ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ԿԵՆՍՈՒՆԱԿ

«Համաշխարհային բանկի»` կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում 650 միլիոն դրամ է հատկացվել Սիսիան-Բռնակոթ` մոտ 5 կմ-ոց միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգմանը: Ծրագրի պատվիրատուներն են «Հայավտոճան տնօրինություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը եւ տրանսպորտի ու կապի նախարարության ԾԻԳ ՊՀ-ն: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում են մրցույթի 2 լոտերը շահած` «Սիսիան ճանշին» ՍՊԸ-ն (տնօրեն` Հրաչ Գաբրիելյան) ու «Վահագն եւ Սամվել» ՍՊԸ համատեղ ձեռնարկությունը` գլխավոր գործընկեր` «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն: Ճանապարհի վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է բելգիական եւ իտալական կազմակերպություններից կազմված համատեղ ձեռնարկության տեղական գործընկեր «Արցախճան ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը:

«Ճանշին» ՍՊԸ տնօրեն Հրաչ Գաբրիելյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք իրականացրել եւ ավարտել են ճանապարհի` 2,9 կմ-ից գյուղ հասնող հատվածի հիմնանորոգումը, որի վրա կատարվել է 300 միլիոն դրամի աշխատանք: Նա տեղեկացրեց, որ կազմակերպության վրա են դրված նաեւ ճանապարհի պահպանության եւ շահագործման աշխատանքները:
Ճանապարհի` 0-ից մինչեւ 2,9 կմ հատվածի հիմնանորոգումն իրականացնող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Գրիգորյանը տեղեկացրեց, որ աշխատանքների ավարտը նախատեսված է մինչեւ նոյեմբեր ամիս, իսկ նպաստավոր եղանակների դեպքում` ավելի վաղ:
Կատարված աշխատանքների որակի  մասին մեր հարցադրմանը Հրանտ Գրիգորյանը պատասխանեց, որ ամենայն պատասխանատվությամբ են վերաբեում խնդրին, քանի որ անորակություն հայտնաբերելու դեպքում իրենց այլեւս չեն թույլատրի մասնակցել նման մրցույթների: Նա կարեւրեց նաեւ այն հանգամանքը, որ նման ծրագրերով, թեկուզ` ժամանակավոր, բայց մարդիկ ապահովվում են աշխատանքով, փոքր ի շատե մեղմելով իրենց ընտանիքների սոցիալական ծանր վիճակը: Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում ընդգրկված է 17 բանվոր` ամսական միջինը 150 հազար դրամ աշխատավարձով, 16-17 մեքենա-մեխանիզմ` 130-140 հազար դրամ աշխատավարձով: Դժվարանալով առանձնացնել որեւէ մեկին, քանի որ բոլորն էլ լարված ու ծանր աշխատանք են կատարում, Հրանտ Գրիգորյանը մասնավորապես նշեց Արամ Գրիգորյանի, Մաքսիմ Շողունցի, Վաչե Թանգյանի, Սամվել Գրիգորյանի, Սեւադա Աբգարյանի անունները: Նա ավելացրեց նաեւ, որ ճանապարհը լայնացել է մի քանի մետրով, կարեւորեց կամրջի ամրացումը եւ հույս հայտնեց,  որ երթեւեկելիս թե՛ վարորդները, թե՛ հետիոտները միայն շնորհակալության խսքեր կասեն` քանդուքարափ նախկին ճանապարհից հետո նման ճանապարհ ունենալով:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *