ԿՈՄԻՏԱՍՆ ԱՊՐՈՒՄ Է…

Տարին հոբելյանական է` Կոմիտասյան եւ Թումանյանական. լրանում է նրանց ծննդյան  140 ամյակը:

Կոմիտասի140 ամյակին  էր նվիրված Սիսիանի երաժշտական դպրոցի դահլիճում դպրոցի ուսուցիչներից և նախկին սանիերից ձևավորված երգչախմբի կողմից կազմակերպված համերգը (խմբավար` Համլետ Հակոբջանյան), որոնք հանդիսատեսին ներկայացրին Կոմիտասի ստեղծագործությունները:  Հյուրերի շարքում կային նաև օտարերկրացիներ, որոնք հետաքրքրված էին հայ մշակույթով:
Բոլորն անխոս զմայլված էին երգչախմբի կատարումներով:
Օդը Կոմիտաս էր շնչում:
Նրա հոգեցունց երաժշտությունն ամփոփում է հայ մարդուն,  նրա բնավորությունը, սիրող սրտի նրբագույն թրթռումներն ու երազախառն անուրջները:
Իրար հաջորդած «Չինար ես», « Սոնա յար», «Կալերգ», «Շողեր ջան»,«Գարուն ա», «Կռունկ» և մի շարք այլ ստեղծագործությունների  յուրաքանչյուր նոտայում ապրում է Կոմիտասը, նա ամենուր է` ամենքի սրտում, անգամ` ժպիտում:
Երգչախմբի անդամների խոսքերով` շատ բարդ է կատարել Կոմիտասի ստեղծագործությունները, ոչ պակաս  բարդ է նաև դրանք հասկանալը, ինչն այսօր  խնդիր է հատկապես երիտասարդ սերնդի համար, քանի որ մեր ժամանակներում  յուրաքանչյուր անկյունից լսվում է ցածրաճաշակ երաժշտություն, էլ ու՞ր մնաց` Կոմիտա~ս, Սայաթ-Նովա~…
Մերօրյա երիտասարդությունը, կարծում եմ,  հոգևորի մեծ պակաս  ունի, որի  միջոցով են հրավառվում մեր ազգային դիմագիծն արտահայտող երաժշտության կրակները:

Որքան էլ փորձենք գտնել պերճափայլ խոսքեր և զուգել դրանցով մեր մեծերին, միևնույն է, ամենաճիշտը բնութագրել է նրանց  Պարույր Սևակը:

***
Հազար ութ հարյուր վաթսունինը թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին.
Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,
Դժվար է ասել:
Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն:
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…

***
Միևնույն թվին, Լոռուց շատ հեռու`
Անատոլուի խավար խորքերում
Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ…

Ամեն առիթով մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատուն» պոեմի այս խոսքերն են հնչում որպես կենսագիր երկու հրաշակերտ մարդկանց` «ամենայն հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանին և « երաժշտության Մեսրոպ Մաշտոց» ամենահռչակ    Կոմիտասին ներկայացնելիս:

 Անահիտ Մարգարյան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *