ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԺՊԻՏԻ «ԳԱՂՏՆԻՔԸ»

ԵՏՏՈՆԱԿԱՆ


Այս օրերին քաղաքի թիվ 3 մանկապարտեզում ոչ թե երեխաների ուրախ աղմուկ-աղաղակն է, այլ` շինարարական աշխատանքների եռուզեռ: Անցած 35 տարիների ընթացքում առաջին անգամ մանկապարտեզում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, ինչի կարիքը մանկապարտզը խստագույնս ուներ:
Սյունիքի մարզպետարանի` Սիսիանի թիվ 3 մանկապարտեզին հատկացրած 10 մլն դրամով իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, փոխվել են մուտքի դռները, պատուհանները, հիմնանորոգվել է 5 սանհանգույց, նախատեսված է եւս 1 սանհանգույցի հիմնանորոգում: Աշխատանքներն իրականացնում է /Նոր բակ/ «Նորոգշին» ընկերությունը:
Դեռեւս անցյալ տարի, ՀՀ Կրթության նախարարության` կրթության որակի բարելավման ծրագրով առաջին փուլով 3,5 մլն. դրամ ֆինանսավորմամբ, մանկապարտեզն ապահովվեց լոկալ ջեռուցման համակարգով, իսկ անհրաժեշտ` շենքի գազիֆիկացման խնդիրը լուծվեց Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
Կրթության որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլով, հընթացս կատարվող վերանորոգման աշխատանքների, օրերս մանկապարտեզում ձեռք են բերել 2,5 մլն. դրամ արժողությամբ ժամանակակից մանկական գույք, սպասք, տեխնիկական սարքավորումներ եւ այլ պարագաներ:
Ծրագրի շրջանակներում, ինչպես իրազեկեց Լիանա Գրիգորյանը, նախակրթարանի 4 աշխատակիցներ մասնակցել են նաեւ վերապատրաստման, Եղեգնաձորի մանկապարտեզներից մեկում իրականացրել փորձի փոխանակում, նրանց հյուրընկալել իրենց մոտ` մանկապարտեզային աշխատանքները համախատասխանեցնելու արդիական պահանջներին եւ կրթության բարելավման ռազմավարությանը:
Մեր` մանկապարտեզ այցի օրը շինարարները ծրագրով նախատեսված վերջին աշխատանքներն էին կատարում, եւ, ինչպես հավաստիացրեց Լ. Գրիգորյանը, փետրվարի 1-ից մանկապարտեզն արդեն կգործի բնականոն ընթացքով:
«Արվածով մանկապարտեզի հիմնախնդիրներն ամբողջությամբ, իհարկե, չեն լուծվում,- ասում է տնօրենը,- բայց ինչ խնդիր որ լուծվում է, լուծվում է հիմնավորապես: Գուցե կարելի էր վերջին 2 տարվա ընթացքում մանկապարտեզին հատկացված 17 մլն դրամով ներկել պատերը, կոսմետիկ վերանորոգումներ անել, բայց մեր նպատակը ոչ թե դա էր, այլ` առկա բազմաթիվ խնդիրներից գոնե մի քանիսի` ամբողջական լուծումը, որպեսզի մի քանի տարի հետո դրանք նորից գլուխ չբարձրացնեն: Կարծում եմ` մենք ճիշտ ենք վարվել»: Այնուհետեւ նա նշում է, որ մանկապարտեզի շենքում առկա է ջրի, կույուղագծերի, հոսանքով ապահովման հիմնահարցերը, առանց որոնց լուծման չեն կարողանա նորմալ աշխատել:«Հույսներս չենք կորցնում, մտածում ենք, որ կգտնվեն միջոցներ եւ աղբյուրներ ոչ միայն այդ, այլեւ` մանկապարտեզի շենքն ամբողջությամբ հիմնանորոգելու համար, ինչի կարիքը չափազանց շատ է զգացվում»: Իսկ  մեր` ինչպես եք կարողացել այս գումարները հայթայթել եւ նման ծրագրեր ներդնել մանկապարտեզում հարցին տնօրենը խորհրդավոր ժպտում է` ասելով, որ այնքան էլ էական չէ, թե ով է օգնում, կարեւորն այն է, որ խնդիրներ են լուծվում: Այնուամենայնիվ, դժվար չէր կռահել խորհրդավոր ժպիտի «գաղտնիքը» եւ հեշտությամբ  «քողազերծել» այս կարեւոր հարցերի  լուծմանը  սատարող եւ նրա  թիկունքը պահող  ընտանեկան, բարեկամական ամուր կապը, ինչն, անշուշտ, ի նպաստ թիվ 3 նախակրթարանի է:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *