ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՀԸ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀՆ Է

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ԱՎԱԳԱՆԻ

Սիսիանի համայնքի ավագանու 23 թեկնածուների մեջ ամենաշատ` 528 ձայնով ավագանու անդամ է ընտրվել Վարոս Պողոսի Ղազարյանը: Ինչպես ասում են` առաջին տեղով ավագանու անդամ դառնալը ինչքանո՞վ է պարտավորեցնող եւ ինչպե՞ս է նա իրեն պատկերացնում ավագանու անդամի դերում: Այս եւ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Վարոս Ղազարյանի հետ:

-Ինչո՞վ ես պայմանավորում առանց լայն ճանաչման, առանց լուրջ կենսափորձի միանգամից  քաղաքական պայքարի մեջ մտնելով ամենաշատ ձայներով ավագանու անդամ դառնալը եւ դա ինչո՞վ է պարտավորեցնում:
-Եթե հավաքեի, ասենք, 218 ձայն, դարձյալ պարտավորվածության նույն զգացումը կունենայի, ինչ որ` 528-ի դեպքում: Թվերի մասին մի կարճ ժամանակ կխոսվի ու կմոռացվի, քանի որ որեւէ տարբերություն չեմ տեսնում առաջին տեղով, կամ` վերջին տեղով ընտրվելու մեջ: Կարեւորը պատասխանատվության զգացումն է, որը պարտավորեցնող է:
Ինչ խոսք, հաճելի է նաեւ շատ ձայներ հավաքելը, որովհետեւ այդքան մարդ քեզ հետ հույսեր է կապում, իսկ ավելի շատ մարդկանց հույսեր արդարացնելը ավելի մեծ պատասխանատվություն է:
-Գաղտնիք չէ, որ հատկապես փոքր համայնքներում նման կամպանիաների ժամանակ մեծ դեր է ունենում հարազատա-բարեկամական գործոնը, ինչը, մեղմ ասած, նվազեցնում է ընտրվածի` անհատական, հանրային, մարդկային դերը: Քո պարագայում ի՞նչ կասես:
-Այդ հանգամանքը չեմ բացառում, մեծ դեր է ունեցել նաեւ ընկերական շրջապատը, եւ ընկերներիս մղմամբ է, որ առաջադրվել եմ: Մյուս կողմից` բոլորս ենք այս համայնքի բնակիչ, նաեւ` հարազատ-բարեկամները: Բայց ես կփորձեմ հասնել նրան, որ ոչ թե հատկապես բարեկամներս, ընկերներս լավ զգան ինձ վստահած լինելու համար, այլ` ժողովուրդը:
-Իսկ հատկապես ո՞րն էր ավագանու անդամ դառնալու նպատակդ:
-Ինչ երազում եմ, փորձում եմ նպատակ դարձնել, իսկ նպատակին հասնելու համար կոնկրետ քայլեր են պետք: Թեւե սա քաղաքականություն չեմ համարում, բայց ավագանի լինելը մի լծակ է համայնքի խնդիրների լուծմանը մասնակից դառնալու, համայնքի եւ նրա բնակչի շահերին օգտակար լինելու համար:
-Ցավոք, մեզանում ավագանու անդամ են դառնում հիմնականում անձնական խնդիրներ լուծելու համար, մի գարաժատեղ, մի հողատարածք, մի պաշտոն ձեռք գցելու նպատակով, եւ հանուն դրա համաձայնության են գնում համայնքի ղեկավարի` ցանկացած համայնքավնաս առաջարկության, դրանում, ցավոք, բազմիցս ենք համոզվել: Ո՞րն է քո վերաբերմունքը:
-Մարդ որքան փոքր պիտի լինի, որ, մանավանդ, համայնքի բնակչի վստահությանն արժանանալուց հետո միայն անձնական նպատակներով առաջնորդվի, այդ մասին, նույնիսկ, եկեք չխոսենք: Ես այն համոզմանն եմ, որ իմ համայնքի շահը իմ անձնական շահն է: Փառք աստծո, իմ կլինիկայով կարող եմ վաստակել իմ ապրուստը եւ խնդիր չունեմ, բայց` համայնքի շահն եմ ուզում անձնական շահ դարձնել:
-Դու կարծում ես, որ կարող ես դե՞մ գնալ համայնքի ղեկավարի` համայնքի եւ նրա բնակչի շահերին հակասող առաջարկություններին եւ դե՞մ քվեարկել: Նման գործելաոճը մեզանում գրեթե վերացել է:
-Ծանոթ չեմ համայնքի ավագանու գործունեությանը, նոր պիտի ծանոթանամ, բայց, կարծում եմ, որ ժողովրդի կողմից ընտրված համայնքապետը համայնքի եւ նրա բնակչի շահերին հակասող առաջարկություններ չպետք է ներկայացնի, իսկ ավագանին էլ չպետք է նման որոշումներ ընդունի: Բայց եթե տեսնեմ, որ նման առաջարկություններ կարվեն, ես կպաշտպանեմ համայնքի եւ նրա բնակչի շահը:
-Անփորձությո՞ւնն է քո մեջ խոսում, թե՞…
-Ինձ համար կարեւոր է մաքուր կենսագրությամբ եւ չարատավորված անունով մտնել նաեւ հանրային կյանք: Իմ մասնագիտության մեջ այսպես թե այնպես արդեն կայանում եմ, վստահ եմ, որ լավ ատամնաբույժի համբավ կկարողանամ ձեռք բերել, քանի որ որակյալ եւ լավ կրթություն ստացել եմ բարձրակարգ պրոֆեսորի մոտ, բայց կարեւոր է նաեւ հանրային ընկալման մեջ լավ մարդ դրսեւորվելը: Կարող է` լավ մասնագետ լինես, բայց` հարգված չլինես, ինչ-որ բաների հասնես, բայց հարգանք չունենաս: Ով իր ճանապարհը մաքուր չի անցնում, նրա համար կարեւորը ինչ-որ բաների հասնելն է, ինձ համար ինչ-որ բանի հասնել, նշանակում է` որպես մարդ հասնել:
Դրանում ինձ պարտավորեցնում է նաեւ Սիսիանում ճանաչված ու հարգված իմ պապի` ատամնաբույժ Վարոս Ղազարյանի թոռը, նրա անուն-ազգանվան կրողը ու ժառանգողը լինելը:
-Այս ընտրաշրջանում ավագանու կազմում մեծ է երիտասարդների թիվը: Ի՞նչ ես կարծում` փորձի պակասը չի՞ խանգարի: Չէ՞ որ ավագանի ասելով ենթադրում ենք խելացի, գիտակ, փորձառու, բանիմաց մարդ:
-Նույնիսկ ինձ համար հաճելի է, որ երիտասարդների թիվը շատ է: Կարծում եմ` մաքուր, չարատավորված սերունդ է, ով ուզում է իր իմացությունը եւ գիտելիքները ծառայեցնել համայնքին եւ նրա բնակչին` օգտագործելով ավագանու լծակը: Մյուս կողմից` քիչ չեն նրանք, ովքեր Երեւանում չմնացին, երբ դրա հնարավորությունները կային, եկան ծննդավայր` այստեղ կայանալու եւ ծննդավայրին օգտակար լինելու:
-Ի՞նչ խնդիրներ ես կարեւորում այսօր Սիսիանի համար:
-Երիտասարդության զբաղվածության, ժամանցի հարցերը, ինչին հետամուտ կլինեմ:
-Ի՞նչ կավելացնես:
-Կուզենամ շնորհակալություն հայտնել իմ ընտրողներին, որ հնարավորություն տվեցին նպաստելու Սիսիանի խնդիրների լուծմանը եւ իմ հնարավորությունները ծառայեցնել համայնքի եւ նրա բնակչի շահերին:
-Հուսով եմ` 4 տարի հետո նույնպես հարցազրույց կազմակերպել քեզ հետ, տեսնելու, թե` ի՞նչ տվեց քեզ ավագանու անդամ լինելը եւ ի՞նչ տվեցիր դու Սիսիանին, քո ընտրողներին, համայնքին որպես ավագանու անդամ:
-Կապրենք, կտեսնենք:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *