ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ


«Ճանաչենք մեր հայրենակիցներին» շարքի հերթական արժանավորին փնտրտուքի ճանապարհը մեզ տարավ Երեւանի Նոր Նորքի թաղամասի կենտրոնական գրադարան, որի տնօրենն է ախլաթյանյան արմատներով մեր հայրենակից Նազենի Արզումանյանը:

Բազմաշնորհ այս հայուհին, որ կրում է նաեւ մշակույթի նվիրյալ հոր` Յուրա Արզումանյանի երաժշտական գեները, բանասիրական կրթության հետ միասին ստացել է նաեւ երաժշտական կրթություն` ավարտելով Երեւանի` Սարգիս Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: Նրա հայրը` Յուրա Արզումանյանը երկար տարիներ ելույթ է ունեցել «Զանգեզուր» երգի-պարի համույթում, ցավոք, շուտ հեռանալով երկրային կյանքից:
Նազենին սկզբում զբաղվել է լրագրողական աշխատանքով, խմբագրել է «Մենուա» ամսագիրը, եղել հանրային հեռուստատեսության «Կարոտ» հաղորդաշարի խմբագիրը, որպես լրագրող-հաղորդավար աշխատել է «Լոս-Անջելես» 24 ժամյա հայկական հեռուստակայանում:
Նրա աշխատանքային կենսագրության մեջ շրջադարձային եղավ այն պահը, երբ նա հրավիրվեց աշխատանքի Նոր Նորք տարածքային շրջանի կենտրոնական գրադարանի տնօրենի պաշտոնում: Համագործակցելով բռնակոթյան ծագմամբ հայրենակցի` բանաստեղծ Յուրի Սահակյանի ղեկավարությամբ գործող գրական ստուդիայի հետ, կենտրոնական գրադարանը դարձավ Նոր Նորքում ապրող եւ ստեղծագործող մտավորականների եւ արվեստագետների համախմբման, նրանց գրքերի, աշխատանքների շնորհանդեսների, ժողովրդական տոնակատարությունների կազմակերպման մշակութային կենտրոն:
Նազենի Արզումանյանի ջանքերով գրադարանում բացվել է պատանի նկարիչների խմբակ, որը ղեկավարում է ճանաչված գեղանկարչուհի Սաթենիկ Հովհաննիսյանը: Խմբակի սաների աշխատանքները ցուցադրվում են «Նարեկացի նկարչական կենտրոնի» ցուցասրահներում եւ արժանանում մեծ դրվատանքի:
Գրադարանում ստեղծել է նաեւ երգի-պարի համույթ, պատանի ասմունքողների խմբակ: Նոր Նորքի կենտրոնական գրադարանը ակտիվ մասնակցություն է ունենում Երեւանի քաղաքային եւ հանրապետական մրցույթներին եւ միջոցառումներին` արժանանալով պատվոգրերի եւ արժեքավոր պարգեւների: Գրադարանի մասնաճյուղեր է ստեղծել Նոր Նորքի նորաստեղծ թաղամասերում` բնակչությանը կապելով գրքի եւ ընթերցանության հետ:
Գրադարանում ստեղծված են աշխատանքային հաճելի պայմաններ, որում իր մասն ունի նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությունը, ում հատկացրած ֆինանսական միջոցներով է այն վերանորոգվել:
«Սիսական» ՀԿ միջնորդությամբ Նոր Նորքի կենտրոնական գարդարանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Սիսիանի քաղաքային գրադարանի հետ, վերակենդանացնել նաեւ հայրենի Ախլաթյան գյուղի գրադարանի երբեմնի անունը եւ գործունեությունը:
Մնում է միայն ողջունել այս նախաձեռնությունները եւ սատարել դրանց իրականացմանը:

Ժորա Խուրշուդյան
«Սիսական» ՀԿ նախագահ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *