ԿՆՈՋ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒ

Սիսիանի համայնքի ավագանու համար առաջադրվել է 34 թեկնածություն: Արական` 33 անուն-ազգանունների շարքում հաճելիորեն աչքդ, միտքդ,  ընկալումդ շոյում է նաեւ իգական սեռի ներկայացուցչի մի անուն-ազգանուն` Սուսաննա Իսաջանյան: Առաջին հայացքից գուցե չես էլ պատկերացնում, թե ով է նա,  չես էլ մտածում, թե շատ շատերին ծանոթ նույն «շամբեցի աղջիկն է», ինչպես նրան ճանաչում են հաճախ: Սուսաննա Իսաջանյանը հաշմանդամների «Խարիսխ» ՀԿ նախագահն է: Առանց այն էլ մեծ բեռ է ուսել` զբաղվելով հաշմանդամների հիմնախնդիրներով, բազմաթիվ ծրագրեր իրականացնելով, եւ այդուհանդերձ, ի՞նչն է նրան ստիպել մասնակցել նաեւ ավագանու ընտրապայքարին` 33 տղամարդու հետ պայքարում:

-Երբ ավագանու թեկնածուի առաջադրման փաստաթղթերս ներկայացրեցի թիվ 37 ընտրատարածքային հանձնաժողով, տասնյակ ու տասնյակ ծանոթ ու անծանոթ տղամարդիկ զարմանքով հարցրեցին, թե ես ինչու եմ եկել հանձնաժողով: Իմանալով ավագանու անդամ առաջադրվելու իմ մտադրության մասին` զարմացան, տարակուսեցին, թե` կինը չի կարող ավագանու անդամ լինել: Եվ այս մտածողությամբ են դեռեւս մեր տղամարդիկ պատկերացնում մեր հասարակական-քաղաքական իրականությունը: Եվ եթե մինչ այդ դեռեւս տարակուսանք կար իմ մեջ, ապա դրանից հետո լիովին համոզվեցի, որ ճիշտ է իմ որոշումը:
– Եվ ի՞նչ նպատակ եք հետապնդում:
– Պատկերացրեք` ավագանու նիստը. ավագանու 11 անդամները եւ համայնքապետը տղամարդ են: Ես, չթերագնահատելով նրանց, գտնում եմ, որ շատ կարեւոր մի հանգամանք պակասում է` կինը: Կինն է, որ զգաստ, զգոն է պահում տղամարդուն` որոշում կայացնելիս, հարց քննելիս, խնդիր առաջադրելիս, եւ ի վերջո, քննարկման մեջ լրջություն տեսնելիս: Մյուս կողմից` տղամարդը չի կարող արտահայտել ողջ համայնքի շահերը, որի կեսը կին է, տղամարդը չի կարող կանանց վերաբերող հարցերին այնպիսի շրջահայեցություն ցույց տալ, ինչը որ կարող է անել հենց ինքը` կինը:
Իմ առաջադրմամբ մի հարց նույնպես նկատի եմ ունեցել. փոխել կարծրատիպերը ավագանու անդամ լինելու մասին, կանանց ակտիվ տեսնել ոչ միայն տանը, խոհանոցում, հողամասում, առեւտուր անելիս, այլեւ` քաղաքին, համայնքին վերաբերող հանրային հարցեր քննելիս, իսկ կնոջ ողջախոհությունը, սթափությունը դեռ ոչ ոք չի ժխտել:
– Դուք առաջադրվել եք ոչ անհատական, այլ` ներկայացնում եք կազմակերպություն` հաշմանդամների «Խարիսխ» ՀԿ-ն: Ի՞նչ եք ակնկալում ավագանու անդամ դռնալով:
– Այո, ես ե՛ւ կանանց շահերը պիտի պաշտպանեմ, ե՛ւ հաշմանդամների, որոնք Սիսիանում ամենախոցելի խմբերն են այսօր: Եթե չեն սովորում, չեն աշխատում, կրթություն չեն ստանում, չեն ինտեգրվում, մնում են անպաշտպան ու թերարժեք:
Թե՛ կանանց, թե՛ հաշմանդամների համար ունեմ բազմաթիվ ծրագրեր, նպատակներ` մեր համայնքում, բայց առանց համայնքային իշխանության աջակցության դրանք հնարավոր չեն իրականացնել: Իսկ Սիսիանում աղբահանության մեխանիզմի բարելավման ծրագրի ձախողումից հետո երդվեցի այլեւս որեւէ ծրագիր չիրականացնել այս համայնքային իշխանության հետ, քանի որ համայնքապետարանի կողմից իր պարտավորությունների չկատարման արդյունքում ոմանք դրա ձախողումը փորձեցին կապել մեզ հետ, մոռանալով, որ մենք ապահովում էինք միայն ծրագրի` քարոզչական մասը, ինչը եւ արել ենք բավարար, մնացածը համայնքապետարանը պիտի իրականացներ, որը չի արել:
– Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք նախատեսված:
– Իմ երազանքը եղել է եւ կա Սիսիանում վերականգնողական կենտրոնի ստեղծումը: Դոնորը կա, ծրագիրը կա, մեզ տարածք չեն հատկացնում այն իրականություն դարձնելու, իսկ տարածք վարձակալելու համար, ճիշտ հասկանանք, ես չեմ կարող վերականգնողական կենտրոն հաճախել ցանկացող հաշմանդամից տարածքի համար գումար վերցնել: Ունենք բիզնես ծրագիր` որոշակի թվով հաշմանդամների աշխատանքով ապահովելու, բայց դարձյալ տարածքը չկա եւ խնդրին լուրջ վերաբերմունք ցույց տվող չկա: Այսինքն` համայնքային իշխանության հետաքրքրվածությունը, սրտացավությունը չկա բնակչության այս շերտի նկատմամբ, որն ամենից շատ դրա կարիքն ունի: Բազմաթիվ նման փորձերից հետո մենք հիմա իրականացնում ենք ծրագրեր ոչ թե համայնքում, այլ` մարզում, տարածաշրջանում, նույնիսկ` Կովկասում:
–  Եվ Դուք այդպես հեշտությամբ ե՞տ եք կանգնում Ձեր նպատակներից ու ծրագրերից:
– Իհարկե` ոչ: Անձամբ ինքս իմ խնդիրները լուծում եմ: Բայց դա չէ էականը: Հենց իմ շահառուների հորդորով ավագանու թեկնածու առաջադրվելս վկայում է, որ ետ չեմ կանգնել իմ ծրագրերից: Բայց եւ կարծում եմ, որ դրանք իրականություն կարող են դառնալ միայն գրագետ, բանիմաց, ծրագրերից պատկերացում եւ գաղափար ունեցող, կազմակերպված, կազմակերպող համայնքապետ ունենալու պարագայում: Ղեկավար, որ ոչ միայն ներսի ներուժն օգտագործի, այլեւ` դրսի: Իսկ այդպիսի ղեկավարի թեկնածու կա: Հարգում եմ բոլոր թեկնածուներին, ճանաչում եմ բոլորին, բոլորն էլ ինձ են ճանաչում: Բայց ծրագրերը, որոնք ես ցանկանում եմ իրականացված տեսնել, ի զորու է աջակցել միայն Աղասի Հակոբջանյանը, քանի որ լավ պատկերացնում է ծրագրի դերը, բովանդակությունը, արժեքը համայնքի եւ նրա բնակչի կյանքում: Ի դեպ, սա ասում եմ ոչ թե պատեհ առիթ օգտագործելով, այլ` տարիների մեր փորձով: Միշտ օգնել է մեզ, ինչ հարցով դիմել եմ, չի մերժել, լսել է, գնահատել, եւ համոզված եմ, որ առավելը կարող է անել համայնքապետի պաշտոնում: Ես, իմ կողմնակիցները, իմ կառույցը, առանց երկմտելու, պաշտպանելու ենք նրա թեկնածությունը համայնքապետի պաշտոնում:
Իսկ ավագանու` կին անդամի ներկայությունը տեղական ինքնակառավարման մարմնում համարում եմ անհրաժեշտություն եւ կարծում, որ գրիչը քվեաթերթիկի վրա դնելուց առաջ մեր համաքաղաքացիները մեկ ագամ էլ կմտածեն, թե տվյալ թեկնածուն որքանով է ի վիճակի խնդիրներ լուծել ոչ թե իրենց, այլ` համայնքի համար:

Զրույցը վարեց Արեւհատ Ամիրյանը

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *