ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԸ. ԱՐՄԻՆԵ ՊԱՊԻԿՅԱՆ

Արմինե Պապիկյանի` Երեւանի պետական համալսարանի երգի մրցույթում վերջերս առաջին մրցանակային տեղ գրավելու լուրը հաճելիորեն ուրախացրեց նաեւ մեզ:
Չունենալով երաժշտական կրթություն, չտիրապետելով որեւէ երաժշտական գործքի, չիմանալով անգամ նոտաները, Արմինեն քրոջ` Լիլիթի մղմամբ մասնակցել է ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետի ուսանողական խորհրդի 19 ամյակին նվիրված երգի մրցույթին եւ 20 մասնակցի մեջ գրավել առաջին տեղը:
«Թեեւ երգում եմ ինձ համար, ընկերներիս ու ընտանիքիս շրջապատում, բայց երբեք լրջորեն չեմ մտածել երգելու մասին, էլ ո՞ւր մնաց` մրցույթին մասնակցելու մասին մտածեի: Հայտը ներկայացնելուց հետո նույնիսկ հրաժարվել եմ մասնակցելու մտքից, հետո զգացել, որ տգեղ կլինի հայտ ներկայացնել-չմասնակցելը: Երբ անցա երկրորդ փուլ, ավելի լրջորեն նախապատրաստվեցի»,-ասում է Արմինեն ու պատմում, որ ներկայացնում էին երկու համար` մեկը` պարտադիր անգլերեն լեզվով, մյուսը` հայերեն: Ընտրել է իր սիրած, բայց` դժվարին` «Հայաստան երկիր» երգը:
«Սահմանված էր 3 մրցանակային տեղ եւ եւս մեկը` հանդիսատեսի համակրանք անվանակարգում,-ասում է Արմինեն` հեզիկ, մեղմ ու անուշ ժպիտով եւ ավելացնում,-երբ մրցույթի արդյունքներն էին ամփոփում, ու հնչեց 3-րդ մրցանակակրի անունը, մտածեցի, որ տեղ չեմ շահի, քանի որ առավելագույնը այդ տեղն էի ես ինձ համար նախատեսել: Երբ հնչեց 2-րդ մրցանակակրի, ապա` հանդիսատեսի համակրանքը վայելած հաղթողների անունները, մտածեցի, որ դա էլ ես չեմ, ու հաշտվեցի որեւէ տեղ չշահելու մտքի հետ, մանավանդ որ առաջին տեղը զբաղեցրածի անունը հնչեց մի տաս րոպե «տանջելուց» հետո միայն: Այնքան անսպասելի էր ինձ համար, որ երբ հնչել է առաջին տեղը զբաղեցրած մրցանակակրի` իմ անունը, մի պահ նույնիսկ չեմ հասկացել, որ դա ես եմ»,- ասում է մեղմիկ ու համեստ ժպիտով,  ձայնի` ազնիվ ու  անկեղծ տոնով:
Հետո պատմում է, որ դեռեւս իր համար չի հստակեցրել, թե երգի մրցույթում հաղթելուց հետո ինչ տեղ կգտնի երգը իր կյանքում, քանի որ առաջվա նման շարունակում է սիրել իր ընտրած մասնագիտությունն ու ամբողջովին խորանալ դրա մեջ, բայց հետո ավելացնում է, որ դա մի տեսակ շրջադարձ է եղել իր համար, ինքը դարձել է ավելի ինքնավստահ, ավելի համարձակ: «Ես կարծել եմ, որ վատ չեմ երգում, մրցույթից հետո համոզվեցի, որ …լավ եմ երգում»,- նորից մեղմորեն ասում է Արմինեն ու ավելացնում, որ  մրցանակից բացի իր համար մնացին հաճելի հիշողություններ, նաեւ` այն  ապրումներն ու հույզերը, որ ունեցել է մրցույթի ողջ ընթացքում…
Արմինե Պապիկյանի հաջողությունով ուրախացել են ընկերները, ընտանիքի անդամները, մտերիմները:
Թեեւ այս պահին նրա հոգում «օտար լեզուների մեջ խորանալու եւ երգի ընտրության միջեւ մրցակցություն ու պայքար չկա», բայց, ինչպես անկեղծերեն ասում է` թեեւ շատ է սիրում իր ընտրած մասնագիտությունը, շատ է սիրում  նաեւ երգել… ինչը  գենորեն է փոխանցվել իրեն:

«ՈՐՈՏԱՆ»
27.05.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *