ԿԱՐԵՆԸ ՇԱՏ ԷՐ ՍԻՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ

Հունվարի 28-ին Մատաղիսի դիրքերում դիպուկահարի գնդակից զոհված սիսիանցի զինծառայող Կարեն Գալստյանի դին այսօր ժամը 18-ի սահմաններում հանձնեցին հարազատներին:
19-ամյա պատանու զորացրմանը մնացել էր ընդամենը 4 ամիս, սակայն, ինչպես դառնորեն ասացին հարազատները, ոչ միայն կտրվեց նրա կյանքի թելը, այլեւ՝ կիսատ մնաց անգամ հայրենիքի հանդեպ պարտքը:
Հարազատների հավաստմամբ՝ Կարեն Գալստյանը մտադրություն ուներ պարտադիր զինծառայությունն ավարտելուց հետո անցնել հիմնական զինվորական ծառայության, որովհետեւ զինվորական համազգեստը շատ է սիրել:
«Շատ ծանր է տարել մարտական դիրքերում հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի մահը, բայց եւ հպարտացել է նրանով,-ասաց քույրը՝ Արմինեն,- իսկ երբ նույն այդ ժամանակ նրան 12-օրյա արձակուրդ են տվել տուն գալու եւ հարազատներին տեսակցելու, հրաժարվել է՝ ասելով՝ Արմենը այնտեղ զոհվի, ես գնամ տուն-հանգստանամ, երեւի նրան վիճակված չէր գալ, նրան պիտի բերեին… »,- մեծ կսկիծը զսպելով՝ հավելեց նա:
Համագյուղացիները եւ հարազատներն ասացին, որ Կարենը բացառիկ տղա էր, բարի, կամեցող, հասնող:
Կարենի եղբայրը՝ Բաբիկ Գալստյանը ասաց, որ թեեւ ոչինչ չի սփոփի եւ մխիթարի իրենց, սակայն մեզ հաղորդեց, որ արդեն տեղեկություն են ստացել Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Կարեն Գալստյանին պարգեւատրելու մասին: «Թե ինչ մեդալ է, չգիտենք, էական էլ  չէ, բայց փորձում ենք մեզ մխիթարել նրանով, որ Կարենի համար ողջ Ույծն է սգում, ողջ Սիսիանը եւ հայ ժողովուրդը»,- ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ ծնողների համաձայնությամբ Կարեն Գալստյանը կհուղարկավորվի Սիսիանի քաղաքային պանթեոնում:vorotan30012014-2

Օրվա ամենախորհրդավոր եւ ամենահուզիչ իրադարձություններից մեկը  ժամը 18-ի սահմաններում հեղինակեցին սիսիանցի մի խումբ երիտասարդներ՝ քաղաքի կենտրոնական հրապարակում Կարեն Գալստյանի հիշատակին մոմավառություն կազմակերպելով:
Մեզ հետ զրույցում  համեստաբար չցանկանալով ներկայանալ, նրանք նշեցին, դա իրենց հոգու պարտքն էր:

Իսկ հարցին, թե Սիսիանի քաղաքապետարանը կամ՝ որեւէ մեկը որեւէ կապ ունի՞ մոմավառության կազմակերպման հետ,15-18 տարեկան պատանիներն ու երիտասարդները բացասական պատասխան տվեցին ասելով, որ չեն ցանկանում ոչ անձնավորել, ոչ էլ քաղաքականացնել մոմավառության ակցիան, քանի որ այն հասակակիցների վերաբերմունքն է իրենց զոհված հայրենակցի հիշատակի հանդեպ:

Հ. Գ. Քիչ առաջ տեղեկացանք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Կարեն Գալստյանը հետմահու պարգեւատրվել է  «Մարտական ծառայություն»  մեդալով։

«ՈՐՈՏԱՆ»
30.01.2014

Մեկ Արձագանքման ԿԱՐԵՆԸ ՇԱՏ ԷՐ ՍԻՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ համար

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայոց բանակում չափից շատ զինվոր է մահանում/սպանվում ու հիվանդանում: Այ երբ որ ամեն սպանված զինվորի համար պետությունը մինիմում 50 հազար եվրո վճարի հարազատներին ու այդ փողի մի մասը պահեն համապատասխան զորամասի բարձրաստիճան սպաների աշխատավարձից,այ այս դեպքում ո՛չ մի զինվորի մազ անգամ չի ծռվի: Հետմահու պատվոգիր/մեդալը լավ է, բայց դա ՇԱՏ ԷԺԱՆ է նստում պետության վրա. ու դրանով հարազատի մեջք չես քորի: Հայոց բանակում դեռ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ -արժեհամակարգային փոփոխություններ չկան.միայն խոսում-խոստանում են: Երկրորդ՝ էդ հակառակորդի դիպուկահարների «առեղծվածն» էլ արդեն մարդ չի հասկանում. 20 տարի է կրակում են հայկական դիրքերի վրա ու զինվոր սպանում/վիրավորում:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *