ՀԱԶԱՐ ՏԱՐՎԱ ՓՈՐՁՆ ՈՒ ԳՈՐԾ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՄԵՆ ՕՐ

Դպրոցներում «հարաբերական անդորր է»: Ավարտվում է ուսումնական տարին: Ինչպես ասում են` հունձքը ժողվելու ժամանակն է:
Ինչպես է ամփոփում ուստարին քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցը: Մեր զրույցը դպրոցի տնօրեն Նաիրա Ստեփանյանի հետ է:

-Տիկին Ստեփանյան, ինչպե՞ս եք ավարտում ուսումնական տարին:
-Լավ: Այն արդյունքները, որ ցուցաբերեցին մեր աշակերտները, գոհացուցիչ են: Շրջանավարտներից 7-ը դպրոցն ավարտում է կարմիր վկայականով, առարկայական օլիմպիադայում բերել ենք տարածաշրջանային` 11, մարզային` 6 մրցանակային տեղ, «Կենգուրու» միջազգային մրցույթում` 3 լավագույն տեղ, մեր աշակերտներից մեկը մարզում 2-րդ տեղն է գրավել: Մասնակցել ենք ոչ միայն մարզային, հանրապետական, այլեւ` համայնքային բոլոր նախաձեռնություններին` կարեւորելով ոչ միայն մասնակցությունը, այլեւ` աշակերտի` ակտիվ քաղաքացի ձեւավորելու հանգամանքը, քանի որ դրանով է, որ նա իրեն իր երկրի տերն է զգում, դրանով է իրեն իր դպրոցի տերը զգում:
-Այս ուսումնական տարին ձեզ համար առաջին անգամ «նշանավորվեց» հիմնական դպրոցի կարգավիճակով: Ինչպե՞ս «հաղթահարեցիք» «անսովոր» եւ «անծանոթ» այդ զգացողությունը:
-Սկզբում կարծես, իսկապես, մի քիչ անսովոր էր, եւ թվում էր, թե ավագ դպրոցն ավելի մեծ հեղինակություն ունի ու առավել կարեւոր է նրա դերը, բայց շատ արագ հաղթահարվեց այդ վիճակը, քանի որ ետ նայելը ժամանակավրեպ էր, տեղում դոփելը` անընդունելի, մեզ մնում էր միակ` առաջ նայելու ճանապարհը, ինչը եւ պարտավոր էինք անել, եւ արեցինք` գիտակցելով, որ հիմնական դպրոց նշանակում է` հիմնական եւ համակողմանի կրթություն տվող կրթօջախ: Թեեւ աշակերտն այստեղ մասնագիտական ուղղվածություն հիմնականում դեռեւս չի ստանում, բայց այստեղ է, որ դրվում է ապագա մասնագիտացման հիմքը, ուստի հանրակրթական ողջ համակարգում հիմնական դպրոցի դերը շատ կարեւորում եւ արժեւորում եմ:
 -Հիմնական դպրոցը, միեւնույն է, իր աշխատանքի «պտուղը չի քաղում». աճեցնում է, խնամում, բայց… Ինչպե՞ս է այս հանգամանքը անդրադառնում դպրոցի, ուսուցչի հոգեբանության վրա:
-Երբ տարանջատվեցին հիմնական եւ ավագ դպրոցները, սկզբում մեզ էլ էր այդպես թվում, եւ առաջին պահին կարծես ավելի էր կարեւորվում ավագ դպրոցը: Բայց, բարեբախտաբար, դա միայն մի պահ էր: Մենք արագ սթափվեցինք, գիտակցելով, որ մեր դերը կրթելն  ու դաստիարակելն է, եւ ավագ դպրոցում, որ այսօր այդքան լավ արդյունքներ են արձանագրվում, նաեւ հիմնական դպրոցների արդյունքն է: Մենք, միեւնույն է, շարունակում ենք դարձյալ հետեւել մեր սաների հաջողություններին, հպարտանում ենք նրանցով: Իսկ վերջնական արդյունքում նրանք մեր երկրի, մեր պետության ապագա կերտողներն են եւ մեր քաղաքի պատիվը:
-Իսկ ուսուցչի դե՞րը:    
-Դպրոցի մուտքի մոտ տեղադրված ցուցանակի իմաստությունն ասում է, որ թե դպրոցը, թե ուսուցիչը վիթխարի պատասխանատվություն է զգում իր առջեւ կանգնած երեխայի հանդեպ` սրիկա կդառնա նա, թե` կատարյալ մեկը:
Այն լավատեսությունը, որ ամենուրեք նվազում է ու պակասում, ուզում ենք, որ դպրոցում պահպանվի: Պահպանվի մարդու, կյանքի նկատմամբ սերը, ոգին: Միայն ցանկանալը, իհարկե, քիչ է, դրա համար ջանում ենք, պայքարում ենք: Թեեւ ամեն ինչ չէ, որ մեզանով է պայմանավորված, բայց շատ բան մեզանով էլ է պայմանավորված:
-Այդ դեպքում ինչո՞ւ է ոգեղենը, բարին, մարդկայինը մեզանում այդքան նվազում:
-Դրսում բացասական ազդակներն են շատ: Կա ընտանիքը, կա հասարակական միջավայրը, իսկ մարդը նաեւ միջավայրի արդյունք է:
Թեեւ մեր պետական  կրթական չափորոշչի դրույթներից է մասսայական ինֆորմացիայի միջոցների համապատասխանեցումը կրթական քաղաքականությանը, բայց մասսայական ինֆորմացիայի միջոցները նաեւ ամեն տեսակի աղբ ու ախտ են տարածում, ինչի դեմն այսօր դպրոցը չի կարող առնել:
-Ո՞վ է հիմնական դպրոցի այսօրվա աշակերտը:
-Կասեմ մեր դպրոցի օրինակով. ազատ մտածող եւ անկաշկանդ գործող երեխան, ով գիտի, որ ունի սխալվելու իրավունք, գիտի, որ խստորեն դատապարտելի չէ սխալվելը, բայց գիտի նաեւ, որ կողքին կա ուսուցիչ, ով իրեն օգնում է ուղղել սխալները:
Դպրոցում գոյություն չունի խիստ զորանոցային կարգ ու կանոն, բայց գործում են ներքին կարգապահական կանոնները, եւ յուրաքանչյուր սեպտեմբերի 1-ի առաջին դասի թեման սա է լինում մեզ մոտ:
-Ասում են` յուրաքանչյուր աշակերտ իր դպրոցի պատկերն է: Թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտը տարբերվո՞ւմ է, ասենք, մյուս դպրոցների աշակերտներից:
-Գուցե իմ պատասխանը կողմնակալ կթվա, բայց մեր ուսուչիցները նույնպես հավաստում են, որ տարբերվում են: Նրանց վարքականոնների, մտածողության, վերաբերմունքի, աշխարհայացքի ձեւավորման վրա կա  դպրոցի կնիքը: Մեր աշակերտներին փորձում ենք դարձնել ավելի մարդկային, ավելի բարի, շրջvorotan13062013_3ապատը, մարդկանց, բնությունը ընկալել տալ ավելի հումանիստական տեսանկյունով:
-Տիկին Ստեփանյան, կարծես քաղաքի դպրոցներում նախկինում շուքով նշվող` վերջին զանգի արարողություններ չեղան, պատճառաբանությամբ, որ ավարտական դասրաններ չկան, եւ կատարվեցին միայն այսպես ասած` վերջին դասեր: Դա չի՞ նշանակում, որ հիմնական դպրոցներում ինչ-որ բան, համենայնդեպս, փոխվել է:
-Մեր դպրոցում վերջին զանգի արարողություն կազմակերպել ենք` նույն շուքով, նույն իմաստը դնելով, նույն վերաբերմունքով, ու դա պայմանավորել ենք դպրոցի, ուսուցչի, ուսման նակատմամբ վերավերմունքի կարեւորումամբ, աշակերտի եւ ծնողի` կրթական հաստատության նկատմամբ վերաբերմունքի արժեւորմամբ, շնորհակալ լինելու զգացողության գնահատմամբ: Շնորհակալություն ասելը եւ շնորհակալություն լսելը, իմ կարծիքով, նույնպես արժեք է: Դպրոցը, կրթությունը, ուսուցիչը, ինչ համակարգ էլ լինի, պիտի ընկալվի եւ գնահատվի որպես արժեք: Եվ, վերջապես, ավանդույթի պահպանումը:
-Ինչպես ասում են` արդեն հնչել է վերջին զանգը, որ… հնչի առաջին զանգը…
-Գիտե՞ք` ինչն է կարեւոր. թվում է` պիտի ուսուցիչը հոգնի ամեն օր նույն դասարանը մտնելով, ամեն օր նույն թեման բացատրելով: Բայց այդպես չէ, որովհետեւ ամեն տարի քո դեմ նստում է նոր մարդ, ում համար դու նույնպես նոր մարդ ես: Նոր աշխարհ է բացահայտվում երկուստեք, եւ այդ նորի բացահայտման ձգտումն է, որ նոր եռանդ է տալիս` նորովի կրկնելու եւ բացահայտելու հազար տարվա փորձն ու գործը ու շարունակել մնալ նոր, մնալ կենսունակ, նաեւ` հարատեւ …

Զրույցը` Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ
13.06.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *