղեցիկի սերմերը։ Նրա համար ոչ թե մեծ վիշտ էր իր հիվանդությունը, այլ երկու սաների՝ արտերկիր մեկնելը։

Սիրելի՛ Սուսաննա, դու հեռացար անժամանակ, բայց ապրեցիր գեղեցիկ, պարկեշտ ու պատվախնդիր, ճիշտ ու օրիակելի։ Քո փոքրիկ սիրտը հիվանդ էր, բայց մեծ էր շատ, լի էր բարությամբ, անսահման բարությամբ …Դու միշտ կհիշվես քո գործընկերների, սաների ու բոլոր ճանաչողների կողմից՝ քաղցր ու բարի հուշերով…

Գորայքի միջն. դպրոցի մանկավարժական կոլեկտիվ

 

 

2,704 դիտում

2 մեկնաբանություն Խոսք հիշատակի. ԳԵՂԵՑԻԿ ԱՊՐԵՑ … հոդվածին

  1. Zemfira -ը գրել է:

    Ցավակցություններս հարազատներին, գործընկերներին ու բոլոր նրանց, ում համար թանկ էր ու անփոխարինելի:

  2. Mher Kumunts -ը գրել է:

    Իմ հիանալի ուսանողուհին է Սուսաննան. պարտաճանաչ, հարցասեր ու ձգտող, ճիշտ մտավորական: Մեկ-մեկ էլ չարչարել եմ` ավելին պահանջելով, քանի որ գիտեի, որ ուսուցչուհի է: Երբեք չի դժգոհել, ընդհակառակը, լավ էր զգում, որ իրենից ավելին եմ պահանջում. կամ գերազանց, կամ անբավարար: Մենք հասկացել էինք, որ այսօրվա դպրոցին լավ ուսուցիչ է պետք, և լավագույն կրթությունը սկսվում է ուսուցչից` լավ ուսուցիչ, լավ աշակերտ: Ցավոք հիմա այս տեսակը մեզ հետ չէ: Չհասցրեց անգամ ավարտել մագիստրատուրան /թեզը գրել-պատրաստել-ուղարկել էր/: Ես անձամբ մասնակցեցի հոգեհանգստի արարողությանը: Շնորհակալ եմ, որ հիշատակել եք մեր Սուսաննային…Շնորհակալ եմ…Լույս…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *