ԿԱՏԱՐՎԵՑ ՊԱՇՏՈՆԱԿԱԼՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

2008թ.-ի հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած Սիսիանի համայնքապետի ընտրություններում առաջադրվել էր 6 թեկնածություն: Քվեարկությանը մասնակցել էր 7829 ընտրող: Ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ` Վազգեն Բաբայան` 210, Ռազմիկ Դանիելյան` 290, Սամվել Թանգյան` 1512, Աղասի Հակոբջանյան` 2004, Տիգրան Պողոսյան` 1942, Լավրենտ Սարգսյան` 1577: Անվավեր քվեաթերթիկների թիվը` 299, վավեր քվեաթերթիկների թիվը` 7535, անճշտությունների չափը` 57:
Թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 16-ին կայացած նիստում համայնքի ղեկավար ընտրվելու մասին թիվ 104-Ա որոշմամբ 2008թ.-ի հոկտեմբերի 12-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում համայնքի ընտրված ղեկավար էր ճանաչել Աղասի Մամիկոնի Հակոբջանյանին:
Սակայն ընտություններում 2-րդ հորիզոնականը գրաված ՀՅԴ անդամ Տրգրան Պողոսյանը, որն առաջատարից ետ էր մնում 62 ձայնով, ՀՀ վարչական դատարան ներկայացրեց հայցապահանջ` թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 16.10.2008թ. թիվ 104-Ա որոշումը  եւ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: ՀՀ վարչական դատարանը հոկտեմբերի 27-ի դռնբաց դատական նիստում քննել է վարչական գործն ըստ Տիգրան Պողոսյանի` ընդդեմ թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի, երրորդ անձ` Աղասի Հակոբջանյան:
ՀՀ ընտրական օրենսգրքի 133-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե անճշտությունների չափը մեծ է կամ գերազանցում է առավելագույն ձայներ հավաքած թեկնածուների ձայների տարբերությանը: Նկատի ունենալով վերոհիշյալ հանգամանքը` ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Տիգրան Պողոսյանի հայցն ընդդեմ թիվ 37 ընտրատարածքային հանձնաժողովի, երրորդ անձ` Աղասի Հակոբջանյան եւ անվավեր ճանաչել թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 16.10.2008թ. «Համայնքի ղեկավար ընտրելու մասին» թիվ 104-Ա որոշումը եւ 2008թ.-ի հոկտեմբերի 12-ին կայացած Սիսիանի համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները:
Հավելենք, որ անճշտությունների չափը պայմանավորված է եղել թիվ 37/2 տեղամասային ընտրական հանձնաժողովում ծրարները չփաթեթավորելու, պարկում չտեղավորելու եւ պատշաճ կարգով ընտրատարածքային հանձնաժողով չտանելու հետ:
Նոյեմբերի 2-ին կատարվեց վերաքվեարկություն:
Վերաքվեարկության արդյունքում թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացած քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները եւ առաջնորդվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով ու 2-րդ կետով, նոյեմբերի 2-ին կայացած ընտրություններում Սիսիանի համայնքի ընտրված ղեկավար ճանաչեց Աղասի Մամիկոնի Հակոբջանյանին:
Նոյեմբերի 13-ին Սիսիանի քաղաքապետարանի դահլիճում տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ Աղասի Հակոբջանյանի պաշտոնակալման արարողությունը: Արարողության ընթացքում հույս հայտնվեց, որ նորընտիր համայնքապետը կանի ամեն ինչ` Սիսիանը միասնական եւ բարեկեցիկ դարձնելու համար:
Սիսիանի համայնքի ավագանի են ընտրվել Հովիկ Ալեքսանյանը, Աշոտ Ավագյանը, Արման Արշակյանը, Արթուր Դավթյանը, Վարդան Իվանյանը, Բենիկ Սահակյանը:
Հոկտեմբերի 13-ից սկսվեց նաեւ նորընտրիր ավագանու պաշտոնավարման շրջանը:
Հոկտեմբերի 12-ին տարածաշրջանի գյուղական համայքներում կայացած ընտրություններում հիմնականում վերընտրվել են գործող համայնքապետերը:
Նոր համայնքապետեր են ընտվել Անգեղակոթում (Արմեն Խաչատրյան), Ախլաթյանում (Նորիկ Աղաջանյան), Հացավանում (Շուշան Մարգարյան), Շաղատում (Տիգրան Խաչատրյան), Շաքեում (Վաղինակ Առաքելյան), Սալվարդում (Վարդան Մեսրոբյան), Ույծում (Արտակ Ավետյան):
Շնորհավորում ենք բոլոր համայնքապետերին եւ ավագանու բոլոր անդամներին եւ հաջողություն մաղթում դժվարին ու պատասխանատու քառամյա աշխատանքում:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *