ԾՐԱՐՎԱԾ ԹԱԽԻԾ…

Առաջին սերս առաջին ձյան քնքուշ, անաղարտ
փափկությունն ուներ,
Առաջին սերս մանկան աչքերով աշխարհին նայող
անմեղություն էր,
Առաջին սերս առաջին ծաղկի թովչանքը ուներ,
Գարնանաբույր էր, ծաղկաբարուր էր,
Վաղ արշալույսին աշխարհը օծող շաղ շամանդաղի
մաքրությունն ուներ,
Առաջին սերս հոգուս մեջ պահված զուլալ ակունքն է,
Հուշերիս թևով իմ վերադարձի հանգրվանը սուրբ…
 
                    ჻  ჻  ჻

Գրեթե ոչինչ չասացի ես քեզ,
Ւսկ դու հասկացար նույնիսկ չասվածը,
Լուռ հայացքիս մեջ շատ բան կարդացիր,
Բայց չկարդացիր քեզ հասցեյվածը…

                               ჻  ჻  ჻

Անպատեհ չէր գալդ,
Ի  վերուստ էր գրված, որ պիտի գաս,
Որ անգոյացման եզրին կանգնածիս
Նոր կյանքի շունչ տաս,
Օծես հավատով ու սեր շշնջաս,
Մի մեղավորիր քեզ գալուդ համար,
Եկար, որ լինես փրկածիդ համար… անպատեհ…

                     ჻  ჻  ჻

Ես վախենում եմ ինքնախոստմանս քեզ վկա դարձնել,
Քեզ վկա դարձնել իմ տարիների այն ողջ ընթացքին,
Երբ լուռ ընկերն ես եղել խոհերիս,
Ես վախենում եմ` եթե իմանաս,
Թե դու որքան կաս, ով ես ինձ համար,
Ողջն այն, ինչ ունեմ, կորցնեմ հանկարծ,
Ավերակ դառնա ամբողջ մի աշխարհ…
                        
                         ჻  ჻  ჻

Լռությանս մեջ մտքեր կան չասված,
Խոհեր` չկիսված, Ճիչեր կան զսպված
ու զսպված բողոք,
Եվ մտորելու քիչ կարողություն,
Եվ չհասկացված իմ լռության մեջ
Կա համբերւթյան բաժակ անհատակ…
Սակայն չգիտեմ, թե ուր եմ գնում
Իմ ինքնահալած ու լուռ խոհերի քարավանն առած …
                   
                             ჻  ჻  ჻

Չասացի ոչինչ, և դու չիմացար,
Որ ամբողջ մի կյանք ապրեցի քեզնով,
Հոգուդ խենթ հեւքով,
Սիրուդ հավաստման այն ջերմ շշունջով….
Չեմ ասի ոչինչ, եւ չես իմանա,
Որ ամբողջ մի կյանք եղել եմ կողքիդ,
Քայլել եմ քեզ հետ ու քեզ հետ խորհել
Փոթորկվել քեզ հետ, նորից խաղաղվել,
Չեմ ասի ոչինչ, և չես իմանա,
Որ ես պարզապես ապրում եմ քեզնով…
                    
                          ჻  ჻  ჻

Թե ուզում ես գնալ, անաղմուկ հեռացիր,
Եվ մի ասա ոչինչ, որ չթացվի հոգիս,
Գնա ու մի ժխտիր, որ սիրուդ շշունջը
Սահմաններ չի հատել,
ու սպասման ցավից հոգիդ չի տառապել,
Եվ որ պարզապես ինձնով չես ապրել,
Թե ուզում ես գնալ, անաղմուկ հեռացիր,
Որ արձագանքը ոտնաձայներիդ հոգիս չակոսի…
                  
                          ჻  ჻  ჻

Մի, մի՛  հեռացիր, հոգիս,
Մի՛ հեռացիր,
Մի ՛զրկիր աշխարհն իմ արևի լույսից,
Ամպով մի պատիր կապույտը երկնիս,
Վար մի՛ բեր հոգիս քո հեռուներից…
Մի՛ գնա, հոգիս, մի՛ հեռացիր,
Բացել ես իմ դեմ դուռը երկնքի,
Տիեզերքին տեր լինելուց ինձ մի՛ զրկիր..
Եթե հեռանաս, քեզ ետ չեմ կանչի,
Չեմ ասի երբեք խոսքեր համոզիչ,
Կցավի հոգիս իր մեջ անաղմուկ,
Դու չես իմանա ցավն ափսոսանքիս,
Որ որոնումդ չեղավ անթերի,
Որ չեղավ հոգիս թասը ծարավիդ…

Նունե ՍԱՀԱԿՅԱՆ
Լիպեցկ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *