Համայնքային կյանքի լավագույն լուսաբանման մրցանակ` «Որոտանի» լրագրողին

Սկսած 2005 թվականից` «Հայաստանի համայնքների միության», ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից համատեղ կազմակերպվում ու անց է կացվում «Տարվա լավագույն համայնք» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Հայտերի գնահատման եւ մրցանակակիրների որոշման համար «Հայաստանի համայնքների միության» հանրապետական խորհրդի անդամներից (ովքեր չեն մասնակցել մրցանակաբաշխությանը) եւ ՀՀ տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներից կազմավորվել է մրցանակաբաշխության հանձնաժողով:
Հանձնաժողովի նիստի որոշմամբ ԶԼՄ-ների համար նախատեսված «Համայնքային կյանքի լավագույն լուսաբանում» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2 լրագրող, որոնցից մեկը Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, «Ասպարեզ» եւ «Որոտան» թերթերի թղթակից, Դարբաս համանքի բնակիչԴիանա Բախշյանն է:
Բնակվել մարզում եւ այն էլ մայրաքաղաքից, մարզկենտրոնից, շրջանից (Սիսիան) կտրված ու մեկուսացած մի գյուղում եւ ակտիվորեն զբաղվել լրագրողական գործունեությամբ, հիրավի տրված է միայն նրանց, ում համար լրագրող լինելը ոչ միայն կոչում է, այլեւ առաջին հերթին առաքելություն, սրբազան զբաղմունք:

«Այս աշխատանքում ամենամեծ պարգեւատրումը մնում է դժվարությունների հաղթահարման հետաքրքիր ուղին, որը ցանկացած դեպքում անկրկնելի է:
Թող ինքնագոհություն չլինի ասելը, բայց իմ աշխատանքը մեծագույն սիրով եմ կատարում, իսկ դա ամենակարեւորն է ցանկացած ոլորտում: 
Քանզի ես մեկն եմ այն փոքրաթիվ մարդկանցից, ովքեր բախտ են ունեցել, հակառակ բոլոր դժվարություններին ու խոչընդոտներին, իրենք իրենց համար ընտրել մասնագիտություն:
Ցանկացած լրագրողական նյութ գրելիս առաջին հերթին ինքս ինձ պատկերացնում եմ իմ ընթերցողի փոխարեն ու հետո ապավինում գրչիս:
Լրագրողական գործունեությանս ընթացքում միշտ անդրադարձել    եմ իմ նախընտրած թեմային, իրադարձությանը, խնդրին:
Իսկ ինքնուրույն լինելն այս գործում էական է եւ հաջողության գրավական:
Ինձ համար մեծագույն արժեքներն են ընտանիքը, հայրենիքը, ճշմարիտ քրիստոնիայի ապրելակերպն ու մայրենի լեզուն են, ուստի ես անդրադարձել ու անդրադառնում եմ հրատապ դարձած արտագաղթի, կրոնական դաստիարակության, մշակութային կյանքի, գյուղատնտեսական գործունեության թեմաներին եւ ոչ միայն: Բազմիցս բարձրաձայնել եմ հաշմանդամություն ունեցող մարդկանց ինտեգրացիայի, հասարակության մեջ կանանց դերի բարձրացման խնդիրները եւ առաջարկել լուծման հնարավոր ուղիներ:
Շատերի պես չեմ կարող ընկրկել դժվարությունների հանդեպ ու հեռանալ գյուղական համայնքից, հայրենիքից, քանզի ես ինքս ինձանից փախած կլինեմ:
Իսկ դրա կարիքը բնավ չկա:
Յուրաքանչյուր քայլով ես իմ լուման եմ ներդնում հօգուտ այն հրաշալի համայնքի ու
 հայրենիքի, որ վաղն ենք ունենալու»,- մեզ հետ զրույցում ասաց Դիանան:

Ի դեպ, սա Դիանայի առաջին մրցանակը չէ լրագրողական ասպարեզում: Եվ նրա բոլոր մրցանակները հավաստում են նրա նվիրվածությունը ընտրած մասնագիտությանը, նրա անկաշառությունն ու անկողմնակալությունը:
«Որոտան» թերթի խմբագրությունը, որտեղ մասնագիտական մկրտություն է ստացել Դիանա Բախշյանը, սրտանց շնորհավորում է նրան եւ ցանկանում մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
«Որոտան»
10.11.2015

3 մեկնաբանություն Համայնքային կյանքի լավագույն լուսաբանման մրցանակ` «Որոտանի» լրագրողին հոդվածին

  1. Anna Ghukasyan says:

    Դիանա ջան, սրտանց շնորհավորում եմ և ցանկանում մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ…դու արժանի ես լավս…

  2. Gayane Mesropyan says:

    Շնորհավոր, Դիաննա ջան

  3. Արժանի պարգև…. Շնորհավոր Դիան ջան…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *