ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆՆ ԻՐ ԼՈՐԻՆՆ Է…

Ավարտվել են Համո Սահյանի տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները: Այն պատրաստվում է ոչ միայն իր հյուրընկալ դռները բացելու հանդիսությանը, այլեւ՝ Սահյանի ծննդյան 100 ամյակին: Այս եւ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Լորի համայնքի ղեկավար Դավիթ Առուստամյանի հետ:

-Պարոն Առուստամյան, 13 տարի առաջ, երբ ընտրվել էիք Լորի համայնքի ղեկավար, մեզ հետ ունեցած Ձեր առաջին հարցազրույցում ասել էիք, որ համայնքի ղեկավարի՝ Ձեր գերագույն խնդիրը Համո Սահյանի կիսակառույց տունը տուն-թանգարան դարձնելն է: Ձեր գերագույն խնդիրը վերջապես լուծվեց:
– 13 տարվա մեջ շատ ջրեր հոսեցին, շատ դռներ բախեցի: Ում ասես՝ չեմ դիմել, ինչ կազմակերպության ասես՝ չեմ խնդրել, նաեւ՝ մշակույթի նախարարություն, գրողների միություն…. Իսկ երբ 2010 թ.-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Լորի հարեւան՝ Շամբի գործարան, նույն խնդրանքով նրան էլ դիմեցի, եւ պատասխանը շատ չուշացավ: Նախագահը հետաքրքրվել էր անգամ տուն-թանգարանի հետագա պահպանությամբ, եւ նաեւ այդ հարցը լուծվեց՝ 3 տարվա համար կոնկրետ գումար հատկացնելով նախագահականից՝ թանգարանի տնօրենի հաստիք պահելու համար:
-Ե՞րբ սկսվեց Սահյանի տուն-թանգարանի հիմնանորոգումը:
-2013-ի սեպտեմբերին Սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ սկսվեցին եւ այս տարվա սեպտեմբերին ավարտվեցին հիմնանորոգման աշխատանքները, որը բարձր որակով իրականացրել է մրցույթը շահած «Գլաձոր-1» շինարարական կազմակերպությունը:
Հիմնանաորոգման համար հատկացվել էր 34 մլն դրամ, իսկ համայնքային՝ 10 % ներդրումն էլ իր վրա էր վերցրել ամերիկահայ մի բարերար, ում չենք էլ ճանաչում:vorotan30112013-1
-Սահյանի տան նախկին նախագի՞ծը պահպանվեց, թե՞…
-Սահյանի տունը կառուցվել էր դեռեւս 1972-73 թվականներին՝ Լորի կոլտնտեսության միջոցներով, ինչի մասին հաճախ է պատմել այդ տարիների կոլվարչության նախագահ Ռուբիկ Միրզոյանը, բայց այդպես էլ անավարտ է մնացել: 40 տարիների կիսակառույցը ոչ քանդված էր, ոչ՝ պահպանված, եւ նախատեսված էր բնակելի տան համար: Իսկ նոր կառույցը պիտի համապատասխաներ տուն-թանգարանի պահանջներին, դրա համար բոլորովինvorotan30112013-2 նոր նախագիծ է արվել, պահպանվել է միայն երկրորդ հարկի դիմահայաց պատը եւ աստիճանների դիրքը:
-Որպես տուն-թանգարան, ո՞ւմ է պատկանում, կամ՝ ո՞վ է այն տնօրինում:
-Այդ մասին էլ են ամենատարբեր խոսակցություններ ծավալվել, սկսած՝ Սիսիանի քաղաքապետարանին ի պահ տալուց մինչեւ չգիտես ում: Բայց՝ կամ Լորը համայնք, կամ՝ Սիսիանը: Կառույցի կանոնադրությունը գրվել եւ հաստատվել է որպես Լորի համայնքային ենթակայության՝ «Համո Սահյանի անվան տուն-թանգարան» ոչ առեւտրային կազմակերպություն եւ ենթակա է Լորի համայնքապետարանին:
Երբ սկսվեց տուն-թանգարանի հիմնանորոգումը, որեւէ փաստաթուղթ չի էլ եղել դրա վերաբերյալ, Լորի համայնքի գույքի ցանկում գրանցված է եղել Հ. Սահյանի անվան տուն-թանգարան մի շինություն միայն: Կանոնադրությունը ինքս եմ գրել, այն հաստատելու, կազմակերպության կնիքը հանելու եւ կազմակերպչական բոլոր աշխատանքները ես եմ կատարել՝ շինարարական շախատանքներին զուգահեռ:
-Ի՞նչ աշխատնքներ են տարվում հիմա:
-Այժմ զբաղված ենք ոչ պակաս կարեւոր՝ տուն-թանգարանի կահավորման շախատանքներով, Սահյանի անձնական իրերի, գույքի, եւ թանգարանին անհրաժեշտ այլ պարագաների ձեռքբերում, հայթայթում, տեղափոխում, ցուցասրահների ձեւավորում: Ինքս եղել եմ մեր՝ գրեթե բոլոր նշանավոր մարդկանց տուն-թանգարաններում, հետաքրքրվել, ուսումնասիրել, հասկանալու համար, թե ինչ տեսք ու ձեւ պիտի ունենա Սահյանի անվան տուն-թանգարանը:
-Այդ գործում, կարծում եմ, նաեւ մասնագիտական օգնության անհրաժեշտություն պիտի լինի, քանի որ տուն-թանգարանը միայն շինությունը չէ…
-Իմ նպատակը ոչ թե պատմության թանգարան, այլ՝ տուն-թանգարան՝ ստեղծելն է, պահպանելու այն կոլորիտը, այն միջավայրը, որը միայն եւ միայն Սահյանական պիտի լինի, Սահյանով լեցուն եւ Սահյանաշուչ, որտեղ պիտի Սահյանն «ապրի»:
Տուն-թանգարանի առաջին հարկում թոնրատունն է, որտեղ պահպանվել է Խաչիպապունց թոնիրը, պահպանվել է նրանց հացի տաշտը, մնացած ամեն ինչը տարբեր տեղերից գտել-բերել ենք եւ շարունակում ենք բերել:
-Այդ թոնրի մասին է ասել՝
Եվ թոնրի շուրթը, որ մինչեւ հիմա ճաքում էր բոցից,
Հիմա ճաքում է բոցի կարոտից…
Իսկ ի՞նչ է պահպանվել Սահյանից:
-Սահյանի անձնական իրերից՝ նրա գvorotan30112013-3րամեքենան, հայտնի ցիլինդրը, մոխրաման, գրիչ, այլ իրեր, որ թանգարանին են նվիրել նրա քույրերը, լուսանկարներ եւ արժեքավոր մի կիսանդրի Կիմ Հովհաննսյանի ընտանիքի անդամներն են նվիրել, գտել ենք Սահյանի վաճառված տան կահույքը, որը պահպանել է երեւանյան տան հարեւանը եւ խոստացել նվիրել, ձեռագրեր եւ այլ փաստաթղթեր կնվիրի Շչորս Դավթյանը, Սասուն Պասկեւիչյանն է խոստացել նվիրել Սահյանի ոտնամանները, նկարիչ Սլավիկ Խաչատրյանը պատին որմնանկար կնկարի: Որտեղ մի բան ենք լսում, որ կա, դիմում ենք, կնվիրեն, շատ լավ, չեն նվիրի, իրենց խիղճը:
Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի նոր քանդակը կտեղադրվի բակում, արդեն եկել-տեղը ընտրել է: Կիմ Հովհաննիսյանի ընտանիքի նվիրած կիսանդրին կտեղադրվի հենց մուտքի պատին՝ «Համո Սահյանն իր Լորինն է» մակագրությամբ: Ջանում ենք ամենայն պատասխանատվությամբ նախապատրաստվել տուն-թանգարանի բացմանը, որին այնքան երկար ենք սպասել:
-Իսկ ե՞րբ է նախատեսված բացումը, մի քանի ժամկետ կարծես թե հայտարարվեց, բայց այդպես էլ …
-Ամեն իրի, ամեն առարկայի հետեւից մի քանի անգամ գնում ենք, դրա համար էլ անընդհատ չի ստացվում ավարտել համապատասխան իրերի հավաքումն ու կահավորումը: Որոշեցինք, որ բացումը կանենք հենց Սահյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարության օրը, որին ներկա կլինի ամենայն հավանականությամբ նաեւ երկրի ղեկավարը:
-Պարոն Առուստամյան, մտավախություն չունե՞ք, որ հետո շատերը կփորձեն, եթե արդեն չեն փորձում, իրենց անունը կապել տուն-թանգարանի ստեղծման հետ, ինչպես հաճախ է պատահում հիմա մեզանում:
-Դե՝ հենց Համո Սահյանին «տեր են էլի կանգնել»՝ իրենց համար փառքի հասել, երբ Սահյանն արդեն Սահյան էր: Բայց մինչ «Սահյանի Սահյան լինելը» Կիմ Հովհաննիսյանն էր նրա մոտ, իսկ այսօր այդ մասին չեն էլ հիշում: Իհարկե, տուն-թանգարանի ցուցասրահներում մենք այդ «բացն էլ կլրացնենք»:
-13 տարվա Ձեր համառ պայքարն այլեւս արդեն իրողություն է:
-Կարեւորը դա է, մնացածը երկրորդական է, թե ով ինչ կասի, ում  կվերագրեն:
-Որպես համայնքապետ, Ձեր խնդիրները համարում եք սպառվա՞ծ՝ այս կարեւոր հարցի լուծմամբ:
-Ընդհակառակը, հիմա ավելի շատ են խնդիրները, որովհետեւ Սահյանի ծննդավայրի համայնքապետ լինելը նաեւ մեծ պատասխանատվություն  է, քանի որ ավելի շատ մարդիկ են հիմա Լոր գալու, ավելի շատ միջոցառումներ են լինելու եւ պիտի պատշաճ ընդունել ու ճանապարհել բոլորին:
-Իսկ որպես համայնքապետ, որպես համագյուղացի, որպես Սահյանի պոեզիայի քաջագիտակ, ինչում համոզվեցի, տուն-թանգարանի ստեղծմամբ քո պարտքը համարում ես ավարտվա՞ծ:
-Սահյանը սկսվում է Լորով, շարունակվում է Լորով, հարատեւելու է Լորով: Բացի այն, որ նրա պոեզիայի ակունքը Լորն է, 20-ից ավելի բանաստեղծություն ունի նվիրված միայն Լորին: Բա Լո՞րը նրան ինչ է նվիրել: Այս տուն-թանգարանը համարում եմ Լորի նվերը Սահյանի ծննդյան 100 ամյակին:
-Սահյանի ամյակները պատշաճ կարգով չնշելը երբեմն «արդարացնում են» հեռու լինելու պատճառաբանությամբ…
-Բայց՝ ինչի՞ց է հեռու… Գուցե այդպես ասողնե՞րն են մեզնից հեռու:
Տուն-թանգարանը դեռեւս չի գործում, բայց անգամ հիմա այցելուներ ունենք: Վերջերս եկան Սիսիանի ավագ դպրոցի աշակերտները, եկել են Երեւանի՝ Սահյանի անվան դպրոցի կոլեկտիվը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները: Հետո ավելի շատ են գալու:
-Իսկ ճի՞շտ է, որ ասում են՝ Սահյանին չեն գնահատում հենց լորեցիները:
-Մի սերունդ կար, որ Սահյանին ընկալում էր որպես գյուղի եւ գյուղացիների համար «հարց լուծող»: Սահյանը իսկի իր հարցերը չէր լուծում, ուր մնաց… Բայց կամա-կամաց այդ սերունդն էլ հասկացավ, որ Լորի համար ինչ արել է, Սահյանն է արել՝ այդպես հնչեղացնելով ու հնչեցնելով Լորի անունը: Դրանից ավել ի՞նչ աներ…
Իսկ նոր, ներկա սերնդի համար Սահյանն այն է, ինչ՝ բոլորիս, գուցե եւ՝ ավելի, որպես նրա հայրենակից ու համագյուղացի: Դպրոցում բացվել է Սահյանի անվան դասարան, ձեւավորվել է անկյուն, Գետիկ Բաղդասարյանի՝ Սիսիանում տեղադրված քանդակի մանրակերտը իմ խնդրանքով հեղինակը նվիրել է դպրոցին:
-Բոլորս սպասում ենք Սահյանի ծննդյան 100 ամյակին, իսկ Լորաձոր բերող ճանապարհները, մեղմ ասած, անմխիթար են ու ահավոր: Մի քանի տաքսու վարորդ, իմանալով, որ Լոր ենք գնում, հրաժարվեց պատվերից՝ վատ ճանապարհների պատճառով:
-Չեմ առարկում Ձեզ, բայց չեմ էլ կարծում, թե այն խոչընդոտ կլինի Սահյանի ծննդյան 100 ամյակը պատշաճ նշելու համար, մանավանդ, որ երկրի նախագահի մասնակցությամբ պիտի լինի: Իսկ գուցե եւ մինչ այդ ինչ-որ բան արվի…
-Լավ, 100 ամյակը նշեցինք, հետ՞ո…
-Հետո՝ գյուղն իր դռները հո չի՞ փակելու: Գյուղն իր տեղում է, տուն-թանգարանն իր տեղում: Մենք կշարունակենք Սահյանով ապրել, Սահյանը՝ մեզնով ու յուրաքանչյուրով…

Զրույցը՝ Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ
30.11.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *