ԾԱՌԱՏՈՒՆԿ` ՔԱՌՕՐՅԱՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԱՐՄԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Հայաստանի Առաջին Հանրապետության 100 -ամյակին եւ Մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառումների շարքը Ախլաթյանի միջն. դպրոցում մեկնարկեց համադպրոցական ծառատունկով: Քանի որ ծառը հարատեւության խորհրդանշան է, ծառատունկն իրականացվեց ապրիլի 10-ին՝  քառօրյա պատերազմի նահատակ, Ախլաթյանի համայնքապետ Արմեն Բեգլարյանի ծննդյան օրը:

Քարերի երկիր մեր հայրենիքը դարեր ի վեր անցել է պատերազմների միջով, մեր ժողովուրդը թրծվել է արհավիրքների բովում, բայց երբեք չի կորցրել իր տոկունությունն ու կենսասիրությունը: Պատերազմների ժամանակ հայը զենքն է վերցրել, իսկ խաղաղ ժամանակներում`  բահն ու մաճը: Պատահական չէ, որ յուրաքանչյուր հայ մանուկ մեծանում է այն գիտակցությամբ, որ իսկական տղամարդը պետք է տուն կառուցի, ծառ տնկի ու երեխա ունենա:

Ապրիլի 10- ին, վաղ առավոտյան աշակերտները մեծ ոգեւորությամբ սպասում էին ծառատունկի մեկնարկին: ՆSkypePhoto_20180416_123249րանց ոգեւորությունն էլ ավելի մեծացավ, երբ համատեղ ջանքերով տնկեցին Արմեն Բեգլարյանի անվանական տնկին: Դպրոցի պատմության ուսուցիչ Ա. Բադալյանը եւս մեկ անգամ ներկայացրեց Արմեն Բեգլարյանի անցած կյանքի ուղին՝ շեշտադրելով նրա մեծ հայրենասիրությունն ու նվիրվածությունը հայրենի գյուղին ու գյուղացուն:

Այնուհետև աշակերտները մեծ խանդավառությամբ ու պատրաստակամությամբ տնկեցին իրենց անվանական խնձորենիները, որոնք ձեռք էին բերել դպրոցի տնօրեն Ֆլորա Գեւորգյանի եւ աշակերտների ծնողների ջանքերով:

Հաճելի էր հետեւել աշակերտների աշխատանքին, նրանց ոգեւորությանն ու ջանասիրությանը: Ակամա համակվում ես այն գիտակցումով, որ ինչպես տնկում են, խնամում, այնպես էլ հետագայում կպաշտպանեն ու կզորացնեն: Եվ հավատում ես, որ տարիներ անց այսօրվա աշակերտները օտար ափերում դեգերելու փոխարեն, կապրեն ու կշենացնեն հայրենի գյուղը:

-Ծառ տնկիր ու հզոր արմատներով ամուր կառչիր հայրենի հողին: Յուրաքանչյուրս` գոնե մեկ ծառ, թող սա լինի մեր նշանաբանը: Տարեցտարի կանաչապատենք ու շենացնենք մեր երկիրը,– այս խոսքերով է միջոցառումն ավարտում տիկին Գեւորգյանը:

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ախլաթյան

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *