ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ – 100. ԱՌ ՔՈ ԹԵՎԵՐԻՆ, ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Համո Սահյանը հայ բանաստեղծական արվեստի ակնառու գագաթներից է: Նա ներկայացուցիչն է գրական այն սերնդի, որը բուռն ժայթքումներ ունեցավ: Համո Սահյանը՝ այդ ժայթքումներից մեկը, մուտք գործելով գրական աշխարհ, հենց ի սկզբանե ստեղծեց պոեզիայի՝ իր բանաձեւը՝ զարմանալիորեն տաք, անկրկնելի բանարվեստի յուրօրինակ ատաղձով, քարակոփ պատով եւ մասրենիների քնքուշ բույրով: Նրա ստեղծագործության համար բանալի կարող է ծառայել հետեւյալ երկտողը.

Առ քո թեւերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:

Կամ՝ տեղին է բանաստեղծի տագնապը, որովհետեւ գրողի համար ամենակարեւորը ժամանակի հետ համընթաց քայլելն է, ժամանակի հույզերով ու մտորումներով ապրելը, նրա կերպարի ստեղծելը իր ամբողջ կատարելությամբ, բնաշխարհի բովանդակ համադրությամբ:
Համո Սահյանը ժամանակի հարցադրումներին տալիս է սպառիչ եւ ամփոփիչ պատասխան եւ միանգամայն, հարազատ մնալով դարի որակումներին, ստեղծում լիակատար եւ շռնդալից քաղաքացիական պոեզիա, որի ինքնատիպությունը դասական բանարվեստի վճիտ ակունքներից բխող նեկտարի, մատուցման նորագույն ձեւի եւ գրական այն բացառիկ կուլտուրայի արդյունք է, որով բանաստեղծը դիմում է իր ընթերցողների մտքին ու սրտին: Նրա համար խորապես մարդկային ու հասկանալի է հնչում նրա՝ ամենքի վրա ոչ մի օրով չծանրանալու մտավախությունը:
Կյանքն ընկալելով որպես հարատեւության շարունակվող ճանապարհ եւ մի հյուլեով անգամ չծանրանալով նրա վրա, Խաչիպապի հարազատ թոռն ու արյունակիցը անմարդկային հոգսերի բեռը կամովին առած իր ուսերին, խորին անհանգստություն ու տագնապ է հնչեցնում մոլորակի անվթար շնչառության, մարդկության բախտի ու ապագայի համար:
Սակայն ծնկներս դողում են անվերջ մեր հոգանահանճար, բայց խեղճ ու անճար այս մոլորակի անվախճանության վախճանի ահից:
Համո Սահյանի փիլիսոփայության ծալքերը նահապետորեն իմաստուն են, մանկականորեն` պարզ եւ առավոտների պես` բարի:
Նրա հայրենիքը սկիզբ է առնում «սարերով լիքը երկինք, երկնքով լիքը ձորեր» ունեցող, արեւահայաց եւ արեւամոտ Լորաձորից, ապա ծավալվում, հզորանում եւ դառնում անեզրական, բազմազգ հայրենիք:
Եվ բնական է նաեւ, որ Սահյան-բանաստեղծն ամեն անգամ հեռուներից վերադարձող որդու երկյուղածությամբ ու կարոտի անսպառ պաշարով բեռնավորված՝ գալիս է դեպի հայրենական տուն եւ իր հետ բերում է իր հոգնությունը, իր տխրությունն ու թախիծը, պռնկեպռունկ իր լցվածությունը եւ ամեն անգամ վերադառնում՝ թեթեւացած ու սփոփված, իր հետ առած  լույս ու ջերմություն, ծվեն-ծվեն երազանքներ, ծվեն-ծվեն բազմերանգ հուշեր, հարստանում նորից՝ հարստացնելով նաեւ բազմադարյան հայ պոեզիան:
Սահյան արվեստագետը ներթափանցում է մարդկային հոգու խորքերը, հասնում զուլալված զգացումների ոլորտը եւ դրանք լուսաշխարհ հանելով՝ պարզում բովանդակ աշխարհի ու արեւի դեմ՝ որպես կատարելության ճշմարիտ մարմնացում ու լինելիության հաստատում:
Այդպես է բանաստեղծը օգնում ապրել, այդպես՝ նա դուրս է բերում քեզ առօրեական հոգսերից, առաջնորդում դեպի արեւ բուրող «ձյունագես բարձունքները», որտեղ տիրում է նախաստեղծ մի մաքրություն, որտեղ «մոլորակներ են բախվում ճակատիդ», եւ դու սովորում ես մոլորակների լեզուն, որտեղ երկնքի շնչից մասրենիներ են դալարում, բայց ոչ մի անգամ երկնքի երես չեն տեսնում:

Ֆլորա ԱՐՄԵՆԱԿՅԱՆ
(«Որոտան» 1984 թ.)  


ՅՈԹ ՀԱՐՑ, ՅՈԹ ՊԱՏԱՍԽԱՆ

vorotan23042014-3-Յուրաքանչյուր բանաստեղծության ծննդի հետ դատարկվում եք մի պահ, ապա լցվում՝ նորից դատարկվելու համար: Ո՞ր պահն է ձեզ հաճելի:
-Ինքն իրենից ազատվելու պահը: Դա ամենահաճելի, ամենաբարձր կետն է, բոլորից բարձրագույնը:
-Ձեզ եւ Խաչիպապ պապին մեծ ժամանակահատված է բաժանում: Ո՞րն է ընդհանուրը, կապողը Ձեր միջեւ, չէ՞ որ Դուք էլ եք արդեն պապ:
-Վերաբերմունքը աշխարհի, աշխատանքի, մարդու նկատմամբ:
-Ասում եք՝ ինչ որ Ձեզ է հասել, դրանից էլ գոհ եք: Ինչ որ Ձեզանից մեզ է հասել, մենք էլ դրանից ենք գոհ: Իսկ Դուք մեզ տվածից գոհ ե՞ք:
-Ոչ: Մարդուն, որ տարիքում էլ լինի, թվում է, թե պիտի շատ բան արած լինի, սակայն դեռ չի արել: Ամեն մի տվածը նոր պարտքի հրամայական է: Նույնիսկ լավի կատարյալը հրամայական է դառնում նորը զգալու, նորը տալու համար:
-Ձեր ստեղծագործությունները դժվար թարգմանվող են, քանի որ ինչքան պարզ, նույնքան էլ բարդ են: Ինչպե՞ս եք ընդունում Ձեր ստեղծածն ուրիշի թարգմանությամբ:
-Պատկերավոր մտածողությունը բանաստեղծություն չէ: Բառը, զգացմունքը թարգմանվում են, բայց բանաստեղծի լեզուն չի թարգմանվում: Բառի թարգմանությունը ավերել է նշանակում: Պատկերացրեք՝ մեկը քարը տաշում է, որպեսզի իր տան պատը շարի, իսկ մեկ ուրիշը գալիս է ու ոչ այդ քարերով է պատը շարում:
Բանաստեղծության տրամադրությունն ավելի շատ բան է, քան նրա բովանդակությունը, միտքը: Իմ բանաստեղծության մի բառը եթե իր տեղում չէ, տարիներով նստում մտածում եմ, թե ոնց գտնեմ այդ բառը: Թարգմանվելով բառերը փոխվում են, մինչդեռ՝ չթարգմանված բառն իր հետ շատ բան է բերում:
-Սովետահայ երիտասարդական պոեզիան ինչպիսի՞ ճանապարհով է գնում:
-Որոշները գնում են իրենց պապերի ավանդներով, մյուսներն էլ ինքնահաստատման համար ինչ-որ կռիվ են անում: Բանաստեղծական ինֆորմացիան այլ բան է: Շատերն ասես ցավ չունեն, ասելիք չունեն, ուրիշի ցավով ու ցիտատներով են հանդես գալիս:
-Դուք Որոտանի եզերքից հասնում եք Հարդագողի պուրակներն ու նորից վերադառնում նույն հարազատ ափը: Ի՞նչ խորհուրդ եւ իմաստ ունի այդ ճանապարհը:
-Հարդագողի հոգսերն եմ բերում Որոտանի ափ:
-Ձեր ծննդյան 60 ամյակի առթիվ Սիսիանում ելույթ ունենալով ասել եք, որ շնորհակալ եք ճակատագրից: Տաս տարի անց Ձեր կարծիքը չի՞ փոխվել:
-Երբե՛ք: Եթե աշխարհում մի բան կա, որից պիտի շնորհակալ լինեմ, ճակատագիրն է, նույնիսկ՝ բախտից առավել: Բախտն ու բնավորությունը նույն բանն են, իսկ ճակատագիրն ավելի բարդ է:

Միշա ՂԱԶԱՐՅԱՆ
(«Որոտան» 1984 թ.) 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *