ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Մեծ կորուստ կրեց Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի կոլեկտիվը: 59 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց անսահման բարի ու պարտաճանաչ, իր կոչմանը նվիրյալ, երկարամյա դասվար Ռիտա Մարկոսյանը: Նրան սիրում էին իր սաները եւ նրանց ծնողները, քանի որ երեխաներին վերաբերվում էր մայրաբար, անմնացորդ տալիս էր իր սերն ու գիտելիքները, նրանց փոխանցում մարգարտաշար իր ձեռագիրը: Նրա անշտապ քայլքը, մեղմ ժպիտը խաղաղություն էին սփռում դպրոցում, դասարանում: Նրա բարձր ձայնը, զայրացած խոսքը չի լսել ոչ ոք:

Ասում են` մարդն ապրում է այնքան, որքան հիշում են նրան: Տիկին Մարկոսյանը նման խնդիր չի ունենա, քանի որ նրան միշտ կհիշեն Սիսիանի թիվ 4, թիվ 3 (նրկայիս` ավագ), Անգեղակոթի դպրոցներում, որտեղ դասավանդել է տարրական դասարաններում: Ռիտա Մարկոսյանը լավ էր պատկերացնում կրտսեր դպրոցի խնդիրները, դրանք լուծում արդյունավետ կերպով:

Ավաղ, անժամանակ, անսպասելի եղավ նրա մահը, որը հանկարծակիի բերեց ու վշտի մեջ թողեց իրեն ճանաչողներին: Ռիտա Մարկոսյանի հիշատակը վառ կմնա նրա սաների, աշխատանքային ընկերների եւ նրան ճանաչողների սրտերում:

Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոց

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *