ԿՈՊՏՈՐԵՆ ՈՏՆԱՀԱՐՎԵԼ ԵՆ ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ

Սիսիանի հիվանդանոցի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարության` 2018 թ.-ի ապրիլի 12-ի N 464-Ա որոշմամբ լուծարվել է Սիսիանի տարածաշրջանի 36 գյուղական բնակավայրերի եւ Սիսիան քաղաքի 26 հազար բնակչությանն սպասարկող Սիսիանի բժշկական կենտրոնը, եւ միավորվել քաղաքից ավելի քան 10 կմ հեռավորության վրա գտնվող Զանգեզուրի կայազորի Աղիտուի հոսպիտալին: ԲԿ անձնակազմը, հազարավոր սիսիանցիներ ընդվզել են կառավարության այդ որոշման դեմ, միացել թավշյա հեղափոխության խաղաղ ցույցերին, բազմաթիվ սիսիանցիների ստորագրությամբ նամակներ են ուղարկվել եւ ուղարկվում են ամենատարբեր հասցեներով` կասեցնելու սիսիանցիների շահերը կոպտորեն ոտնահարող որոշումը, քանի որ այն բացառապես անհիմն է ու անհամոզիչ:

Սիսիանի ԲԿ-ն լուծարելու եւ ՀՀ ՊՆ` Աղիտուի հոսպիտալին միավորելու մասին ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մայիսի 6-ին իր ֆեյբուքյան էջում պարզաբանում է հրապարակել Սիսիանի ԲԿ-ի աշխատակիցների դիմումի վերաբերյալ, նշելով, որ «բկ-ն ունի թույլ լաբորատոր եւ ախտորոշիչ համալրվածություն, բարդ է իրավիճակը շենքային ընդհանուր պայմանների առումով, ցածր է բուժօգնության եւ բուժսպասարկման որակը, եւ Սիսիանի տարածաշրջանի բնակչությունը բուժօգնության նպատակով դիմում է ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, որն ունի փորձառու բժշկական կադրերով համալրվածություն եւ շենքային հիանալի պայմաններ»: ՀՀ ՊՆ մամլո խոսնակի պարզաբանման մեջ նշված է, որ «հոսպիտալի կառուցվածքում նոր բաժանմունքների եւ ծառայությունների (մանկաբարձա-գինեկոլոգիական, մանկաբուժական, շտապ բուժօգնության, ամբուլատոր-պոլիկնիկական, ախտաբան-անատոմիական) ավելացումը հնարավորություն կտա բկ-ի թվարկած բաժանմունքների բժիշկներին եւ միջին ու կրտսեր բուժանձնակազմին ամբողջությամբ տեղափոխել հոսպիտալ: Կառավարության որոշմամբ ՀՀ ՊՆ-ին են փոխանցվում Սիսիանի ԲԿ-ի շենք-շինությունները, բժշկական գույքը: Արտահիվանդանոցային բժշկական օգնությունը բնակչությունը շարունակելու է ստանալ Սիսիանում, իսկ հիվանդանոցային բուժօգնությունը եւ սպասարկումը` հոսպիտալում»: ՀՀ ՊՆ մամլո խոսնակը նշել է, որ Սիսիանի հիվանդանոցը լուծարվել է ՀՀ պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներից կազմված հանձնախմբի այցելությունների, բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպումների, ուսումնասիրությունների, քննարկումների արդյունքում կազմած եզրակացությունից:31788494_1664014163697831_7270400753246666752_n

ՀՀ ՊՆ մամլո խոսնակի պարզաբանումը, սակայն, ոչ միայն չի մեղմել կրքերը, այլեւ` ավելի է շիկացրել` յուղ լցնելով կրակի վրա:

ՀՀ ՊՆ մամլո խոսնակի պարզաբանումները քննարկելու, ստեղծված իրավիճակից ելք գտնելու նպատակով Սիսիանի հիվանդանոցի բուժանձնակազմը մայիսի 7-ին կազմակերպել է կոլեկտիվի ժողով` հրավիրելով նաեւ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին:

Սիսիանի բկ տնօրեն Անուշ Ներսիսյանը նշեց, որ առողջապահության համակարգում ցանկացած օպտիմալացում պետք է անկյունաքար ունենա շահառուին, սակայն հիվանդանոցն օպտիմալացնելու քննարկումների ժամանակ չի ներգրավվել Սիսիանի համայնքը: «Խնդիրն այն չէ, թե օպտիմալացումը հիվանդանոցի աշխատակիցներին հարմար է, թե հարմար չէ, պաշտպանության նախարարությանը հարմար է, թե հարմար չէ: Խնդրի ամենակարեւոր կողմը Սիսիանի բնակչության շահն է, եւ որեւէ մեկին դա չի հետաքրքրել: Այս որոշումը Սիսիանի քաղաքացու շահերի կոպտագույն ոտնահարում է»,– ընդգծեց Անուշ Ներսիսյանը:

Չժխտելով, որ Սիսիանի բկ-ն, իրոք, ունի վատ, ոչ ժամանակակից բուժսարքավորումներ, գտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ, խնդիրները շատ են, օպտիմալացման, բարեփոխման անհրաժեշտությունն էական է, բայց 50 տարի շարունակ Սիսիանի բկ-ն իրագործել է բնակիչների բուժսպասարկումը, իր վրա վերցրել այդ ծանր լուծը, եւ գրչի մեկ հարվածով որոշել ու փակել այն, առնվազն, ողջախոհ չէ: Անուշ Ներսիսյանը հավելեց, որ դեռեւս 2017 թվականին, երբ խոսակցություն էր ծավալվում Բերդի, Վարդենիսի եւ Սիսիանի ԲԿ-ները օպտիմալացնելու մասին, իր վերադասին ներկայացրել է Սիսիանի բկ-ի օպտիմալացման ծրագիրը: Սյունիքի մարզպետարանը նույնպես դեմ է եղել նշված բժշկական կազմակերպությունների միավորմանը, առաջարկվել է հոսպիտալը կոնսերվացնել եւ նրա բոլոր բուժական գործառույթները տեղափոխել Սիսիանի ԲԿ: Նման օրինակներ կան Կապանի, Գորիսի  եւ Մեղրու բուժհաստատություններում: «2017 թ,-ի նոյեմբերի 21-ին  այս առաջարկություններն ուղարկել եմ առողջապահության նախարարություն, սակայն դրանք մնացել են անարձագանք»,- ընդգծեց տնօրենը` հավելելով, որ շատ վիրավորական է փորձառու բժիշկների երկարամյա աշխատանքը ցածրորակ համարելը, այն դեպքում, երբ Սիսիանի ԲԿ-ն անցյալ տարի իր ցուցանիշներով համարվել է մարզի լավագույն բժշկական կենտրոնը:

Անդրադառնալով ՀՀ ՊՆ մամլո խոսնակի` խնդրի լուծման նպատակով ստեղծված քառակողմ ախշատանքային խմբին, բկ աշխատակիցները տարակուսած նշեցին, որ աշխատանքային որեւէ խումբ չի այցելել Սիսիանի բկ, հանդիպումներ չի ունեցել իրենց հետ, չի քննարկել Սիսիանի ԲԿ-նDSC07306 Աղիտուի հոսպիտալին միավորելու հարցերը: Տարածված խոսակցություններից իրենք ընդամենն իմացել են, որ ԲԿ-ն հնարավոր է միավորվի հոսպիտալին, սակայն գործընթացը կարող է մեկնարկել 1,5-2 տարի հետո, բայց կառավարության` ապրիլի 12-ի N 464-Ա ` Սիսիանի ԲԿ-ն լուծարելու որոշումը միանգամայն անակնկալ է եղել իրենց համար, որի պատճառով մայիսի 2-ին հիվանդանոցի անձնակազմը ոտքի է ելել իր իրավունքները պաշտպանելու, քանի որ հենց այդ օրը գույքագրման անվան տակ բկ-ում սկսվել է հանձնման-ընդունման գործընթացը, ինչը կանխվել է ցուցարարների միջամտությամբ:

Քննարկման ընթացքում եւ բուժաշխատողները, եւ Սիսիանի համայնքապետը միանշանակ առարկեցին ՀՀ ՊՆ մամլո խոսնակի` Աղիտուի հոսպիտալի շենքային հիանալի պայմանների մասին բացատրությունը, նշելով, որ հոսպիտալի շենքը, թեեւ վերանորոգված է, բայց ստեղծվել է դպրոցական շենքի բազայի վրա, տիպային չէ, մինչդեռ Սիսիանի հիվանդանոցը տիպային կառույց է, ունի թաքստոցներ եւ ապաստարաններ, որտեղ արցախյան պատերազմի տարիներին կատարվել են բազմաթիվ վիրահատություններ, իրականացվել է բնակչության եւ զինվորականների բուժօգնություն:

ՀՀ ՊՆ մամլո խոսնակի` բժշկական կենտրոնում բավարար պայմանների բացակայության, բուժօգնության ու սպասարկման ցածր որակի «պարզաբանման» շուրջ իր վրդովմունքն արտահայտեց վիրաբուժական բաժանմունքի վարիչ Սիրակ Սիրականյանը, ով 2018 թ.-ին ճանաչվել է Հայաստանի մարզերի` տարվա լավագույն վիրաբույժ: Վիրաբույժն ի մասնավորի նշեց, որ Սիսիանի ԲԿ-ում աշխատում են բժշկական գիտությունների մի քանի թեկնածու, եւ չի եղել չսպասարկված որեւէ հիվանդ, իսկ եթե որեւէ բուժում իրենց ուժերից եւ հնարավորություններից վեր է եղել, ուղարկել են ոչ թե հոսպիտալ, այլ` Երեւան: Իսկ թե ինչու են ոմանք նախընտրում հոսպիտալում բուժսպասարկում ստանալ, ընդամենը գնային անհավասար քաղաքականության հետեւանք է: Սիրակ Սիրականյանը հավելեց, որ խնդիրը առավելապես ոչ թե բժիշկների` աշխատանք ունենալ-չունենալու մեջ է, այլ քաղաքացիների` սահմանադրորեն իրենց տրված բուժսպասարկում եւ բուժօգնություն ստանալու իրավունքի մեջ, որը այս որոշմամբ ոտնահարվել է: Վիրաբույժը վրդովմունք հայտնեց նաեւ բուժանձնակազմի հետ այսպես ասած հանդիպումների, քննարկումների մասին, նշելով, որ վերջերս 200 կմ ճանապարհ կտրած-Սիսիան հասած ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը ոչ միայն հարկ չի համարել հանդիպել իրենց հետ, այլեւ` արգելել են այդ թեմայով որեւէ խոսակցություն, պատճառաբանմամբ, թե նախարարը Սիսիան է եկել այլ խնդրով:

«Մինչեւ մայիսի 2-ի ցույցի օրը մեր տեղեկությունը եղել է այն, որ լուծարման որոշումը հետաձգվել է, այդ իսկ պատճառով բոլորը հանգիստ իրենց աշխատանքին են եղել: Հարցը բարձրացվել է այն ժամանակ, երբ արդեն տեղեկացվել են լուծարման մասին: Ինչո՞ւ է մեզ տեղեկատվություն տրվել, որ լուժարումը հետաձգվել է, որտեղի՞ց եւ ինչո՞ւ հայտնվեց լուծարման մասին որոշումը, եւ ո՞վ պետք է դրա պատասխանը տա»,- շեշտեց վիրաբույժը:

Հիվանդանոցը մասնատելու, մի քանի բաժին տեղում թողնելու, մի քանիսը հոսպիտալ տեղափոխելու անհեռանկար, բնակչի շահը ոտնահարող որոշման դեմ իր վրդովմունքը հայտնեց բժիշկ Վարդան Օհանյանը, ընդգծելով, որ հիվանդանոցը կենդանի օրգանիզմ է, ձեռքը կտրելով, մատները կտրելով այն չեն փրկվում: «Հիվանդանոցը պետք է լինի ամբողջական, կամ չպետք է լինի: Եթե վիրաբուժական ծառայությունը այստեղ չի լինելու, շտապօգնության ծառայությունն ո՞ւմ է պետք: Տնօրենի ներկայացրած փաստերի հետ որեւէ մեկը հաշվի նստDSC07309ե՞լ է: Որեւէ մեկը համեմատե՞լ է մեր հիվանդանոցի արդյունքները հոսպիտալի արդյունքներին: Կարծես հենց սկզբից էլ նպատակադրված էին, որ այս հիվանդանոցը պիտի լուծարվի: Ուրիշ խնդիր չկա»,- ընդգծեց Վարդան Օհանյանը եւ առաջարկեց հիվանդանոցի կոլեկտիվի անունից, համայնքի ավագանու որոշմամբ դիմում բողոք ուղարկել նախարարություն կամ` կառավարություն` կասեցնելու այս որոշումը, լուծարել եռակողմ հանձնաժողովը, որովհտեւ այն իր առաջադրանքը չի կատարել, բժշկական կոլեկտիվի հետ ընդհանրապես չի աշխատել, ասում եք` ինչու 2 ամիս առաջ չեք պայքարել կամ ձայն բարձրացրել` ձայն բարբառոյ հանապատի, հանձաժողովը չի ընդունել, չի լսել մեր առաջարկությունները, ասել է կանենք ու չի արել…

Ի պատասխան Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի` նշված առարկություններն ու հիմնավորումները ինչու ժամանակին չեն ներկայացրել հանձնաժողովին, ինչու չեն ներկայացրել վերջերս Սիսիան այցելած ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարներին հարցադրմանը, բկ աշխատակիցներից շատերը զարմացան, որ ՀՀ առողջապահության նախարարը այցելել է ԲԿ, ոմանք էլ վիրավորված նշեցին, որ իրենց կոպտորեն արգելվել է մասնակցել նախարարի հետ հանդիպմանը, այդ ժամանակ նույնիսկ տեղեկացված չեն եղել, որ Սիսիանի ԲԿ-ն արդեն լուծարված է, իսկ նախարարի հանդիպումը, ըստ իրենց տրված տեղեկատվության, վերաբերել է գարդասիլ վիրուսի դեմ տարվող պատվաստումներին:

«Եկել- սպասել ենք նախարարի հետ հանդիպմանը: Բայց երբ նա եկավ, բոլորիս դուրս հրավիրեցին: Վարչության պետ Նունե Շավարշովնան արգելեց հանդիպել նախարարին, հայտարարեց, որ հարցեր չտանք, ինքը եկել է գարդասիլի համար»,- ասաց բժիշկ Էդիկ Գեւորգյանը:

Բժիշկներն առավելապես վիրավորված էին, որ այս գործընթացը կատարվել է` իրենց խաբելու, իրենց կարծիքները անտեսելու եւ Սիսիանի ու նրա բնակչության շահերը կոպտորեն ոտնահարելու պայմաններում:

Պատասխանելով համայնքի ղեկավարի` ավելի վաղ չընդվզելու հարցադրմանը, Սուրեն Վարդանյանը նշեց, որ եթե չլիներ համաժողովրդական թավշյա հեղափոխությունը, գուցե եւ իրենք էլ չհամարձակվեին ըմբոստանալ եւ շեշտեց, որ  սա անհռատես, Սիսիանի բնակչության շահը ոտնահարող գործընթաց է: Խնդրեց համայնքի ղեկավարի միջնորդությունը` ժամանակավորապես դադարեցնել լուծարման գործընթացը, ստեղծել նոր հանձնաժողով, սպասել նոր ձեւավորվող կառավարությանը, եւ գտնել ավելի օպտիմալ տարբերակ Սիսիանի բնակչության համար: «Եթե այս շարժումը չլիներ, մենք էլ մեր քայլը չէինք անելու, եւ գուցե ենթարկվեինք կառավարության ընդունած որոշմանը, բայց ազգային զարթոնքը մեր մեջ էլ հույս էր արթնացրել, որ ոտքի ենք կանգնել` մեր իրավունքները պաշտպանելու: Չեղյալ համարել կառավարության որոշումը: Սիսիանը պիտի հիվանդանոց ունենա»- եզրափակեց բժիշկը:

Բացառապես խոցելի համարելով լուծարման որոշումը, ելնելով մասնավորաբար ոչ թե բուժաշխատողների շահերից, եւ համայնքի ղեկավարը, եւ բժիշկները նշեցին, որ վերոնշյալ ծառայությունները հոսպիտալ տեղափոխելը մեծ հարված է սոցիալապես անապահով Սիսիանի բնակչին եւ նրա շահերի կոպտագույն ոտնահարում ու խախտում, քանի որ հոսպիտալը աշխարհագրական առումով հասանելի է Սիսիանի տարածաշրջանի բնակչության միայն 10 %-ին, մինչդեռ 90 %-ն օգտվում է Սիսիանի հիվանդանոցում առկա բուժծառայություններից:

Քննարկամանը ներկա Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, լսելով բոլոր հիմնավորումներն ու առաջարկությունները, պատրաստակամություն հայտնեց խնդիրը քննարկել նաեւ Սիսիանի համայնքի ավագանու նիստում, հնարավոր բոլոր միջոցներով ընդառաջ գնալ իր ղեկավարած համայնքի բնակչության, հիվանդանոցի բուժաշխատողների շահերին, սպասել ժամանակավոր կառավարության ձեւավորմանը, նշված հիմնավորումներով ու փաստարկներով դիմել կառավարության որոշումը կասեցնելու, մինչեւ ավելի օպտիմալ տարբերակ կառաջարկվի, ինչը կբխի համայնքի եւ նրա բնակչության շահերից:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

 

 

2 մեկնաբանություն ԿՈՊՏՈՐԵՆ ՈՏՆԱՀԱՐՎԵԼ ԵՆ ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ հոդվածին

  1. Նինա says:

    Տիկին Ամիրյան շնորհակալություն <> նյութի համար: Գիտեք, որ ես էլ եմ վրդոհված Սիսիանի հիվանդանոցի լուծարման հարցում: Ես ինքս անձամբ նամակ եմ ուղարկել Առողջապահության նախարարին, ինձ Առողջապահության նախարարության աշխատակազմից պատասխանել են, որ իմ նամակը հաշվառված է, սպասեմ պատասխանի:

  2. Seyran Avetisyan says:

    Տիկին Ամիրյան հավատացած եղեք,որ այս մի քանի օրերի ընթացքում Երևանում բնակվող երիտասարդ սիսիանցիներս նույնպես մտահոգված ենք այս առաջնահերթ խնդրով ու արդեն քայլեր ենք ձեռնարկում խնդրի բավականին սեղմ ժամկետներում լուծում տալու համար։Կանենք ամեն ինչ,որպեսզի մեր քաղաքացիներիս շահերը չոտնահարվեն։Սիսիանի մեր հարգելի բժիշկներին ու բուժանձնակազմին կփոխանցեք,որ երիտասարդ սիսիանցիները նույնպես մտահոգ են ու ձեռնամուխ են եղել խնդրի արագ ու տրամաբանական հանգուցալուծման համար։ՍԻՍԻԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ Է։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *