ԿԱՆԱՉԱՊԱՏՎԵՑ ՎՈՒՐԳ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՇՐՋԱԿԱՅՔԸ

…Եւ մայիսյան հաղթանակի տոները քարակերտ Հրամանատարը նույնպես դիմավորեց ծաղիկներով, թեւատարած ու սավառնող հոգու թռիչքը` հայացքի մեջ…
«Թեեւ կանաչապատումը մի քիչ ուշացրեցինք, բայց… հասցրեցինք,- ասաց Արմեն Ավետիսյանը` Վուրգի դստեր` Անահիտի ամուսինը:-Մի տեսակ տխրություն, լքվածություն կար Վուրգի վեհաշուք արձանի շրջակայքում: Մինչդեռ` այն պիտի լցված լիներ ծաղիկներով, կանաչով, գեղեցկությամբ` հավաստելու հայրենյաց նահատակին, որ նրան չեն մոռանում…
Հիմա ամեն բացվող գարնան ու ամեն տարվա հաղթանակի տոներին հայրենիքի համար նրա թափած արյունը թող վարդի ու ծաղկի տեսքով ելնի հողի սրտից` ապրողներին հիշեցնելու իրենց պարտքը նահատակ-մարտիրոսների հանդեպ»:
Մեզ հետ զրույցում  Արմենը խորին շնորհակալություն հայտնեց Արթուր Սուքիասյանին, ով կազմակերպված  ձեւով իրականություն դարձրեց իր նախաձեռնությունը:
«Ես միայնակ ոչինչ չէի կարող անել, որովհետեւ հեշտ չէր եւ տարածք մաքրելը, եւ հավաքված աղբը տեղափոխելը, եւ հողը տնկիների համար նախապատրաստելն ու մոտ 350 տնկի ու եղեւնի տնկել-խնամել-ջրելը»,- ասաց Արթուր Սուքիասյանը, հավելելով, որ իրեն  պատրաստակամությամբ աջակցել, օգնել են թե Սիսիանի քաղաքային իշանությունները` տրամադրելով պահանջվող աշխատուժն ու տեխնիկան, թե Սիսիանի ԵԿՄ վարչությունը, թե` կոմունալ տնտեսության աշխատակիցները: «Ի վերջո, սա մեզ համար է, մեր քաղաքի եւ մեր քաղաք այցելող այն մարդկանց համար, ովքեր Ազատամարտի հրապարակից իրենց զավակներին հայոց բանակ են ճանապարհում»:
Արթուրը նշեց նաեւ, որ Ազատամարտի հրապարակի կանաչապատման, կահավորման աշատանքները շարունակվելու են, եւ առաջիկայում, դարձյալ Արմեն Ավետիսյանի ջանքերով, կտեղադրվեն նստարաններ ու մոխրամաններ: Իսկ հետագա պահպանությունն ու խնամքը հանձնառել է  համայնքային իշխանությունը:
Մեր հարցին, թե մտավախություն չկա, որ բնակիչները կհանեն-կտանեն վարդի թփերն ու էկզոտիկ ծաղկատեսակները, Արթուրը համոզմունք հայտնեց, ասելով. «Միգուցե մարդկանց մտքով կանցնի ուրիշ տեղերից հանել-տանել, բայց, կարծում եմ, սա այն սրբավայրն է, որտեղ… ծաղիկներ կբերեն»:
Շնորհավոր մայիսյան հաղթանակներդ, զինվոր ու հրամանատար…
Այսօր քո տոնն է, վաղը քո տոնն է, եւ միշտ` քո տոնն է…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
08.05.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *