ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒԺԸ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ Է

-Պարո՛ն Հակոբջանյան, Դուք նոր մարդ չեք քաղաքական մրցապայքարում, մասնակցել եք նաեւ Սիսիանի համայնքի ղեկավարի ընտրություններին` արժանանալով մեծ ընտրազանգվածի վստահության քվեին: Ի՞նչ եք ակնկալում այս անգամ:
– Նախ` ցանկացած մրցապայքարի մեջ մտնում  ես հաղթելու  մտադրությամբ: Այդ նպատակով էլ առաջադրել եմ թեկնածությունս: Ակնկալում եմ նաև ազնիվ, մաքուր ընտրություններ: Ժողովուրդը ում որ կնախընտրի, թող նա էլ դառնա համայնքի ղեկավար: Իսկ ազնիվ ընտրությունից կշահի թե՛ ընտրված համայնքապետը, թե՛ համայնքը:
– Դուք համառ կամք եք ցուցաբերում: Ինչո՞ւ:
-Ուզում եմ ասել, որ համայնքապետի պաշտոնում իմ առաջադրումը ինքնանպատակ չէ: Իսկ ցանկացած նպատակի հասնելու համար համառություն, կամք է պետք: Եվ եթե նպատակիդ հասնելու ճանապարհին ընկճվես, կոտրվես, ուրեմն` անիմաստ է թե՛ նպատակդ, թե՛ ամենալավ ծրագիրդ, թե՛ ամենափայլուն գաղափարդ:
Ինչ վերաբերում է առաջադրվելուն. ես ինքս նույնպես ապրում եմ այս համայնքում, այս քաղաքում, ու ցավ եմ զգում մեր քաղաքի այսօրվա վիճակի համար, ընկած հեղինակության համար, չիրացված հնարավորությունների համար, սրտացավության բացակայության համար եւ Ձեզ նման ես էլ եմ ուզում այն բարեկարգ տեսնել, մաքուր տեսնել, լուսավոր, կանաչապատ ու խնամված տեսնել: Իսկ դրա համար ունեմ իմ պատկերացումները , իմ ծրագրերը, իմ հնարավորությունները, ներուժը եւ, ամենակարեւորը, ցանկությունը: Անլուծելի խնդիր չկա, եթե կա կամք, ցանկություն, սրտացավություն:
-Դուք շատ վճռական եք տրամադրված, ինչից ենթադրում եմ, որ նախորդ պարտություններից չեք վհատվել:
– Վիճարկելի, կեղծած ձայներով իշխանության հասնելը դեռեւս հաղթանակ չէ,  ոչ էլ պայքարում դրան չհասնելն է պարտություն:
Եթե նման ձեւով ընտրված ղեկավարը հարգանք չի վայելում, վստահություն, հեղինակություն չի վայելում, աթոռն ու պաշտոնն էլ այդ հեղինակությունը չեն երաշխավորելու ու չեն ապահովելու: Հազարավոր մարդիկ ինձ հավատացել, վստահել են, իսկ այսօր նրանց թիվը շատ ավելի շատ է, եւ դա է հաջողությունը: Կա հարցի մյուս կողմն էլ. եթե նպատակդ համայնքն այս վիճակից հանելն է, թե՛ հաղթելը, թե՛ չհաղթելը քո անձից դուրս խնդիր է արդեն. լավ ղեկավարը համայնքի հաղթանակն է, վատ ղեկավարը համայնքի պարտությունն է:
– Դուք չեք փոխել նաեւ Ձեր կարգախոսը` «Համայնքի ուժը  միասնությունն է», ինչո՞վ եք բացատրում:
– Սիրով կփոխեի, եթե ինը տարի առաջ եւ հիմա որեւէ բան դրական առումով փոխված լիներ մեր համայնքի կյանքում: Գործող համայնքապետը իր բնավորությամբ, ցավոք, ոչ միայն չկարողացավ եւ չէր կարող համախմբել, միասնական դարձնել Սիսիանը, այլեւ` այն բաժանելով թշնամիների եւ յուրայինների, ավելի խորացրեց այն: Մեղքի իմ բաժինը գուցե ունեմ նաեւ ես, որ չկարողացանք բոլորիս նպատակը Սիսիանի ուժեղացումը եւ զարգացումը դարձնել, եւ յուրաքանչյուրս փորձեց դա անել առանձին, ինչը հաջողություն խոստանալ չէր կարող:
Սիսիանը ջլատված է, որին մեծապես նպաստեց նաեւ «արտաքին ուժերի» միջամտությունը, ինչը ես բացառելու եմ, որովհետեւ կաշկանդված չեմ որեւէ «դաբրոյով» կամ «կրիշայով», եւ կաշկանդված չեմ լինելու: Իմ «դաբրոն» համայնքի վստահության քվեն է, իմ անկաշկանդ բնավորությունը, բոլոր ուժերի հետ լեզու գտնելու անմիջականությունը եւ Սիսիանը ինքնակառավարվող դարձնելու ցանկությունը, ուստի նորից պիտի կրկնեմ, որ համայնքի ուժը միասնությունն է:
– Սիսիանցիները նույնպես դրա կողմնակիցն են եւ սպասում են համախմբման: Բայց այս անգամ էլ կարծես շարունակվում է ընկերն ընկերոջ դեմ, բարեկամը բարեկամի դեմ թեկնածություն դնելու վատ ու տխուր ավանդույթը, որը պառակտում է հենց ընտրազանգվածին, եւ որից, դժբախտաբար, շահում է միայն անարժանը:
– Ես ասացի եւ կրկնում եմ, որ սրա մեղքը համայնքային իշխանություններինն է: Դեռեւս նախորդ ընտրությունների ժամանակ շատերն իրենց թեկնածությունը չառաջադրեցին, հավատալով նրա` վերջին անգամ առաջադրվելու խոստմանը: Սակայն երբ այս անգամ էլ առաջադրվեց (ինչը, իհարկե, նրա իրավունքն է), շատերը հասկացան իրենց խաբված լինելը եւ ետ չկանգնեցին քաղաքական պայքարից:
Մյուս կողմից` քաղաքապետի պաշտոնը, անշուշտ, նաեւ, քաղաքական պաշտոն է, իսկ թեկնածուներից յուրաքանչյուրը, բացի գործող համայնքապետից, քաղաքական մի ուժ ներկայացնելով` դադարում է ընկեր-բարեկամ-թիմակից լինելուց, որովհետեւ քաղաքական պայքարում ցանկացած ուժ ինքն է ձգտում լինել առաջինը: Այստեղ արդեն պայքարը ոչ թե անձերի միջեւ է, այլեւ` այս կամ այն կուսակցությունը ներկայացնող ուժերի միջեւ: Ես նրանց չեմ խանգարում, նրանք` ինձ: Ամեն թեկնածու էլ ունի իր ընտրազանգվածը: Եվ որեւէ մեկը զոռով, կաշառելով, ահաբեկելով, վախեցնելով, խաբելով կամ միմյանց դեմ տրամադրելով` չի կարող «խլել, տանել, յուրացնել» մյուսին նախապատված ձայները: Սա նույնպես կարեւոր է: Համոզմունքով տրված ձայները ամենաթանկ եւ գնահատելի ձայներն են, ինչին եւ ես ապավինում եմ: Ընտրություններից հետո, անկախ արդյունքներից, դարձյալ մնալու ենք նույն ընկեր-բարեկամները, եւ յուրաքանչյուրը` նաեւ իր կուսակցության անդամը:
– Բայց մի տեսակ տխուր ավանդույթ նույնպես ձեւավորվել է մեզանում. երբ առողջ ուժերը չեն համախմբվում, համախմբվում են թույլերը:
– Որպես դրա հետեւանք, սակայն, մի լավ երեւույթ նույնպես ձեւավորվել է. ինչպես միմյանց դեմ պայքարող մրցակիցները չեն միմյանց նկատմամբ թշնաբար տրամադրված, այնպես էլ` թեկնածուների ընտրազանգվածը: Սեւ պիառն էլ արդեն արդյունք չտվող հանգամանք է մեզանում, քանի որ բոլորն իրար  ճանաչում են, փոքր քաղաք է, իսկ սեւ պիառը շուռ է  գալիս հենց այն իրականացնողի դեմ: Ես հավատում եմ ընտրազանգվածի փորձին:
– Պարո՛ն Հակոբջանյան, ինչպե՞ս եք վերաբերում մյուս թեկնածուներին, որոնցից մեկը  Ձեր ընկերն է, մեկը` բարեկամը, մյուսը` հարեւանը, մյուսները` ոչ օտար մարդիկ:
– Հարգալի՛ց: Հարգում եմ յուրաքանչյուրի` առաջադրվելու իրավունքը, յուրաքանչյուրի ծրագիրը եւ գտնում եմ, որ ընտրություններից առաջ էլ, հետո էլ ապրում եւ ապրելու ենք այս քաղաքում, որը բոլորս ենք ցանկանում բարեկարգ տեսնել:
– Ինչո՞ւ եք ուզում դառնալ համայնքապետ, չէ՞ որ ունեք լավ աշխատանք, հաջողված բիզնես, հրաշալի պատկերացնում եք խնդրաշատ մեր համայնքում համայնքապետ լինելու պատասխանատվությունը, դժվարությունը, բայց եւ…
– Ես արդեն վերեւում ասացի, որ դա ինքնանպատակ չէ: Եթե կարողացել եմ հաջողել սեփական բիզնեսում, եթե կարողացել եմ ղեկավարել բարդ ու պատասխանատու մի քանի համակարգ, եթե տարիների ընթացքում կարողացել եմ ստեղծել հարգանք, դրական վերաբերմունք իմ նկատմամբ, կարծում եմ` ավելին կարող եմ անել: Սակայն համայնքի համար ավելին անելու համար իմ ծրագրերը, իմ պատկերացումները հնարավոր է իրականություն դարձնել միայն համայնքային իշխանության միջոցով: Սիսիանը պիտի գրավիչ դարձնել ներդրողների եւ ներդրումների համար, ոչ թե` վանել ոչ բարեկիրթ պահվածքով ու վերաբերմունքով: Իսկ այդպիսին դարձնելու բոլոր պայմանները եւ հնարավորությունները կան: Եվ հետո` ունենալ այսպիսի հնարավորություններ, այսպիսի մտավոր- գործարար ներուժ եւ ունենալ այսպիսի քարուքանդ, մեռյալ քաղաք, համայնքային այսպիսի խղճուկ իշխանություն, պատիվ չէ ոչ մեկիս համար: Ուրեմն` նաեւ մենք ենք թույլ տվել, ինքներս մեր նկատմամբ պահանջկոտ չենք եղել, որ այսօր առկա է այս վիճակը:
– Վերջին օրերին Սիսիանի խոսակցության հիմնական թեման, ընտրությունների առանցքի շուրջ, Վերահսկիչ պալատի` Սյունիքի մարզում կատարած ստուգումների արդյունքում հայտնաբերած խայտառակ թերությունների, մասնավորապես` Սիսիանի համայնքապետարանի կողմից 47 միլիոն դրամի չարաշահումների մասին հնչած տեղեկատվությունն է: Ո՞րն է Ձեր վերաբերմունքը:
– Սոցիալ-տնտեսական նման ծանր վիճակում գտնվող քաղաքի համար, ինչպիսին Սիսիանն է, 47 միլիոն դրամի չարաշահման փաստը եւ պետական մարմնի կողմից դրա հրապարակումը թույլ է տալիս մեզ ասել, որ դա սեփական համայնքի նկատմամբ ամենամեծ արհամարհանքն է, արհամարհանք է ընտրողի եւ հենց վարած պաշտոնի նկատմամբ: Իսկ ըստ էության դա նշանակում է` բազմաթիվ չլուծված հարցեր, քանդված փողոցներ, չկատարված լուսավորություն, անորակ շինարարություն, պիտի նշանակի, եթե չարաշահումները նաեւ բյուջեից են, մանկապարտեզի երեխայի բերանից խլված պատառ, ենթակայության կազմակերպության աշխատակցին հասանելիք չտրված աշխատավարձ, չիրականացված աղբահանություն, եւ որ ամենավատն է` անարգանք պետական պաշտոնին: 47 միլիոն դրամ չարաշահողը պիտի որ ժողովրդի կողմից իր գնահատականը ստանա, եւ վստահ եմ, որ կստանա: Ես մեկնաբանություն չեմ անում, ընտրողը թող իր եզրակացությունը կատարի:
– 10 տարի առաջ Սիսիանի համայնքի բյուջեն գրեթե այդքան էր, մինչդեռ` այժմ այն 5-6 անգամ ավելացել է:
– Բյուջեն ավելացել է, բայց ի՞նչն է փոխվել. Ջրային հայելինե՞րն են մաքրվել, քաղա՞քն է բարեկարգվել, աղբահանությո՞ւնն է բարելավվել, տանիքները, շքամուտքե՞րն են վերանորոգվել, շենքերի մուտքերի պատուհաննե՞րն են տեղադրվել: 47 միլիոն դրամը գուցե եւ վերականգնվի, իսկ ինչպե՞ս է վերականգնվելու հավատը պետական պաշտոնյայի նկատմամբ, երբ դեռ նման չարաշահում կատարած պետական պաշտոնյան իր ցուցապաստառի վրա գրում է` «ընտրենք Սիսիանի արժանապատվությունը»: Եթե չարաշահումն է Սիսիանի «արժանապատվությունը», ընտրենք:
– Մեզանում համայնքապետի անունը այնքան է ընկել ու ծաղրվել, որ նորընտիր համայնքապետից մեծ ջանք է պահանջվելու այն վերականգնելու համար: Ընտրվելու դեպքում դուք ինչպե՞ս պետք է վերականգնեք այդ դերը:
– Դա եւ հեշտ է, եւ դժվար: Եթե նորընտիրը եղավ ուժեղ, կամային, ինքնուրույն, հեշտ է լինելու հենց դրա շնորհիվ: Եթե ոչ` ոչ: Համայնքի ղեկավարը, ի վերջո նաեւ պետական պաշտոն է, եւ այն այսօրվա մեր ընկալումներում նույնացվում է նաեւ պետության, երկրի, քաղաքի հետ: Չե՛ս հարգում քո ղեկավարին, չես հարգում քո քաղաքը: Եւ` հակառակը: Կարծում եմ` որպես համայնքապետ, ես այդ դերը չեմ նսեմացնի, չեմ արժեզրկի, հակառակը, կփորձեմ իմ լավ աշխատանքով, ինքնուրույն պահվածքով եւ գործելաոճով վերականգնել այն:
– Ձեզ համարում են թե՛ երիտասարդների, թե՛ ծերերի, թե՛ կարիքավորների, թե՛ կրթյալ մասայի թեկնածուն: Դա Ձեզ ինչո՞վ է պարտավորեցնում:
– Շնորհակալ եմ, որ նման գնահատանքի եք արժանացնում ինձ: Գուցե նաեւ դրա հիմքը ունեք: 28  տարի աշխատում եմ տարբեր պաշտոններում, շփվում եմ ամենատարբեր մարդկանց հետ: Ես ինձ պարտավորված եմ զգում բոլորի նկատմամբ: Կարեւորում եմ մտավորականների դերը համայնքի կյանքում, եւ չեմ կարծում, թե տոնից տոն նրանց կենացը խմելով կամ մասնագիտական տոների առթիվ մի ծաղիկ նվիրելով` կարժանանաս նրանց համակրանքին ու վստահությանը: Նրանց կարող ես կաշառել միայն նրանց արժեքը, դերը խորապես գնահատելով եւ նրանց ներուժը համայնքին ծառայեցնելով:
– Ի՞նչ կադրային քաղաքականություն եք վարելու:
– Պիտի ստեղծեմ ուժեղ, պրոֆեսիոնալ եւ կարող թիմ: Աշխատող մասնագետները կշարունակեն մնալ իրենց աշխատանքում: Գրագետ, բանիմաց, աշխատանքին տիրապետող թիմը ինձ էլ կպարտադրի աշխատել, այլապես` ճահճացումը անխուսափելի է:
– Ի՞նչն եք առաջնայինը համարում Սիսիանի համար:
– Պիտի վերականգնել սոցիալական արդարությունը, բարոյա-հոգեբանական մթնոլորտը: Սիսիանում արտոնյալներ չպետք է լինեն, ո՞վ է ասել, որ այստեղ ծավալվող ողջ շինարարությունը պիտի կենտրոնանա մեկ մարդու ձեռքում, ո՞վ է ասել, որ համայնքի ղեկավարի որդի, բարեկամ լինելը արտոնություն է եւ առավելություն, կարծում եմ` պատասխանատվություն է  նախ եւ առաջ, ո՞վ է ասել` ծրագրերը պիտի գան, փոշիանան ու գնան: Սիսիանում ուժեղ կամք է պետք, համարձակ ղեկավար է պետք, Սիսիանը որեւէ մեկի «բոստանը» չէ, Սիսիանն, ի վերջո, տարածաշրջանային կենտրոն է նաեւ, եւ այստեղից պետք է լավն ընդօրինակել:
– Ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը` ընտրվելուց հետո:
– Բնականաբար` շնորհակալություն հայտնելը թե՛ ընտրողից, թե՛ չընտրողից: Այնուհետեւ պարտավոր եմ հրապարակայնորեն հանրությանն իրազեկել, թե ինչ ժառանգություն եմ ստանում, ինչ է պահպանվել, ինչ չի պահպանվել, որ կարողանամ հետագայում հաշիվ տալ, թե ինչ եմ ավելացրել կամ պակասեցրել ես: Եվ դա, նորից եմ ասում, հրապարակային, փաստերով, առանց բանսարկության եւ բամբասանքի:
– Պարո՛ն Հակոբջանյան, «Որոտանը», մասնակցելով Ձեր քարոզարշավին, Ձեր ընտրվելուց հետո էլ չի խոստանում վայր դնել անօրինականությունների, անարդարությունների դեմ պայքարի իր զենքերը, եթե դրանք ի հայտ գան նաեւ Ձեր պաշտոնավարման ընթացքում: Ինչպե՞ս եք վերաբերում քննադատությանը:
– Եթե չգնահատեի թերթի ոգին, չէի նախընտրի «Որոտանով» իրականացնել իմ քարոզարշավը: Եվ հենց այս թերթով էլ հավաստիացնում եմ թե՛ Ձեզ, թե՛ բոլորին, որ Ձեզ նման առիթ չե՛մ տա: Վստահ եղեք, չե՛մ տա: Իսկ եթե դուք կտեսնեք եւ կքննադատեք, սվիններով չեմ ընդունի, որովհետեւ ունեմ համոզմունք, որ ցնկացած իշխանություն, կառույց, երեւույթ, եթե չունի հակակշիռ, ընդդիմություն, ենթարկվում է ինքնագործունեության, որը տանում է ինքնակործանման: Իսկ ես գալիս եմ աշխատելու, ոչ թե ինքնակործանվելու:
– Ի՞նչ եք մաղթում ընտրողին, Սիսիանին:
– Ուզում եմ, որ ունենաք բարեկարգ, գեղեցիկ, արժանապատիվ, ինքնուրույն, ինքնակառավարվող Սիսիան եւ… միասնական Սիսիան ու հավատում եմ, որ բոլորիս ջանքով ու բարի կամքով կհասնենք դրան:

Զրույցը վարեց
Արեւհատ Ամիրյանը

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *