Համո Սահյանը՝ հավերժի բանաստեղծ…

hamo-sahyan

Ապրիլյան`«ապրելու» ամսին է ծնվել հայոց դասական պոեզիայի մեջ հնչող անուն, ով իր անզուգակ պոետական խոսքը շաղախունորեն հայրենի բնությանը միահյուսեց և արմատացրեց հանց մի հավերժություն առ բիբլիական հայոց հողն ու մարդը: Համո Սահյանն իր լուսեղեն արարումներն այնքան բնական գունապնակով ներկայացրեց ընթերցողին, ապրեց համեստ ու պարզ, սակավախոս ու սակավապետ` կյանքի ու գրչի հոգեթռիչքը նույնքան մաքրապարգև` խորու~նկ, կյանքի փիլիսոփայությամբ առլեցուն… Սահյանի բանաստեղծական խոկումները իմաստուն, հոգևոր դասեր են, իրատեսական, բնանկարային կոնկրետությամբ հարուստ: Ահավասիկ, շքեղաշուք, արդիական ու դասական, կենդանի գույն ու բույրերով շնչող, ժողովրդահյուս նրա տողուտներից մեկը.

Սարի ստվերը փարվում է ժայռին,

Ժայռի ստվերը ծառին է փարվում…

Սահյանական պոեզիան հուզական, ռեալությամբ արտահայտվող զգացումներով լի՝ ընթերցողին հաղորդում է սեր դեպի բնությունն ու Հայաստան-Հայրենիքը, մարդը, կյանքն ու իր ապրած տարիները.

Տարինե՜րս, տարիներս…

Պատկերային արտահայտությունների մեջ Սահյանը կարևորում էր բանաստեղծական ներշնչանքը, որն ընդգծվում էր հայրենապաշտության մոտիվացիաներով, որոնք պարուրված էին հոգեբանական կուռ կառուցվածքով, մտքի ու հանգային կոմպոզիցիոն ընթացքով… Բանաստեղծի «Հայաստան»-ը դասական ոճով գրված մոնումենտալ գործ է,  այն ազգային պոեզիայի լավագույն նմուշներից է, որը կարելի է համարել դասագրքային օրինակ. նույն շարքում է նաև «Անունդ տալիս» բանաստեղծությունը.

Հայաստա´ն, անունդ տալիս,

Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,

Ալևոր կամրջի հոնքին

Ծիծառի մի բույն եմ հիշում,

Թեքված մի մատուռ եմ հիշում,

Եվ բերդի տեղահան մի դուռ…

Համո Սահյանը ընթերցողին թողել է բազմաքանակ բանաստեղծական շարքեր, որոնք, աներկբա, հարազատացած են հայոց գրական բարձրանուն ստեղծագործություններում՝ «ՍեզամԲացվիր», «Կոմիտաս», «Քարափների երգը», «Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ», «Ինչ անեմ, մարդի´կ», «Գարունդ հայերեն է գալիս», «Գնամ, Գյազբելիս հովերը շնչեմ»: Սրանք Սահյանական շքեղաշուք ստեղծագործություններ են, որոնք գրականության մեջ մնայուն ժառանգություն են, և, անշուշտ` հոգեգանձերի գրապահոցներ :

Հարցազրույցներից մեկում Համո Սահյանը խոստովանում էր հանգերի խնդրի մասին, ինչը բանաստեղծելու արվեստի կարևոր «բանալին» է. «Լավ բանաստեղծության մեջ հանգերը բարձրացող ինքնաթիռի պրոպելլերի նման են…»: Հայոց պառնասում Համո Սահյանը բարձրաթռիչք ճախրանքներ ուներ, որոնք հայ պոեզիայում արարեցին սեր, հայրենասիրություն, բնապաշտի հոգու հետ խոսող Աստվածահաճ ու լուսե մեղեդիներ …

Տարինե՜րս, տարինե՜րս,

Ուր մնացին

Կանաչ-կարմիր,

Սև-սպիտակ տարիներս,

Իմ սառն ու տաք,

Ծուռ ու շիտակ

Տարի՜ներս, տարինե՜րս…

…Կոմիտասի անվան պանթեոնում ապրիլ տասնչորսին նշվում էր պոետի ծննդյան օրը: Մասնակցում էին հյուրեր բանաստեղծի ծննդավայրից, գրականության, մշակույթի գործիչներ, Համո Սահյանի պոեզիայի երկրպագուներ, մտերիմներ, որդին՝ Նաիրի Սահյանը, քույրը՝ Պայծառ Գրիգորյանը, քրոջորդին:

Դպրոցականների շուրթերով հնչում էին Սահյանի հուզաթաթավ տողերը.

Ժայռից մասուր է կաթում,

Կարմիր սարսուռ է կաթում…

…Ուր որ նայում եմ`

Քարե մրրիկ է ու քարե բուք է,

Քարե բողոք է, ու քարե բերդ…

Անվանի գրականագետ-պրոֆեսոր Դավիթ Գասպարյանն այնքան հուզական հնչեցրեց Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» ետմահու հրատարակված ժողովածուից բանաստեղծություններ: Բանաստեղծ, թարգմանիչ Հարություն Հովնաթանը Սահյանի հետ հանդիպումների հուշերից մտերմական դրվագներ պատմեց, որոնք միջոցառման մասնակիցների համար հետաքրքիր հուշեր էին:

Սահյանի քնարական բանաստեղծություններից զգացմունքային հնչեցրին մայրաքաղաքի նորաստեղծ «Հայ ասպետներ» վարժարանի սաներ Գոռը, Արմենը, Լիլիթը… (տնօրեն՝Կարին Տոնոյան): Գրական՝ «Հավերժի հետ խոսք ու զրույց» միջոցառումը կազմակերպել էր «Սիսական» հայրենակցական միությունը (նախագահ՝ գեներալ-մայոր Ֆելիքս Պողոսյան):

Սահյանի հավերժող պոեզիան ժողովրդահյուս հնչերանգներով օծուն` բնական ու անկրկնելի է արարված, որը եւ նշանակում է ապրել, առմիշտ տեսնել կյանքի, վսեմի, գեղեցկի երեսը… Ու, թեեւ, եղանակն անձրևային էր, այնուհանդերձ, անձրևի կաթկթոցի ներքո, միջոցառման մասնակիցներն իրենց հետ տանում էին Սահյան հանճարեղ պոետի տողերը.

Իմ ապրած կյանքը խառն ու երկար էր,

Ծանր ընդվզում էր ամեն մի քայլը.

Չար էր ոսոխը, երկինքը քար էր,

Հեռու, հեռու էր աստղերի փայլը…

Լուսինե Թոփուզյան

Երեւան

 

324 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *