ԾԱՌԸ` ՀՆԱԴԱՐՅԱ

«Որոտան» թերթի խմբագիր Արևհատ Ամիրյանից լսել էի Լծենի Անապատ- մատուռի զարմանահրաշ ծառի մասին եւ նրա ուղեկցուցյամբ էլ այս տարվա հունիսին այցելեցի այնտեղ:
Սիսիանի շրջանի Լծեն գյուղի մոտակայքում է գտնվում մի զարմանահրաշ վայր, որն իրենից ներկայացնում է մարդու և Մայր-բնության ձեռքով կերտված հուշարձանների մի եզակի միասնություն: Այն մոտակա անտառափեշին գտնվող 1347թ. կառուցված Անապատ մատուռն է և նրա պատի մեջ սերտաճած ու իր բնով և ճյուղերով այն գրկող գիհու մի դարավոր ծառը:
Տեղի բնակչության համար սա մի առանձնահատուկ սրբավայր է: Ծառի վերաբերյալ կա ենթադրություն, իբրև թե այն բերվել և տնկվել է այստեղ մատուռի կառուցման տարիներին, համաձայն այն ավանդույթի, երբ եկեղեցիների կողքին, վանքային համալիրների բակերում և այլ սրբավայրերում ծառեր էին տնկվում: Այս վարկածը հիմնավորվում է այն փաստով, որ ծառը իր տեսակով եզակի է շրջապատող անտառի մեջ:
Անապատ- մատուռ իմ այցելության հիմնական նպատակն էր այդ առեղծվածային ծառի բուսաբանական զննումը և նրա` այստեղ հայտնվելու  հնարավոր ճանապարների պարզաբանումը: Նախ ասեմ, որ վաղուց այսպիսի ոգևորվածություն չէի ապրել, ինչպես այն պահին, երբ մոտենում էինք սրբավայրին: Այն նախնական տեղեկությունները, որ ստացել էի բնության այս հրաշքի մասին, ինձ մոտ շատ մեծ հետաքրքրություն էին առաջացրել: Դժվար է նկարագրել հրաշալի բացահայտման այն զգացողությունը, որ ապրեցի, երբ իմ աչքերով տեսա մատուռի և ծառի այս միաբանությունը: Սա  դարավոր մի գիհի էր, որը, աճելով մատուռի պատի տակից, իր բնով քայքայել էր պատի մի մասը, իսկ իր հաստ, ծռմռված և միմյանց հետ փոխհյուսված ճյուղերով ծածկել մատուռի վերին հատվածի մի մասը: Տարիներ առաջ, 1976թ.-ին ծառը մատուռի առաստաղի մասնակի փլուզման պատճառ դարձավ, սակայն տեղի բնակիչներից մեկը` Խաչատուր Մարգարյանը վերականգնեց և ամրացրեց այն:
Վերադառնալով իմ մասնագիտական մեկնաբանություններին, նշեմ, որ Անապատ-մատուռի ծառը գիհու` Հայաստանում առավել տարածված տեսակներից մեկն է` գիհի բազմապտուղը, որի լատիներեն/գիտական անվանումն է Juniperus polycarpos: Այն ընդգրկված է Հայաստանի և նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքերում, քանի որ իր տարածման շատ վայրերում կրճատվում է մարդածին գործոնի ազդեցության հետևանքով: Բավականին դանդաղ է աճում և, ըստ գրական տվյալների, ապրում է մինչև 500-600 տարի: Այն տարածված է Հայաստանի մի շարք շրջաններում և կազմում է գիհու նոսրանտառներ` այսպես կոչված գիհուտներ: Ահա հենց այս բուսական համակեցությունով էլ ծածկված է ձորի դիմացի լանջը: Սակայն մատուռի շրջապատող տարածքը ծածկված է բոլորովին այլ բուսականությամբ` կաղնու անտառով, որում բավականին ընդարձակ տարածքի վրա գիհու մեկ այլ ծառ չկա:  Ամենայն հավանականությամբ գիհու սերմը այստեղ է բերվել թռչնի կամ որևէ այլ կենդանու միջոցով: Ընկնելով մատուռի պատի հիմքի մոտ, բարենպաստ պայմանների ներքո այն աճել, մեծացել է, դառնալով իր տեսակի համար մի եզակի երևույթ` այս սրբավայրին յուրահատուկ շունչ հաղորդող նրա անբաժան մի մասը: Եթե այն մարդու կողմից տնկված լիներ, ապա կլիներ մատուռից որևէ հեռավորության վրա: Դատելով ծառի արտաքին տեսքից դժված է որոշել նրա ճշգրիտ տարիքը, սակայն նրա հավանական տարիքը կարող է լինել առնվազն 400-500 տարի: Չնայած տեղացիները ասում են, որ իրենք զգում են ծառի ծերացումը, այս գիհին իր կենսունակության տեսանկյունից բավականին լավ վիճակում է, առատորեն պտղակալում և անգամ սերունդ է տալիս (բազմապտուղ գիհու բնական վերարտադրությունը անբավարար է)` Անապատ մատուռի շրջակայքում մեծանում են նրա սերմերից ծլած փոքրիկ գիհիներ: Անկասկած, տեղանքի, մատուռի եւ ծառի  այս ամբողջ պատմությունը, բացի իր գիտական պարզաբանումներից, պարուրված է մի առանձնահատուկ հոգևոր էներգետիկայով, որը և նպաստել է այս զարմանահրաշ երևույթի առաջացմանն ու գոյատևմանը:  Ես զբաղվում եմ Հայաստանի դարավոր եւ եզակի ծառերի ուսումնասիրությամբ: Ամենայն հավանականությամբ Լծենի Անապատ-Մատուռի ծառը տեղ կգտնի Հայաստանի դարավոր ծառերին նվիրված տպագրվելիք իմ գրքում:

Աննա ԱՍԱՏՐՅԱՆ,
բուսաբան Երեւասն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *