ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ – 10

2010_21

«Սիսիանի համայնքերի միություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.-ին: Ի տարբերություն շատ հասարակական կազմակերպությունների, այն հաղթահարել է ժամանակի փորձությունը, կայացել, եւ լինելով, իրավաբանական անձանց միություն, շատ հարցերի ու հիմնախնդիրների լուծման առումով դարձել նրանց աջակիցը:

«Սիսիանի համայնքների միության» մեջ ընդգրկված է 32 համայնք՝ հավասար իրավունքներով ու պարտականություններով: Միության գործադիր տնօրեն Արմեն Ներսիսյանը նշում է, որ կազմակերպության ստեղծման նպատակը եղել եւ մնում է տեղական ինքնակառավարումն իրականացնելիս  համայնքների ղեկավարներին աջակցելը: Որպես հիմնական նպատակներից մեկը նա կարեւորեց նաեւ համայնքներում առկա խնդիրները բարձրացնելը եւ մարզային ու պետական մարմինների ուշադրությունը դրանց վրա հրավիրելը, լուծման ուղիները գտնելը: «Համայնքների հիմնախնդիրներին քաջ տիրապետում եմ, քանի որ ինքս էլ եղել եմ համայնքի ղեկավար,- ասում է Արմեն Ներսիսյանը: – Բայց համայնքի ղեկավարն ինքը միայնակ դրանք չի կարող տեղ հասցնել: Միությունը փորձում է համատեղ լուծել դրանք»: Քանի որ միության ֆինանսական միջոցները գոյանում են համայնքների անդամավճարներից, ուստի, ինչպես հավաստիացնում է միության գործադիր տնօրենը, դա նույնպես պարտավորեցնում է նրանց հիմնախնդիրները լուծելու ելքեր եւ ուղիներ որոնել:
Արմեն Ներսիսյանը նշեց, որ գոյության եւ գործունեության 10 տարիների ընթացքում միությունը կարողացել է ճանաչում ձեռք բերել նաեւ հանրապետության նմանատիպ կառույցների շարքում, եւ այսօր «Սիսիանի համայնքների միությունը» լավագույններից մեկն է: «Եվրասիա» հիմնադրամի կողմից այն նույնպես ճանաչում է ձեռք բերել եւ 2009թ.-ին ճանաչվել լավագույնը:
Արմեն Ներսիսյանը անթաքույց ուրախությամբ է նշում, որ Սիսիանի համայնքների  միության առաջարկով է ՀՀ կառավարությունում քննարկման առարկա դարձել հողի սեփականատերերին հողի հարկի տույժ-տուգանքներից ազատելու հարցը՝ մայր գումարը մարելու պարագայում: 2009թ.-ի մայիսին այն օրենքի ուժ է ստացել, ինչի արդյունքում  հողի՝ սիսիանցի սեփականատերերն ազատվել են ավելի քան 38 մլն դրամ տույժ-տուգանք վճարելու ծանր բեռից: «Գյուղատնտեսության զարգացման՝ կառավարության ծրագիրն է մշակվում: Մենք լրջորեն ենք նախապատրաստվում՝ ներկայացնելու մեր առաջարկները, քանի որ մեր բնակչության 90%-ը զբաղված է գյուղատնտեսության մեջ,- ասում է Արմեն Ներսիսյանը: -Տարեց տարի ավելացող չմշակվող տարածքները, ես կասեի, վտանգում է ոչ միայն գյուղի, այլեւ՝ երկրի ապագան»,-հավելեց նա:
Անդրադառնալով գործունեության 10 տարիներին՝ Արմեն Ներսիսյանը նշեց, որ միության աջակցությամբ տարածաշրջանի բոլոր համայնքներում լուծվել են ամենատարբեր սոցիալական խնդիրներ, ավելի քան 15 համայնքում՝ ոռոգման ջրի ներքին եւ արտաքին ջրագծերի վերանորոգման, 4 համայնքում՝ միջհամայնքային ճանապարհների բարեկարգման, Թասիկ, Աշոտավան համայնքների դպրոցների վերանորոգման, 8 համայնքում՝ ծառատնկման, 33 համայնքում՝ «Համաշխարհային պարենի ծրագրով» 25 սոցիալական եւ այլ աշխատանքներ ու ծրագրեր: Միության կողմից է իրականացվել նաեւ Աշոտավանի համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի հիմնանորոգման 10% ներդրումը: 2009-ին տարածաշրջանի բոլոր համայնքների դպրոցների եւ մանկապարտեզների սաներին  բաժանվել են ուսումնական տարվա նվերներ:
Համայնքների միության գործունեությունը միայն այսքանով չի սահմանափակվում: «2005թ.-ից իրականցնում ենք համայնքների գույքահարկի, 2008-ից՝ հողի հարկի հաշվարկման գործընթաց: Ճշգրտվել են հողերի քանակն ու տեսքերը եւ դրանց համար նախատեսված հարկերը: Այսօր համայնքներում գրանցված են այն փաստացի տվյալները, որոնք համապատասխանում են առկա գույքին եւ հողատարածքներին: Հողատարածքները դեռեւս ճշգրտման կարիք են զգում, քանի որ հողի գույքագրման աշխատանքները դեռեւս վերջնական տեսքի չեն բերվել»,- ավելացրեց Ա. Ներսիսյանը: Նա հավելեց նաեւ, որ սեփականատերերի շրջանում հստակեցվում են շատ հիմնախնդիրներ, որոնք հողի սխալ սեփականաշնորհման հետեւանք են, եւ որի արդյունքում տուժողը մնում է սեփականատերը՝ ստիպված լինելով հարկ վճարել չմշակվող կամ մշակության համար ոչ պիտանի հողի համար: Նմանատիպ հողից հրաժարվելու ցանկության դեպքում սեփականատերը, բնականաբար, ազատվում է  նաեւ դրա համար նախատեսված հարկից: «Վտանգ չի՞ պարունակում իր մեջ սեփականատիրոջ համար այս ձեռնարկը՝ նրան զրկելով հողից ու սեփականությունից»,- մեր հարցադրմանը միության տնօրենը հավաստիացրեց, որ ոչ մի վտանգ չկա, քանի որ խոսքը չմշակվող եւ մշակության համար  ոչ պիտանի հողերի մասին է, ինչի համար սեփականատերը ավելորդ հարկ է վճարում: Որպես հավաստիացում նշեց, որ  նմանատիպ 7-8 դեպք արդեն առկա է:
Սիսիանի համայնքների միությունը, տնօրենի հավաստիացմամբ, վստահություն ունի նախ միության անդամների շրջանում, եւ դրա արդյունքում է, որ այսօր այն դարձել է կայացած ու կայունացած կառույց ոչ միայն տարածաշրջանում, ոչ միայն մարզում:

Սեփական լրատվություն

 

702 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *