Կյանքի 86-րդ տարում մահացել է քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյանը

19866363_1117232175088050_1912776215_n
Եվս մեկ ճանաչված, հարգված ու սիրված սիսիանցի հեռացավ կյանքից: Կյանքի 86-րդ տարում երեկ հուլիսի 6-ին իր մահկանացուն է կնքել քանդակագործ Արտաշես Հովսեփյանը:

Նա ծնվել է 1931թ.-ին հունիսի 22-ին Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Սերում է Պարսկաստանի Սալմաստ գավառի Սավրա գյուղի Խաչատրյան տոհմից։ Նախնական կրթությունը ստացել է Սիսիանի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում, աշխատել որպես բանվոր, ապա՝ 1954 թվականին, ընդունվել Թերլեմեզյանի անվան ուսումնարան, երկրորդ կուրսից գործուղվել է Լենինգրադ՝ ուսանելու Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում, որն ավարտել է 1961 թվականին։

Հովսեփյանը ստեղծագործել է մոնումենտալ, մոնումենտալ-դեկորատիվ և հաստոցային քանդակագործության բնագավառներում։

Մասնակցել է Թամանյանի հուշարձանի համար հայտարարված մրցույթին՝ արժանանալով առաջին ու երկրորդ մրցանակներին։ Հեղինակել է Թամանյանի արձանը, որի բացումը կայացել է 1974 թվականին։

Բացի այդ, նա 50-ից ավելի բարձրաքանդակների, բոլորաքանդակների, կիսանդրիների հեղինակ է, որոնց շարքում հիշատակման են արժանի գործերից են «Կարլ Մարքս» (բազալտ, 1962), «Ալեքսանդր Թամանյան» (բազալտ, 1974, Երևան, ճարտարապետ՝ Ս. Պետրոսյան), «Արմեն Տիգրանյան» (բազալտ, 1987, Երևան), «Նահատակ հին արաբկիրցիների և ԽՍՀՄ հայրենական պատերազմում զոհված արաբկիրցիների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան» (տուֆ, 1988, Երևան), Սիսիանի մուտքի արծիվը, «Օրբելի եղբայրներ» (բազալտ, 1988, Ծաղկաձոր, ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյան), «Նիկողայոս Ադոնց» (տուֆ, 1993, Սիսիան, ճարտարապետ Ռ. Ջուլհակյան) հուշարձանները, Երևանի Ս. Սարգիս եկեղեցու բարձրաքանդակները (տուֆ, 1975), Մայր Աթոռի վեհարանի բակում կանգնեցված խաչքարը, կոնյակի գործարանի համտեսի սրահի բարձրաքանդակները և կոնյակագործ Մ. Սեդրակյանի հուշահամալիրն ու մյուս երախտավորների հուշարձան-կիսանդրիները՝ նույն գործարանի տարածքում (տուֆ, 1975-1993), Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի բարձրաքանդակները (տուֆ, 1981), Բեկոր Աշոտի (Աշոտ Ղուլյան) (գրանիտ, մարմար, 1994, Ստեփանակերտ, ճարտարապետ Ա. Իսրայելյան), Արթուր Մկրտչյանի (գրանիտ, մարմար, 1994, Ստեփանակերտ) մահարձանները, Քաշաթաղի եկեղեցու բարձրաքանդակները, Ջիվանու հուշակոթողը Ջավախքում, ինչպես նաև մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքներ։ Հաստոցային քանդակներից են «Սևահողը» (երանգավորված գիպս, 1961), «Եղիշե Չարենց» (գրանիտ, 1961) և այլն։ Կատարել է նաև Նյու Յորքի Ս. Վարդան եկեղեցու ճակատի բարձրաքանդակների էսքիզները (1969, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան)։

Արտաշես Հովսեփյանը ՀՀ և ՌԴ վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանի եղբայրն է: Հովսեփյանը արժանացել է Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ և ՀՀ ժողովրդական նկարիչի կոչումների:

SVnIjAXgvdsM0p1ExHenlJFkIa W4JLVojJWbANfhcjcMkv2ZIrgm
s4sIeR21vpyhhjdm2QlOBMxjka i7nCLKhs56FEFdQ2r34C9T7FjL
 

627 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *